Հայկ Դեմոյանը՝ «Հայրենիք զարգացման հիմնադրամի» գիտական խորհրդի կազմում

Հայկ Դեմոյանը՝ «Հայրենիք զարգացման հիմնադրամի» գիտական խորհրդի կազմում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հնարավոր է անդամակցի Արթուր Վանեցյանի նախաձեռնած «Հայրենիք զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի գիտական խորհրդին։ Մեզ հետ զրույցում Դեմոյանն ասաց, որ բանակցում է, հնարավոր է՝ սպասարկի ակադեմիական ոլորտը։ Ի՞նչ է նշանակում՝ «բանակցել» եւ «սպասարկել» ակադեմիական ոլորտը։ Հայկ Դեմոյանն ասաց․ «Եղել է առաջարկ՝ այդ հիմնադրամի գիտական խորհրդի կազմում ընդգրկվելու համար, ես մի քանի հիմնադրամների գիտական խորհուրդներում ընդգրկված եմ, վերահսկում եմ ակադեմիական ոլորտը՝ կրթաթոշակների ստացումը, հաշվետվություններն ենք ստուգում»։ Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը հավելեց, որ իր մասով ակադեմիական ոլորտը սպասարկելու է ոչ միայն  ցեղասպանագիտության, այլեւ հայ ժողովրդի պատմության ոլորտը։ Հիշեցնենք, որ վերջերս աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն էլ «Հրապարակին» հայտնել էր, թե այս տարածքը թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել դեռեւս 2004-ին, իսկ Ծիծեռնակաբերդի այդ 100 հեկտար տարածքը, հուշայգի դարձնելու գաղափարն արդեն մեկ տարի շարունակ շրջանառվում է։

«Մենք որոշ քայլեր ձեռնարկեցինք, որ դա ինստիտուցիոնալիզացնենք, նամակ պատրաստվեց վարչապետին, թե ինչու այն պետք է լինի հուշայգի, հետո պատասխան եկավ գլխավոր ճարտարապետից, որ ընդամենը ուզում են կանաչապատել տարածքը: Մեկ անգամ եղավ հանձնարարական, եւ այդ հարցը քննարկվեց Անշարժ գույքի պետական կոմիտեում, մենք ներկայացրինք մեր պլանները՝ հուշայգու գաղափարը, ինչպես նաեւ շատ հստակ ասվեց, որ այս խնդիրը նաեւ քաղաքական բովանդակություն ունի եւ շատ կարեւոր է ՀՀ-ի համար։ Մեր առաջարկը գնաց վերեւ, հետո կրկին եկավ հանձնարարական այն փաստաթղթի ձեւով, որը ձեզ արդեն հայտնի է դարձել»,- ասել էր Մարությանը։ Հայկ Դեմոյանն ասաց, որ Երեւանի իշխանությունները ցանկանում են պոկել այդ տարածքը թանգարան-ինստիտուտից դեռ 2006-ից։ «Նույնիսկ քրեական գործ են իմ դեմ հարուցել, որ ես վախենամ՝ զիջեմ, 11 տարի ես պահել եմ, քանի որ գիտեմ, թե ինչ վտանգներ կան, եթե դա օտարվի, թանգարանի իրավական վերահսկողությունից դուրս գա։ Հրաշալի գիտեմ, թե ինչ սխեմաներ կան։ Հիմա տեսնենք, ՀՀ նախագահն ունի շատ հետաքրքիր ծրագիր, շատ եմ ուզում, որ էդ ծրագիրն ամբողջական մատուցի։ Հիմա, որքան ես եմ հասկանում, կա այդ պրոյեկտը, եւ կա քաղաքապետարանի հաշվեկշռին փոխանցելու որոշում։ Մի բան, որին ես ընդդիմանում էի դեռ 2007 թվականից»։

Դեմոյանը մանրամասնեց, որ այն ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ճնշմանը միացած է եղել նաեւ Գիտությունների ազգային ակադեմիան։ Եղել են ստորագրելու առաջարկ եւ սպառնալիք, Դեմոյանն ասաց, որ ի պատասխան՝ ինքն էլ սպառնացել է, որ կհեռանա թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Դրանից հետո ճնշումները դադարեցրել են։ Իսկ ինչո՞վ է այդ հողակտորն այդքան գայթակղիչ, որ հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ բոլոր քաղաքային իշխանություններն աչք են տնկում դրա վրա։ Դեմոյանը զարմացավ․ «Այնպիսի բան եք ասում, ասես Հայաստանի Հանրապետությունից չլինեք։ Այնտեղ այնքան բան կարելի է անել՝ ծառատունկից ու ծաղիկներ ցանելուց սկսած, հիմա տեսեք, հենց Ծիծեռնակաբերդի ճանապարհի ամենասկզբում ռեստորան են կառուցում։ Գնացեք նայեք, նոր տնօրենն ուժ չունի ընդդիմանալու, մի ժամանակ ես արգելում էի։ Հիմա պատկերացրեք՝ երկրի նախագահներ են եկել, կառավարական շարասյուն է գնում Ծիծեռնակաբերդ․ եթե այնտեղ կուտակում եղավ, մի շարասյան մեքենան կանգնեցրին՝ ցանկացած ահաբեկչական գործողություն հնարավոր է։ Ժամանակին ես իմ արգելքը հենց այդպես էլ հիմնավորում էի։ Հիմա նոր տնօրենը պարզապես վախենում է էդ մասին խոսել»։