Սա նախորդ իշխանության ժամանակ առաջ տարվող գիծն է

Սա նախորդ իշխանության ժամանակ առաջ տարվող գիծն է

Շաբաթ օրը հաղորդագրություններ ստացանք կառավարությունից եւ պաշտպանության նախարարությունից, որ նախ վարչապետը, ապա պաշտպանության նախարարն ընդունել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Ողջունել են հյուրերին, կարեւորել սփյուռքյան կառույցների ակտիվ դերակատարությունը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում, Մայք Խարապյանն էլ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունն ինչպես նախկինում, այժմ էլ հետամուտ է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը եւ պատրաստակամ է բանակ-հասարակություն փոխգործակցության շրջանակում հանրային բնույթի ծրագրերի իրականացման հարցում։ Մեզ հետաքրքրեց, թե ինչու ռամկավարների մեջ չկար հայաստանյան կառույցի գեթ մեկ ներկայացուցիչ։ Մեզ ասացին, որ պաշտոնական ընդունելության է արժանացել իրենց ռամկավարներ անվանող խումբը, որոնց չեն ճանաչում ոչ միայն Հայաստանում գրանցված ռամկավարները, այլեւ սփյուռքյան կառույցների հիմնական մասը եւ ամենաազդեցիկը՝ լիբանանյանը։ Զրուցել ենք ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի հետ։

- Ինչո՞ւ ՌԱԿ տեղական կառույցից որեւէ մեկը ներկա չէր այդ հանդիպումներին։

- (Ծիծաղում է) Տեղական կառույցը չկար, որովհետեւ նրանք ինքնակոչներ են, եւ նրանց են ընդունում։ Ի՞նչ կարող ենք անել։ Չունենք որեւէ բացատրություն, թե ինչից դրդված են նրանց ընդունում։ Ըստ երեւույթին, նպատակ ունեն պառակտելու կուսակցությունը։ Չգիտեմ։ Ամեն պարագայում, Հայաստանում գրանցված եւ 28 տարի գործող կուսակցությունը կա, եւ ավելին ասեմ՝ սփյուռքյան բազմաթիվ կառույցներից կան ներկայուցուցիչներ, որոնք մաս են կազմում կուսակցությանը։ Եվ մենք 16 թվականին հայտարարել ենք, որ ՌԱԿ-ը հայաստանակենտրոն է։ Սա կենտրոնախույս մի քանի հոգի են։

- Ինքնակոչ եք նրանց անվանում՝ Ռամկավար ազատական կուսակցության հետ որեւէ կապ չունե՞ն։

- Ոչ, ոչ մի կապ չունեն։ Մենք չենք ընդունում իրենց կենտրոնական վարչություն լինելը։ Ռամկավարներ են, որոնք տարբեր երկրներում հավաքվել են․․․ նախկին իշխանությունները սրանց քաջալերում էին, ընդունում էին՝ ի հեճուկս մեզ, նոր իշխանությունները շարունակում են։

- Իրենք գրանցվա՞ծ չեն։

- Իրենք ոչ մի տեղ, ոչ մի երկրում գրանցված չեն։ Առհասարակ, մեր ավանդական կուսակցություններն արտասահմանում գրանցված չեն ոչ մի երկրում։

- Սփյուռքի Դաշնակցության հետ էլ Հայաստանի իշխանությունները մեծ ջերմությամբ շփվում են, բայց ներսում՝ ոչ, դրսի դաշնակցականներն էլ պաշտպանում են իշխանություններին, ներսիններն ընդդիմություն են։ Այսինքն՝ կարելի է ասել, որ նույն մարտավարությունն էլ նաեւ ռամկավարների՞ պարագայում է։

- Ախր, նրանց չեմ կարող կոչել որպես կազմակերպություն, որովհետեւ հավաքովի մի քանի մարդիկ են, որոնք անցյալ տարի եկան 17 հոգով, 19 հոգանոց վարչություն ընտրեցին Հայաստանում՝ այստեղ իրենց ժողովը գումարելով։ Հիմա․ Բեյրութն իրենց չի ենթարկվում, ԱՄՆ արեւելյան շրջանը՝ Նյու Յորքից մինչեւ Կանադա, չի ենթարկվում․․․ չի ճանաչում։ Իրենք իրենց ժողովը գրավիչ դարձնելու համար Հայաստանում արեցին, դա իրենց քաղաքականությունն էր, ընդունվեց այս պաշտոնատար անձի կողմից, այն․․․ նկարվել․․․ ինչպես իրենք են ասում՝ պատկեր մը քաշիլ եւ դա ներկայացնել որպես ընդունված ինչ-որ մի բան։

- Իրենց գաղափարական հայրն ո՞վ է։

- Եթե կա գաղափարախոսություն, չգիտեմ, բայց ժամանակին՝ Բուենոս Այրեսից Սերխիո Նահապետյան անունով մի անձնավորություն, որը վերջին նշածս ժողովի ժամանակ դուռը շրխկացրեց, դուրս եկավ։ Իսկ այդ խմբից Մայք Խարապյանը փորձում էր էդպես խառը բաներ անել։
Բացի այդ, իրենք ոտնձգություններ են անում մեր դեմ, եւ չգիտեմ՝ տեղյա՞կ եք՝ մեր դեմ դատական գործ էին բացել եւ Հայաստանի երեք ատյաններում, որ մենք մեր անունը փոխենք, մեր զինանշանը, մեր դրոշը, բայց Հայաստանի դատարանները գտան, որ անհիմն է իրենց պահանջը, եւ այն անհետեւանք թողեցին։ Վերջինը վճռաբեկը որոշեց։

- Այնուամենայնիվ, նրանք Հայաստանի իշխանությունների հետ կապեր ունե՞ն։

- Ջերմացել են, ըստ ամենայնի։ Իշխանություններին էլ երեւի ձեռնտու է էդպիսի իրավիճակ ստեղծել։ Մի կողմից մեր կուսակցությունը փորձելով պառակտել, դրսի ու ներսի կապերը խզել տալով, մյուս կողմից էլ․․․ այդ խմբակն իրեն կազմակերպություն է հայտարարել եւ ուզում է, որ լավ հարաբերություններ ունենան։ Մեր իշխանություններն էլ՝ իրենց հետ։ Բայց նորից եմ ասում՝ սա նախորդ իշխանության, հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ առաջ տարվող գիծն էր։