«Հրապարակ». Կոնսերվատորիան վերջնագիր ներկայացրեց

«Հրապարակ». Կոնսերվատորիան վերջնագիր ներկայացրեց

Այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակներում միավորվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը, մշակութային հանրությունը սկսեց տարբեր հարթակներում բողոքի ձայն հնչեցնել։ Առավել սուր են կրքերը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ երեկ ռեկտորատը «Համակոնսերվատորիական ժողով» էր հրավիրել, բայց, ի զարմանս մեզ, Կոնսերվատորիայի դռները փակեցին լրագրողների առաջ՝ թույլ չտալով ներս մտնել։ Բուհի գիտքարտուղարը դա բացատրեց նրանով, որ դա ընդամենը ներբուհական ժողով է, եւ լրագրողները տեղ չունեն այդ քննարկմանը։ Մեր դիտարկմանը, թե Կոնսերվատորիայի հարցը միայն ներբուհական հարց չէ, գիտքարտուղարը մնաց անդրդվելի։ Ակնհայտ է, որ լրագրողների ներկայությունն այս դեպքում գուցե խանգարեր Կոնսերվատորիա-նախարարություն ներքին պայմանավորվածություններին, հատկապես որ «Համակոնսերվատորիական ժողով»-ին ներկա էր նաեւ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։  

Ցանկացած դեպքում, լրագրողների առաջ դրված սահմանափակումը չաշխատեց, քանի որ դահլիճից բազմաթիվ երաժիշտներ ուղիղ եթեր մտան՝ այդպիսով հանրայնացնելով քննարկման մանրամասները։ 

Եվ, ուրեմն, Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կարծիքով՝ բուհերի միավորման շուրջ «ահավոր բորբոքումները» սկսվել են «թյուր տեղեկատվությունից», ուստի ուզում է պարզաբանել` բուհի վերանորոգվող հատվածում լսարաններին կից լոգասենյակներ չեն կառուցվում, շենքն էլ հյուրանոց չի դառնալու՝ անձամբ է գծագրերն ուսումնասիրել ու համոզվել, որ նման բան չկա։     

«Եթե թողնելու ենք գնանք ակադեմիական քաղաք, դա ո՞ւմ համար է վերանորոգվում»` ռեկտորից հետաքրքրվում է երաժիշտներից մեկը։ «Դա վերանորոգվում է մեզ համար, եւ Կոնսերվատորիան չի շարժվելու իր տեղից»,- վստահ հայտարարում է Ս. Հովհաննիսյանը եւ դարձյալ հորդորում` «կեղծ լուրեր չտարածել ու ավելորդ էմոցիաներ չշարժել»:
Հաջորդիվ, ուսանողներից մեկը Ս. Հայոցյանի համար ցիտում է հենց իր խոսքը, համաձայն որի՝ կա կառավարության հստակ հանձնարարականը, այն է՝ «ստեղծել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ», ըստ այդմ․ «Ի՞նչ է դա նշանակում. շենքը մնո՞ւմ է տեղում՝ Կոնսերվատորիա լինելով, շենքը մնում է տեղում՝ Կոնսերվատորիա չի՞ լինելու, Կոնսերվատորիան տեղափոխվում է եւ Կոնսերվատորիա չի՞ լինելու, թե՞ Կոնսերվատորիան տեղափոխվում է, եւ Կոնսերվատորիա լինելու է։ Այս 4 տարբերակներից ո՞րն է լինելու»։ Հարցին զարմանալի ձեւով ոչ մի հստակ պատասխան չի տրվում` կմկմոցից բացի, ինչն ավելի է հունից հանում ներկաներին, եւ ողջ դահլիճը սկսում է վանկարկել՝ «այո կամ ոչ, կոնկրետ պատասխան տվեք»:

Ներկաներից մեկն էլ նկատում է` ինչպե՞ս է ստացվում, որ երբ դեռ չգիտեն՝ Կոնսերվատորիան տեղափոխվելու է ակադեմիական քաղաք, թե ոչ, բայց արդեն գույքի կառավարման հանձնաժողով են ստեղծում։
Շփոթված Հայոցյանն իր խոսքը ծափերով ընդհատող կոնսականներին դիմեց․ «Եթե փերֆորմանս է, ես էլ ծափ տամ...»: Դահլիճը եւս մեկ անգամ ալեկոծվեց, երբ Ս. Հայոցյանը նշեց, թե շատերին գիտի, ովքեր ուզում են տեղափոխվել ակադեմիական քաղաք։ Ապա մանրամասնեց, որ վաղվանից նոր սկսվելու են աշխատանքային քննարկումները, որի ընթացքում կփորձեն հասկանալ, թե ինչպես են տեսնում միավորումը: Ու թեպետ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը բուհերի անուններ չտվեց, բայց նշեց, որ արվեստների կլաստերում լինելու են կատարողական արվեստը, թատրոն, կինո, գեղարվեստ, ինչն արդեն իսկ բավական էր հասկանալու համար, թե որ բուհերն են խոշորացվելու:

Կոնսերվատորիայի դասախոսներից մեկն իր խոսքում նշեց, որ ապագա սերունդները մեզ չեն ների սրա համար, ուստի հանդուրժող չեն լինի. «Մեր լուռ լինելը բերեց Արցախի կորստին, հիմա էլ վտանգված են Սյունիքի, Տավուշի գյուղերը, մի օր մտնելու են մեր տները, սա էլ մեր տունն է, ու դուք այսօր մտնում եք մեր տուն»։  

«Կառավարությունը գործ է ունենալու մեծ սկանդալի հետ, մենք մեր ձայնն ենք բարձրացնելու միջազգային հարթակներում, ոչ մի բուհ չունի այն լծակները, որ մենք ունենք, Կոնսերվատորիայի լեզուն ու ձեռքերը շատ երկար են ամբողջ աշխարհում։ Սարսափելի բան է սպասվում, եթե մեզ չլսեն»,- վերջնագրի տոնով հայտարարեց երաժիշտներից մեկը։ 

Միջնադարագետ Մհեր Նավոյանն էլ նշեց, որ, իր տեղեկություններով, վերջին անգամ Հայաստանում բուհ փակել են 1435-ին, երբ Ամիր շահի հրոսակները գրավել եւ հրի են մատնել Տաթեւի համալսարանը։ Ապա հավելեց, որ սրանով ոչ թե զուգահեռներ է անցկացնում, այլ ընդամենը հորդորում է, որ նորարարություններ անելիս հանկարծ չդառնանք Ամիր շահ. «Հանկարծ չգրավենք ու հրի չմատնենք մեր համալսարանները։ Կայացած օրգանիզմները երբ միավորում ենք իրար, անտրամաբանական խաչասերումներ են լինում»:   

Երաժիշտներից մեկի կարծիքով էլ սա ոչ թե կրթության բարելավում է, այլ մեր ազգի դեմ տարվող դիվերսիա։ «Մենք չենք կարող հավատալ մի կառավարության, որը մեր պատմական հայրենիքի մի մասը ճանաչում է որպես Ադրբեջան: Ինչպես սովետական ԿԳԲ-ն էր զննում Կոմիտասի դագաղը, նույնձեւ հիմա կռիվ է տարվում Կոմիտասի հոգու հետ։ Ով կհավատա այս կառավարության որեւէ խոստումին, նա այս ազգի գերեզմանափորն է»,- գրեթե գոչելով հայտարարեց հուզված տղամարդն ու ներկաների ծափերի ներքո հեռացավ դահլիճից: