Մանիպուլյացիա՝ փչացած հեռախոսի էֆեկտով

Մանիպուլյացիա՝ փչացած հեռախոսի էֆեկտով

Սկզբում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, իսկ երեկ արդեն Նիկոլ Փաշինյանը մեզ հավաստիացրին, որ Հայաստանը Ռուսաստանին տեղեկացրել է, թե այսուհետ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը: ԱԽՔ-ն նաեւ ընդգծել էր, որ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի եւ դրա մասին Ռուսաստանին տեղյակ պահել է պաշտոնական նամակով։ Ուշադրություն՝ Հայաստանն այդ մասին Ռուսաստանին տեղյակ է պահել պաշտոնական նամակով: Սա լավ մտապահեք: Երեկ, իր հրավիրած մամլո ասուլիսում, այս թեմային անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Լսենք նրան. «ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողներն արդեն բավականաչափ փորձ ունեն, որպեսզի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն՝ առանց ռուսական կողմի։ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին։ Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու եւ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության եւ մատուցած ծառայության համար։ Նամակում նաեւ տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ-ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության»: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ կա՛մ ԱԽՔ-ն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է, որ ԱԽՔ-ն ու Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության հարցերով երկու կարեւորագույն պաշտոնյաներ, միմյանցից խաբար չեն:

Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության, այսպես կոչված, ղեկավարությունը Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանն այս կարեւոր խնդրի հետ կապված որեւէ նամակ չի գրել: «ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ-ին դիմել»՝ ես հասկանում եմ ՀՀ վարչապետի դիմումը ՌԴ նախագահին: Այդպիսի դիմում չկա, փաստորեն: Այսինքն՝ ԱԽՔ-ն միանշանակ ստում է, եւ նրան պետք է դատել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ երկու պետությունների միջեւ խառնակչություն գցելու համար: Ինչո՞ւ ես ստում, Արմեն Գրիգորյան, ի՞նչ նպատակներ ես հետապնդում հայ եւ միջազգային հանրությանն այսպես մոլորեցնելով: Իսկ հիմա տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում այս կապակցությամբ: Թե բա՝ «Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին»: Զգո՞ւմ եք ՀՀ բարձրագույն իշխանության անգրագիտության աստիճանը:

Զորքերը դիմել են զորքերին… Լավ, է՞ս աստիճանի անգրագիտություն: Երեւի երկու տարի անց էլ ադրբեջանական զորքերը դիմեն ռուսական զորքերին, որպեսզի վերջիններս հեռանան Լեռնային Ղարաբաղից, որովհետեւ դա զորքերի իրավասության հարց է, ոչ թե երկու երկրների նախագահների: Այո՞: Իսկ գուցե ժամանակին ՌԴ սահմանապահ զորքե՞րն են դիմել ՀՀ սահմանապահ զորքերին, թե՝ տղերք, թողեք՝ «Զվարթնոցում» ծառայություն իրականացնենք: Մեր սահմանապահ զորքերն էլ, հասկանում ես, ասել են՝ դավայ: Ես արդեն համոզված եմ, որ Արմեն Գրիգորյան-Նիկոլ Փաշինյան զույգը նույն անգրագիտությամբ է դիմել նաեւ ՀԱՊԿ-ին, սխալ-մխալ հոդվածներով: Ավելին, դա արել են միտումնավոր ու դավաճանաբար, որպեսզի Ադրբեջանն անարգել օկուպացնի Հայաստանի Հանրապետության տարածքները: Ավելին, այդ օրերին Փաշինյանը դեռ մի բան էլ հայտարարում էր, թե ինքը չգիտի՝ որն է ՀՀ սահմանը, չգիտի՝ արդյո՞ք Ադրբեջանը հատել է այն: Հենց երեկ, Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամին, Մոսկվայից երկու տողանոց մի տեղեկություն տարածվեց: «Մոսկվան գերատեսչական գրություն է ստացել Երեւանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին: «Գերատեսչությունների միջեւ կապերը կշարունակվեն։ Այս պահին ավելին չեմ կարող ասել»»,- ՌԻԱ Նովոստիին փոխանցել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փաստորեն, Կրեմլում այս խնդրին ծանոթ են այնքանով, որքանով, ասել է թե՝ գերատեսչական մակարդակով: Սա նույնն է, թե ՀՀ առողջապահության նախարարությունը դիմի ՌԴ առողջապահության նախարարությանը՝ որեւէ սարքավորում ձեռք բերելու համար, եւ կամ՝ ԿԳՄՍ նախարարը դիմի ՌԴ լուսավորության նախարարությանը՝ կախիչի ու ծորակի գները ճշտելու նպատակով:

Կրեմլում, բնականաբար, կիմանան այդ մասին, ընդհուպ կոգեւորվեն, որ գերատեսչություններն աշխատում են: Բայց ի՞նչ անեն Կրեմլում, երբ տեսնում են, որ ՀՀ առաջին դեմքերը Երեւանում ժուլիկությամբ են զբաղված՝ ուզում են մի այնպիսի հարց լուծել, ինչպիսին ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հեռացնելն է՝ շրջանցելով ՌԴ բարձրագույն ղեկավարությանը: Եվ Պեսկովին չի հաջողվում թաքցնել սարկազմը՝ դե գերատեսչություններ են, թող աշխատեն: Մնում է Պեսկովին հարցնել՝ հընգեր, իսկ Պուտինը գիտի՞ այդ մասին… Ժողովուրդն ասում է՝ էծի պարը կամրջին է բռնում: Սա Նիկոլի ու նրա կառավարության մասին է ասված: Իրենք մազից կախված՝ գլխներից մեծ գործեր են բռնում: Գնում, անգլիացիներին չգիտես ինչեր են խոստանում, մեծ-մեծ հայտարարություններ են անում ՀԱՊԿ-ի, ՌԴ նախագահի դեմ, Զելենսկի բերում Հայաստան, ցույցեր կազմակերպում 102-րդ ռազմաբազայի բակում, իսկ հետո միայն գերատեսչական մակարդակով են համարձակվում խոսել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելու մասին: Ու քանի որ խելք չունեն, իրենց թվում է, թե ռուսներն էլ նույն օրի են ու չեն հասկանում այս հարցերի փոխկապակցվածությունը: Թե բա՝ ««Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության»: Փաշինյան, առանց ռուսական կողմի աջակցության ցուցադրածդ քարտեզից միայն հիշողություններ կմնան: Դու այդ ո՞ւմ գլխի տակ ես փափուկ բարձ դնում, հայ ժողովրդի՞: Ուշացել ես: Հայ ժողովուրդն արդեն լավ գիտի երկիր պահելու թե՛ քո «բավարար փորձի», թե՛ քո «հմտության» մասին: Քոնը մեր բոլոր ձեռքբերումները մսխելն էր՝ մսխեցիր: Ասելիք էլ չունես՝ մեկ էլ Ալիեւը կցուցադրեր Հայաստանի մուլտիպլիկացիոն քարտեզն ու կասեր՝ սա է ձերը, հանգիստ վեր ընկեք տեղներդ: