Ավելի մեծ ձգտում ունեցող, ավելի հավակնոտ ու ռիսկով մարդիկ են պետք կառավարությունում

Ավելի մեծ ձգտում ունեցող, ավելի հավակնոտ ու ռիսկով մարդիկ են պետք կառավարությունում

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունը 2 ամսով «փակելու» հետեւանքով փորձագետները, պատգամավորները, տնտեսագետները չափավոր վատատեսականից մինչեւ ապոկալիպտիկ սպասումներ ունեն․ 40-100, ոմանց գնահատմամբ՝ մինչեւ 200 հազար մարդ կկորցնի աշխատանքը, բանկերն անհանգստություններ ունեն՝ կապված ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, տասնյակ «սնանկացած» ոլորտներ կան՝ զբոսաշրջությունից մինչեւ արտագնա աշխատողներ։ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Բանկերի միության նախագահ Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր կանխատեսումները եւ սպասումները կառավարությունից։

Բանկերի մտահոգությունները 

Բանկերի միության նախագահն օրերս մամուլին փոխանցել էր առեւտրային բանկերի մտահոգությունը, որ նշված օրենքի պատճառով հնարավոր է գրավադրված գույքը ճանաչվի ապօրինի, եւ բանկերը, որոնք դրա դիմաց գումար են տվել վարկառուին, իրենք հայտնվեն ֆինանսական խնդիրների առջեւ։ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, այս մտահոգությունը տեղին է, բայց ասում է, թե այնպես չէ, որ դրանից բանկային համակարգը կքանդվի։ «Երբ խոսքն ապօրինի հարստացման մասին է, սա ինչ-որ գործընթաց է, վարկառուի միակ գույքը չէ, առավել եւս՝ միակ գույքը չէ, որ բանկը գրավ է վերցնում եւ վարկավորում է իրականացնում։ Եվ, սովորաբար, բանկերը խոշոր գործարքների գնում են բանկային եկամուտներ ու ակտիվներ ունեցող տնտեսվարողների հետ եւ փորձում են դիվերսիֆիկացնել իրենց ռիսկերը նաեւ երաշխիքների իմաստով։ Այսինքն՝ անհանգստանալը տեղին է, բայց սարսափելի բան չէ»,- ասաց նա։

Գործազրկություն

«Չգիտեմ՝ ովքեր են այդ տնտեսագետները, մամուլում, օրինակ, տնտեսագետի կարծիք եմ հանդիպել, որ Հայաստանը մարտ-ապրիլին կորցրել է օրական 50-52 միլիոն դոլար։ Բայց ասեմ, որ դա Հայաստանի ՀՆԱ-ի միջին օրական ցուցանիշն է կամ Ձեր նշած 200 հազար աշխատատեղը․ սա ֆանտաստիկ թիվ է, մենք գիտենք մեր երկրում զբաղվածության պատկերը։ Օրինակ, գրանցված վարձու աշխատողների ընդհանուր թիվը շուրջ 600 հազար է, որից 200-ից մի փոքր ավել հազարը բյուջեից վարձատրվողներն են, որոնց թվի կրճատում ընդհանրապես չի սպասվում։ Այսինքն՝ ՀՆԱ-ի 50 տոկոսով կամ վարձու աշխատողների 1/3-ով կրճատման սպասումներն ավելի շատ ապոկալիպտիկ տեսակետներ են, որոնք իրականությունից դուրս են։ Այսօր որեւէ մեկը չի կարող տնտեսության վերաբերյալ լուրջ կանխատեսումներ անել, որովհետեւ մեծ է անորոշությունը, որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ վիճակ է լինելու աշխարհում, մեր գործընկեր երկրներում»։ Ասատրյանն արձանագրում է՝ առայժմ մենք ունենք մարտ ամսվա ցուցանիշները, որի համաձայն՝ 2019-ի մարտի համեմատ տնտեսական ակտիվության 5 տոկոսանոց անկում է արձանագրվել, կարելի է քննարկել ապրիլյան զարգացումները, ակնհայտ է, որ անկումը նախորդի համեմատ շատ ավելի մեծ կլինի՝ առնվազն կրկնապատիկ: Ասատրյանը հուսով է, որ մայիսից տնտեսությունում ներքին սահմանափակումների վերացման արդյունքում որոշակի աշխուժացում լինելու է։ Այսինքն՝ կարծում է, որ հիմնականում շարունակելու են խնդրահարույց մնալ արտաքին գործոնները, որոնց ազդեցությունը, տնտեսագետի կարծիքով, չի կարող այդքան մեծ լինել։ 

Այստեղ Բագրատ Ասատրյանը շատ կարեւոր է համարում այն, թե ինչ ծրագրեր իշխանությունները կձեռնարկեն։ Առայժմ, ինչպես արձանագրում է, դրանք առավելապես սոցիալական բնույթի են՝ սոցիալական օժանդակություն տարբեր խմբերի, բայց կարծում է, որ «հիմա պետք է լուրջ ծրագրեր կյանքի կոչվեն տնտեսության աշխուժացման համար՝ շինարարություն, գյուղատնտեսություն»։ ԿԲ նախկին նախագահն ասում է․ «Խոսքը երկարատեւ ծրագրերի մասին է՝ ճանապարհաշինությունից ու ենթակառույցների շինարարությունից մինչեւ քաղաքաշինություն»։ «Երեւանի կամ հանրապետության այլ քաղաքների բնակարանային ֆոնդը, օրինակ, բարոյապես մաշված է, խնդրեմ՝ կառուցենք բնակարաններ, հիմնանորոգենք եղած ֆոնդը։ Բերեք այս իրավիճակում լուրջ ծրագիր մշակենք եւ իրականացնենք՝ դպրոցաշինություն։ Մենք քաղաքներում էլ մի նորմալ կրթօջախ չունենք, բայց գյուղական բնակավայրերում՝ առավել եւս։

Բերեք՝ «թումոյադպրոցախառն» նման ուսումնական կենտրոնների ցանց ստեղծենք Հայաստանով մեկ, որը մեր երկրի ապագան կարող է լինել։ Միայն այստեղ 1-2 միլիարդ դոլար ներդրումներ կարելի է իրականացնել»։ Իսկ ներդրողն այս պարագայում հիմնականում պետությունը պետք է լինի։ Կան ծրագրեր, որոնցում պետությունն ամբողջովին, երբեմն՝ մասնակի, օրինակ, ներհամայնքային խնդիրների դեպքում՝ ներգյուղական ճանապարհներ, կենցաղային պայմանների բարելավում, կոյուղի եւ այլն։ Ի՞նչ միջոցների հաշվին։ Ասատրյանն ասում է, որ պետք է գնանք արտաքին պարտքի ավելացմանը։ Մեր երկիրը, լայն իմաստով, բարեկարգման կարիք ունի, բազմաթիվ հատվածներ կան: Պետք է ծրագրեր դրվեն, մինչդեռ այսօր արդեն ուշացնում ենք։ Օրինակ, պարենային ապահովության խնդիրը․ ինքնաբավության չենք հասնելու, բայց Հայաստանը պետք է ավելացնի ցորենի, մշակաբույսերի ցանքատարածքները։ Եվ այստեղ պետությունը շատ անելիք ունի՝ սկսած չօգտագործվող հողատարածքների մշակումից մինչ գյուղատնտեսական ծրագրերի խրախուսում՝ դրանք կարող են լինել ե՛ւ վարկային արտոնյալ ծրագրեր, ե՛ւ պետգնումների համակարգ։ Որովհետեւ, երբ նայում ենք զբաղվածության կառուցվածքին, գյուղը մոտ 30 տոկոսն է ապահովում։ Պետք է ձգտենք ոչ միայն այդ մակարդակը պահպանել, այլ նաեւ՝ ավելացնել:
Որովհետեւ այս իրավիճակում մենք բախվում ենք նոր խնդրի, բոլորս գիտենք, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ նվազելու է, եւ գիտենք նաեւ, որ այդ աշխատանքներին, հիմնականում, մեր գյուղական բնակչությունն է մեկնում։ Այդ հատվածին, թեկուզ ժամանակավոր, աշխատանքով ապահովելու խնդիրը շատ կարեւոր է լինելու: Սա միայն ներքին խնդիրներն են, սակայն գիտակցում ենք, որ որոշ գործոնների ազդեցությունը դեռ նոր ենք տեսնելու։ Ակնհայտ է, որ ամենամեծ հարվածը կրելու է վերամշակող արդյունաբերությունը՝ արտահանման մասով։ Ավելի մեծ կորուստ է լինելու, քան զբոսաշրջության ոլորտում։ Այսինքն՝ ոչ միայն վերամշակող արդյունաբերության՝ գինի, կոնյակ, պահածոներ, այլ նաեւ հենց գյուղմթերքների արտահանման մասով:

Սով

Ինչ վերաբերում է  աշնանը, ձմռանը պարենի դեֆիցիտին, ապա Ասատրյանն ասում է՝ մարդիկ ո՛չ իրականությունը, ո՛չ էլ պատմությունը չգիտեն։ Իսկ պատմությունն այն է, որ մենք ապրել ենք ծանրագույն շրջան՝ բացարձակ շրջափակման պայմաններում՝ 90-ականներ։ «Այն, որ մի խումբ տգետներ փորձեցին պատմության մեջ մտցնել «մութ ու ցուրտ օրեր» անվան տակ, իրականում հերոսական օրեր են, թեեւ բախվել ենք պատերազմի ու բացարձակ շրջափակման հետ։ Այդ ժամանակ էլ Հայաստանում դժվարություններ եղան, բայց սով չի եղել»։ 

Զբոսաշրջություն

Բագրատ Ասատրյանն ասում է, որ այս տարի պետք է մոռանալ արտագնա տուրիզմի մասին, պետք է սպասենք։ Միակ լուծումն ու միջոցը տնտեսագետը համարում է ներհանրապետական զբոսաշրջության մասին մտածելը։ «Սկսած սոցիալական փաթեթներից, որը նման հնարավորություն է ընձեռում եւ պետք է խրախուսի, օժանդակի, որ այդ փաթեթները հնարավորինս արագ իրացվեն, իշխանությունը հավելյալ հնարավորությունների մասին պետք է մտածի։ Ու այստեղ էլ պետք է համագործակցություն լինի․ այն օղակները, որոնք պատրաստ են, կարող են եւ ուզում են, իրենք անեն գնային զիջումներ, եւ պետությունն այդ տուրիստական հոսքն ուղղի դեպի այդ սուբյեկտները։ Բերեք՝ դուք 20-30 տոկոսով գներն իջեցրեք, մենք կապահովենք այսքան հոսք։ Ծրագրեր պետք է մշակվեն, պետության անելիքը դա պետք է լինի։ Ի վերջո, խոսում ենք տարբեր տուժած ոլորտների մասին, է, խնդրեմ՝ զբոսաշրջության ոլորտը հենց դա է»։ Այսօր Հայաստանի հույսը Հայաստանն է, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն՝ կարծում է Ասատրյանը։

ՀԳ․ Բագրատ Ասատրյանին հարց ուղղեցինք․ նախորդ 2 տարիների այն լավատեսությունը, որ կառավարությունում երիտասարդներ են եւ իրավիճակն արագ կբարելավեն, դեռ պահպանվո՞ւմ է։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ցրել կառավարությունը եւ նշանակել ավելի պրոֆեսիոնալների։ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ կառավարության ամենաթույլ հատվածը տնտեսական բլոկն է․ «Նախորդ շրջանում իրենց հիմնականում վատ չեն դրսեւորել, սակայն այս իրավիճակին, ակնհայտորեն, համարժեք լուծումներ չեն ապահովում։ Թարմություն պետք է մտնի, պետք է շատ ավելի մեծ ձգտում ունեցող, շատ ավելի հավակնոտ ու ռիսկով մարդիկ լինեն, որոնցից ամեն մեկն իր հատվածում պետք է պատասխանատվություն ստանձնի ու իրացնի։ Որովհետեւ, եթե անկեղծ՝ միակ ակտիվ աշխատողը Նիկոլ Փաշինյանն է, կողքից՝ մեկ-երկու անձ, օրինակ՝ առողջապահության նախարարը։ Մինչդեռ ակնհայտ է, որ այսօր եռանդուն պետք է գործեին տարածքային կառավարման օղակները, մարզպետարանները, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն ընդհանրապես անգործ են մնացել, հիմնականում սպասում են ու շատ վատ իրագործում իշխանության նախաձեռնությունները»։