Նարեկ Կոսմոս. Կապույտ կիրակիներ

Նարեկ Կոսմոս. Կապույտ կիրակիներ

***
թող մեկը 
վիրահատարանի դուռը բացի
ու ինձ ասի,
որ նման դեպքերում
գրականությունն անզոր է...
ու անց քսանյոթ
թող մահանան բոլոր հանճարները
թմրադեղից ու գրականությունից...
պարզապես, թող 
կիրակիս մնա
մեր ծույլ կարոտի տրամադրության տակ...
պարզապես, թող
կատարվի ամեն բան,
ամեն հասարակ կարոտ....
հավատա ինչքան էլ 
անձրեւը կտրվի գալու քննությունից
մի օր գալու է,
մի օր չի կտրվելու...
ու գործարանային խողովակներից
հոսող լիմոնադի պես
գունավոր ու անմեղ...
դեռ չխմված օղու պես
անհանգիստ...
ես կարոտելու եմ մեր չապրած օրերը...
(շունչ)
ու էսօր,
երբ աշխարհում 
միայն երգեր գրող 
իմ բարդ ձեռքերն են մնացել 
պարզում եմ քեզ
պարզում եմ քեզ...
դու անպարզ ու անմեղ 
դու աննկատ ու չեղած...
(շունչ)
գիտե՞ս,
երբեմն բանաստեղծական հաբերն
օգնում են
ու երբեմն խանգարում,
երբ գրած-չգրածս
լինել-չլինելուդ մասին է,
բայց 
միեւնույն է
թող վիրահատարանի 
դուռը չբացվի 
ու ինձ չասեն,
տղա է թե աղջիկ,
մեկ է
ես սիրում եմ
բանաստեղծությունը էս...
(շունչ)
բայց վախենամ
չհասցնել
մի քանի տողում
քեզ հասցնել...
դու իմ անպարզ ու անմեղ
դու իմ աննկատ ու չեղած...
ծածկվիր 
բառերովս
ու մնա
մնա ինչքան էլ 
գնալդ բնավորություն է...

***
ինձ թող,
թող դատարկ լողավազանում
ու ես կխեղդվեմ դատարկությունից...
թող ինձ նվագի Համասյանը,
ու տես ինչքան սիրուն եմ լսվում...
դու ձախողված ավտոստոպն ես իմ,
որ էդպես էլ ինձ տուն չհասցրիր...
ես հոգնել եմ քեզ
ես վատնել եմ քեզ իմ մեջ
սխալվել եմ քեզ երեկ...
ու առավոտ կանուխ,
երբ փակեցին դռները
արեւ վաճառող դեղատան,
հասկացա,
էս փնթի մթության մեջ
ես լրիվ չեմ
ես էլ լրիվ չեմ...
ինձ ծախեցին երեկ
իսկ էսօր նվիրում են...
իմ ժամկետն անց
հիասթափությունը կյանքից,
էսօր դարձել է
լռություն...
ես խաղացել եմ քեզ
ծիծաղել եմ քեզ
իսկ հիմա
վախենում եմ քեզ...
հիմա
վախենում եմ քեզ…
ես տանուլ եմ տալիս
խաղը, որ կոչել եմ դու,
քեզավորված դատարկությունը,
որ կոչել եմ դու...
ու մեկն էլ արեւ չի վաճառում էսօր,
չէ որ էսօր ամեն ինչ նվիրում են...
մնացել եմ ես...
մենակ ես...
փաստորեն ինձ էլ նվիրել են մենակությանը...
ես խոսել եմ քեզ
դուերենիս սպառված բառապաշարով...
ու լքել քեզ,
ինչպես լքում են մեզ կիրակիները,
կապույտ կիրակիները կյանքի…

***
արդեն երկար ժամանակ է
քո լռությունն ինձ հետ դու-ով է խոսում...
ափիդ գծերով
հոսում է ափիս շփումը,
որ ամիսների հնություն ունի...
ու իմ տետրում
բանաստեղծությունը
գրվում է քո մատի խորքից...
այծիկներս եկել են
քո մասին գրված
երկու տողի հետեւից
այծիկներս
եկել են, որովհետեւ գնալու տեղ չունեն...
ո՞ւր գնան…
չգիտեմ իրոք...
կարոտս լացում
ու մատներդ թրջվում են
իսկ դու կարոտիս
թրջված մատների արանքով
նայելուց չե՞ս հոգնում...
քո մատն ամեն ինչում
խառն է...
քո մատը խառնվել է
մատներիս…
երեւի սա ամենասիրուն բանն է
որ տեսել եմ...
ու չնայած ես լռությանդ հետ
մինչեւ հիմա դուք-ով եմ խոսում...
մի մեծ դադար
մտքերս կապելու համար...

իմ ձեռքում մնում են նույն
ոչ մի տեղ չտանող
ժետոնները
որ լացում են
իրենց գազարագույն
արցունքներով...
գուցե համակերպվեմ
որ իմ քաղաքում մետրո չկա
գուցե համակերպվեմ
որ արդեն
զառանցում եմ
քո ու իմ փնտրած դուի մեջ...
խճճվիր
էս բանաստեղծությանս
մեկ է արդեն սովոր եմ
կծիկներ քանդել
ու արդեն սովոր եմ
կատու բառին…
անհավատարիմ
ու սիրուն բառին...

***
երբ այրում եմ մենակությունս
քո հոտն է ընկնում սենյակում... 
հիշողությունս շպրտում եմ
անտարբերության դարակում
ու հաշվում ծառերը 
մեր քաղաքապետարանի կողմից
անվերջ կտրվող…
օրը մի ծառ պակասում է…
ու արդեն 
օրերս ծառերով եմ հաշվում....
մի քանի ծառ առաջ
գուցե իմն էիր 
ձեր կորած
թաղամասից 
կրակվող մտքերիդ մեջ կայի…
մի քանի ծառ առաջ 
դեռ ստել չգիտեիր 
իսկ հիմա,
ասում ես ամեն ինչ կարգին է…
մի քանի ծառ հետո 
գուցե մյուս
բանաստեղծությանս մեջ 
հանդիպենք
ու խոսենք չկտրվող ծառերի մասին…

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ