Բացի Բայդենից, Էրդողանը նաև Մակրոնի հետ կհանդիպի

Բացի Բայդենից, Էրդողանը նաև Մակրոնի հետ կհանդիպի

ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ ոչ միայն Լիբիայի և Սիրիայի հարցերում, այլև շատ ուրիշ ոլորտներում, ներառյալ` միջերկրածովյան, սևծովյան ու կովկասյան տարածաշրջանների:

Ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական «TRT Haber» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ Անկարան «դրական օրակարգով» է մոտենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ իր գործընկեր Ջո Բայդենի առաջիկա հանդիպմանը։ Հավելել է, որ իր երկիրը նման ազդանշաններ է ստացել Վաշինգտոնից:

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը:

Չավուշօղլուն նաև խոսել է Թուրքիայի կողմից ռուսական «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մասին` ընդգծելով, որ «եթե ԱՄՆ-ը չի երաշխավորում «Պատրիոտը» [ամերիկյան ՀՕՊ համակարգ], մենք կարող ենք պաշտպանական համակարգեր ստանալ մեր մյուս դաշնակիցներից»:

Ֆրանսիայի հետ Թուրքիայի հարաբերությունների մասով նա ասել է, որ Ֆրանսիայի առևտրի նախարարը կայցելի Թուրքիա: «Մենք եկող ժամանակահատվածում միասին կարևոր տնտեսական քայլեր կվերցնենք, ինչպես նաև կամրապնդենք մեր երկկողմ հարաբերությունները», - նշել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։​​​​​

Չավուշօղլուն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում «հանդիպում է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»:

«Տեղի կունենան հանդիպումներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ ի թիվս այլ ղեկավարների»:

Նշելով, որ չնայած տարաձայնություններին բանակցություններ են սկսվել Թուրքիայի և Ֆրանսիայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Ֆրանսիան այժմ ցանկանում է բանակցություններ վարել նաև Աֆրիկայի շուրջ, ինչը լավ է: Մենք ոչ մեկին մրցակից չենք համարում: Մենք չենք մրցում Աֆրիկայում»:

Չավուշօղլուն մեկնաբանել է, որ շփումներն ու երկխոսությունը հանգեցնում են ավելի քիչ վիճելի հարցերի: