Այս նկարը դեղ է՝ ոգու բարձրացման

Այս նկարը դեղ է՝ ոգու բարձրացման

Այս նկարը որպես ուժի խորհրդանիշ եմ տեղադրել։ Հայի ուժի, ոգու, խորհրդանիշ։ Մեր հայկական դրոշը ծածանվում է կիսալուսիններից վեր։ Կարևոր չէ, որ մեր տղան երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Կարևոր չէ նրա անունը։ Կարևորն այլ բանի մեջ պիտի փնտրել․ նա հայ է և աշխարհում հայի անունը, Հայաստանն իր ուժով, իր մշակույթով անընդհատ բարձրաձայնվում է։ Հայի անունը մաքուր ոսկու պես շողշողում է։ Կարևորն այն է, որ հայը չի վախենում «ցուլերից» ու իր երկրի դրոշը բարձրացվել է նրանցից վեր։

Այս դժնդակ օրերին, երբ անընդհատ խոսվում է մեր Սահմանադրությունը, գերբը, զինանշանը փոխելու մասին, երբ Հայոց պատմությունը խեղաթյուրվում ու մեր ինքնությանն ու արժանապատվությանն են տրորում, այս նկարը դե՜ղ է ժողովրդի համար։ Դեղ է՝ ոգու բարձրացման, ինքնության վերահաստատման, որը վերջին վեց տարիներին տրորվեց՝ հայի արժանապատվության հետ։ Մեր ողջ պատմությունը կենդանի մնալու, պայքարելու, ընդվզելու փորձ է։ Նանսենը զուր չի գրել․ «Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ»: Վախկոտի համար, ինչպես Սերվանտեսն է ասում․ «Պատին դեմ տված կատուն վերածվում է վագրի»: Ցուլի մասին էլ չասեմ։ 

Երեկ, երբ նայում էի այս նկարը, բարձրացված հայոց դրոշը, մտածեցի՝ հայեր, մենք կենդանի պիտի մնանք, մենք պիտի գոյատևենք, մենք կանք, մենք հաղթանակներ ունենք, պետություն, դրոշ ունենք։ Այդ դրոշի, հաղթանակի շուրջ պիտի համախմբվենք։ Մենք քաջության, արիության քառուղիներով ենք անցել։ Այս տղերքը, որոնք Հայոց դրոշն են բարձրացնում, Եռաբլուրում ծածանվող տղաների ոգու ուժն են բարձրաձայնում՝ «էս դիրքը հանձնողի մերը»։