Կվճարես 3 միլիոն դոլար, կամ կնստես 12 տարի․ ադրբեջանցի գեներալը՝ գործարարին․ նոր  սկանդալ Ադրբեջանում

Կվճարես 3 միլիոն դոլար, կամ կնստես 12 տարի․ ադրբեջանցի գեներալը՝ գործարարին․ նոր  սկանդալ Ադրբեջանում

Ադրբեջանում նոր կոռուպցիոն սկանդալ է սկսվել, որի կենտրոնում հայտնվել է այդ երկրի լուծարված Ազգային անվտանգության նախարարության Քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ –մայոր Մովլամ Շախալիեւը։ Գեներալը ներկայումս իր մի քանի ենթակաների հետ դատվել է ժամանակին կոռուպցիոն գործերով, սակայն ի հայտ են եկել նոր մանրամասներ, եւ գեներալը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ըստ ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերի, գեներալ Շախալիեւի հանցավոր գործողությունների հերթական զոհը եղել է գործարար Նիզամի Քյազիմովը, ումից Շախալիեւի ենթակաները երկու միլիոն մանաթ են շանտաժով եւ սպառնալիքներով վերցրել։ Նախիջեւանից 1992 թվականին Բաքու տեղափոխված Քյազիմովը զբաղվել է Ռուսաստանից եւ Ուկրաինայից բերված շինանյութերի եւ սննդամթերքի մեծածախ վաճառքով։ 2008 թվականին նա անանուն զանգ է ստանում եւ նրան հրավիրում են ԱԱՆ։ Այնտեղ նրան նախ հարցուփորձ են արել 1,12 միլիոն դոլարի հասնող գումարի՝ «Texnikabank»-ի հաշվին փոխանցման մասին, իսկ հետո էլ նրան կալանավորել են երեք ամսով, խարդախության մեղադրանքով։ Կալանքի ընթացքում էլ քննիչները բազմաթիվ անգամներ կանչել են նրան ու պահանջել վճարել երեք միլիոն մանաթ, որպեսզի նրա հանդեպ հարուցված քրգործը փակեն, այլապես բանտարկվելու է տասներկու տարով։ Ըստ գործի նյութերի, գեներալն ու նրա ենթակա քննիչները սակարկել են նույնիսկ եւ պահանջած գումարի չափը նվազեցրել մինչեւ երկու միլիոն դոլարի, սակայն մերժում են ստացել։Ի հայտ եկած մանրամասներում ներկայացված են, թե ինչպես է ադրբեջանցի գեներալն ու նրա ենթակա քննիչները ի վերջո կարողացել կորզել բավականին խոշոր գումարներ գործարարից, նրան պահելով բանտում, եւ նույնիսկ հաշվի չառնելով առողջական վատացած վիճակը եւ չնայած դիաբետի առկայությանը, նրան կերակրելով քաղցրեղենով ու այնպիսի սննդամթերքով, որը արգելված է այդ հիվանդությունն ունեցողների համար։ Ուշագրավ է այն, որ ներկայացված դեպքերը տեղի են ունեցել արդեն Իլհամ Ալիեւի նախագահության օրոք, երբ իննսունականների բարքերը, կարծես թե արդեն պետք է վերացած լինեին։