«Վ․Սիրադեղյան-Վահան Հարությունյան՝ գումարած մյուսներ» քրգործով հումանիզմի «ենթարկված» անձանցից ով որտեղ հայտնվեց

«Վ․Սիրադեղյան-Վահան Հարությունյան՝ գումարած մյուսներ» քրգործով հումանիզմի «ենթարկված» անձանցից ով որտեղ հայտնվեց

Հոկտեմբերի 22-ին «Գրական թերթը» լույս տեսավ հետևյալ առաջնորդողով․

«Վտարանդիության մեջ, որպես քաղաքական հալածյալ, իր մահկանացուն կնքեց հրապարակախոս, ՀԳՄ անդամ, քաղաքական-պետական գործիչ Վանո Սիրադեղյանը»։ «Գրական թերթի» վերջին համարում տպագրված է նաև Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքը։

«Հրապարակը» անդրադարձել էր մեռածների հետևից անիծելու, հայհոյանքներ տալու զազրելի երևույթին և հենց այդ նյութի տակ մեկնաբանություններ էին, թե ինչպես կարելի է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հանցագործին արդարացնել և այլն։ Նաև ինչ-որ հղումներ էին Վանո Սիրադեղյանի հանցագործությունների մասին առ այսօր պատմող ինչ-որ «կենդանի վկաների» մասին։

Հատուկ նրա գրառումների հեղինակների համար ներկայացնում ենք, թե ինչ պայմաններում է 2000 թ․ ընթացել «Վանո Սիրադեղյան-Վահան Հարությունյան գումարած մյուսներ» քրեական գործով դատաքննությունը և դատարանի արձակած վճիռը։ Նախ, դատարանում մեղադրողների աշխատանքը համակարգող նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ տվյալ գործում դատախազությունը առաջնորդվել է պատժի անհատականացման սկզբունքով և հումանիստական մոտեցումներով։  

Մասնավորապես, մեղմ պատժի կիրառում էր սահմանվել Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տված Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի նկատմամբ։ Պաշտոնապես էլ ասվում էր, որ դատախազությունը հումանիստական մոտեցում է ցուցաբերել մի շարք մեղադրյալների նկատմամբ։ Այդ մոտեցմանն արժանացել էին մի շարք այլ անձինք, իսկ, օրինակ, Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտված Արմեն Տեր-Սահակյանի և Ալիկ Գրիգորյանի հանդեպ որևէ հումանիզմ չցուցաբերվեց։ Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը, որը որևէ ցուցմունք չէր տվել Սիրադեղյանի դեմ, միայն անցյալ տարի ազատ արձակվեց, 2018 թվականին վաղաժամկետ ազատման իր անվերջանալի դիմումներից մեկի քննարկման ժամանակ ասել էր․ «Մարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած, թեև ցուցմունք չտալու համար երեք տարի են տալիս»:

Իսկ Վահան Հարությունյանի նկատմամբ հումանիզմը պայմանավորված էր «նախաքննության եւ դատաքննության ընթացքում նրա ակտիվ դերակատարումով՝ հանցագործության բացահայտման հարցում»:

Փաստաբան Ռուբեն Սահակյանն այն ժամանակ պատասխանելով ՀԺ-ի թղթակից Ժաննա Ալեքսանյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ Հարությունյանն ազատ արձակվի հենց դատարանի դահլիճից, ասել էր՝ «շատ հնարավոր է»։ «Սա նախադեպ կլինի, եւ այս պրակտիկան կկիրառվի նաեւ հետագայում: Շատ կարեւոր է, երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը օգնում է գործի քննությանը»,-այն ժամանակ ասել էր Սահակյանը։

Հիշեցնենք՝ Վահան Հարությունյանը ասել էր, թե սպանության հրամաններ տալիս՝ հրաման էր կատարել եւ որպես զինվորական՝ պետք է այդ աներ: «Այս դատավճռով, ըստ էության, հիմք է ստեղծվում նոր սպանությունների համար: Ով ում ուզենա՝ կխփի, հետո էլ կհայտարարի, թե հրաման է կատարել: Ու «հրամայողի» անունը տալով՝ կօգնի նախաքննությանը»,-գրել էր այն ժամանակ ՀԺ-ի թղթակից Ժաննա Ալեքսանյանը։ 

Ազատության մեջ գտնվելուց հետո Վահան Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթում հերքել էր, թե հանուն մեղմ պատժաչափի իշխանությունների հետ գործարք է կնքել՝ շինծու ցուցմունքներ տալով Վանո Սիրադեղյանի դեմ։ Մասամբ հերքել և մասամբ հաստատել էր, որ «2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սարի թաղում ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը: «Երբեք շտաբի պետ չեմ եղել: Այո, շատ բան եմ արել, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի: Որովհետեւ՝ ով ինչ ուզում է ասի, այդ մարդը շատ բան է անում, հատկապես Ղարաբաղի հարցում»,-ասել էր նա։  

«Այսօրվա մեր օրերում Վանոյի պես մարդ է պետք, պինդ մարդ: Ինքը ուժեղ նախարար էր, շատ ուժեղ նախարար էր, ու հիմա նրա նման մարդու կարիք կա: Շատերը ասում են, թե Վահանը Վանոյին դավաճանեց: Դա սխալ է: Դեռ հարց է՝ ով ում դավաճանեց: Թե՞ պետությունը մեզ բոլորիս դավաճանեց: Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ», - ասել էր Վահան Հարությունյանը:

Համաներմամբ ազատ արձակված Վահան Հարությունյանին դրանից տասը տարի հետո՝ 2014թ․ Սերժ Սարգսյանն էր պարգևատրել էր Մարտական ծառայության մեդալով։ Ինչևէ՝ մյուսների գործով․ դատախազության դրսևորած «հումանիզմի» արդյունքում՞ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին գործով անցնող 5 մեղադրյալներ՝ Հայկ Աղաջանյանը, Երանոս Մելքոնյանը, Մուրադ Դաշտոյանը, Մկրտիչ Առաքելյանը և Գագիկ Պետրոսյանը․ նրանց համար որպես վերջնական պատիժ դատարանը նշանակել էր  2,5 տարի ազատազրկում, ապա կիրառելով համաներում՝ հիշյալ անձինք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից: Ինչ վերաբերում է Մկրտիչ Առաքելյանին, որի համար դատախազությունը միջնորդել էր 9 տարի ազատազրկում եւ որը ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ հետագայում  Մկրտիչը անսպասելիորեն սկսեց տնօրինել  ֆիզգոռոդոկի թենիսի վճարովի կորտերը։Այս Մկրտիչ Առաքելյանը հետագայում դարձավ կարկառուն հանրապետական և ղեկավար պաշտոններ ուներ Աջափնյակի ՀՀԿ կառույցում։