Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններն է «բարելավում»

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններն է «բարելավում»

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն՝ հանդիպելու Էդմոն Մարուքյանին: Հանդիպումից հետո Փաշինյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, թե ընդամենը սուրճ էր խմում Մարուքյանի հետ: Ընդ որում՝ մոտ մեկ ժամ ներսից թեժ զրույցի ձայներ էին լսվում։ Թե երբվանից մտերմացան հանկարծ երբեմնի դաշնակիցները, որ ընդամենը օրեր առաջ իրար միս էին ուտում, որ արդեն սկսել են միասին սրճել, դժվար է ասել։ Թեպետ ավելի ուշ մեզ հասած տեղեկություններից եզրակացրինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել հարաբերությունները Մարուքյանի հետ, ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել, զինադադար կնքել։ Մարուքյանն էլ երբեք դեմ չէ հարաբերություններ հաստատելուն՝ Փաշինյանի թիմի հարձակումները նա եւ ԼՀԿ-ն ծանր են տանում։ Ու որպեսզի չդառնա «բոքսի տանձիկ» նիկոլականների ձեռքին, Մարուքյանն էլ է որոշել կարգավորել հարաբերությունները, թուլացնել քննադատության տեմպը՝ Փաշինյանից ակնկալելով իր թիմի հանդեպ չափավոր «թշնամանք»։

Էդմոն Մարուքյանը, որպես կոմպրոմիսների մեծ վարպետ, տեղ-տեղ կարող է անգամ աջակցել Փաշինյանի վարած քաղաքականությանը, հատկապես՝ արտաքին ֆրոնտում։ Իսկ Փաշինյանին էլ որեւէ քաղաքական ուժի աջակցությունն է անհրաժեշտ, որ չստացվի, թե բոլորի հետ պատերազմում է եւ ներքաղաքական դաշտում աջակիցներ չունի։ Եվ այն, որ Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո պնդում էր, որ իրենք ընդամենը Արցախի հարցի շուրջ են խոսել, եւ Փաշինյանը փարատել է իր մտահոգություններն այս հարցում, նույնպես դրա մասին են վկայում։ Մեր հարցին, թե հաճա՞խ են սրճում ինքն ու Փաշինյանը, ասաց. «Հաճախ չենք սրճում, երեկ ես հրավիրել եմ արտաքին գործերի նախարարին ընդմիջմանը, սուրճ ենք խմել եւ զրուցել ենք արտգործնախարարի հետ: Թեման եղել է էն բոլոր եղած մտահոգությունները, շահարկումները՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված, այսօր էլ վարչապետին էի հրավիրել, էլի նույն թեմայով՝ զրուցել ենք եւ սուրճ ենք խմել»:

«Էն, որ ասում են՝ փաստաթուղթ կա սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին-բան, այ, էդ շահարկումները…»,- շահարկումների շրջանակը «հստակեցրեց» Մարուքյանը՝ հավաստիացնելով, թե իր կասկածներն այս հանդիպումից հետո փարատվել են: Բայց երբ սկսեցինք հստակեցնել հարցերը, Մարուքյանը սկսեց մանեւրել, որից պարզ դարձավ, որ նա առնվազն անկեղծ չէ։

- Ի՞նչ ասաց կոնկրետ Փաշինյանը, որ փարատեց Ձեր կասկածները:

- Այն, ինչ որ հրապարակային հայտարարվել է, դրանից դուրս, ըստ էության, որեւէ մտահոգիչ բան չկա:

- Այսինքն՝ նրա հայտարարությունները կասկածնե՞ր էին առաջացրել, որ հետո հրավիրեցիք լրացուցիչ պարզաբանման:

- Ցանկացած հայտարարություն, որ լինում է, մենք դրան շատ ուշադիր հետեւում ենք եւ շատ հետեւելով հանդերձ՝ պետք է կարողանանք դրա հետ կապված մեր դիրքորոշումը մանրամասն ձեւակերպենք: Հիմա պատկերացրեք՝ մենք չունենք բավարար ինֆորմացիա եւ բավարար ինֆորմացիա չունենալով՝ ուզում ենք դիրքորոշում ձեւակերպել, կարո՞ղ ենք:

- Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բավարար ինֆորմացիա չի՞ տվել Արցախի հարցով:

- Կարծում եմ՝ տվել է, եւ, ըստ էության, էդ հայտարարությունը չի տարբերվել նախկին հայտարարությունից:

- Այդ դեպքում ի՞նչը Ձեզ դրդեց նորից նրան հրավիրել սուրճ խմելու, եւ ի՞նչ է ասել նա Ձեր առանձնասենյակում:

- Ժողովուրդ ջան, ինչ որ ասվեց, բնականաբար, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինենք, կգանք: Այսինքն՝ էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ առ այն, ինչ որ Հայաստանում անդադար շահարկվում է:

- Իսկ սեղանին փաստաթուղթ կա՞, վարչապետն ի՞նչ է ասել այդ մասով:

- Արտգործնախարարը պատասխանել է:

- Իսկ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասել, սեղանին բանակցվող որեւէ փաստաթուղթ կա՞:

- Ես փաստաթղթի մասին բան չեմ խոսել:

- Պարոն Մարուքյան, 2 հարցի հստակ պատասխանեք՝ կոնկրետ Ձեզ ի՞նչն էր մտահոգում, որ վարչապետին հրավիրեցիք սուրճ խմելու, եւ երկրորդը․ եթե նրան չեք հարցրել՝ սեղանին որեւէ փաստաթուղթ կա, թե չկա, այդ դեպքում ի՞նչ եք հարցրել: 

- Ես արդեն ասացի՝ Արցախի հետ կապված այսօրվա մեր ներքաղաքական կյանքում շահարկումները:

- Ո՞ր շահարկումները կոնկրետ:

- Կարդացեք մամուլ... ամեն օր ասում են, որ Արցախը հանձնում են, այ, էդ շահարկումները:

- Այսինքն՝ Դուք հարցրել եք, ինքն էլ ասել է՝ Արցախը չե՞նք հանձնում:

- Դե, դա արդեն անլուրջ խոսակցություն է… այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում, արտգործնախարարին տեսնում ենք, հարցնում ենք՝ կարո՞ղ ա Արցախը հանձնում եք, տեսնում ենք վարչապետին, ասում ենք՝ կարո՞ղ ա Արցախը հանձնում եք… լո՞ւրջ եք վերաբերվում:

- Իսկ Դուք լո՞ւրջ եք վերաբերվում դրան:

- Ես լուրջ չեմ վերաբերվել, այս պահին էլ լուրջ չեմ վերաբերվում: Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, ես նման երեւակայության մեջ Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում: 

ՀԳ․ Վերջում նորից հարցրեցինք՝ ինչո՞ւ չեք հարցրել, օրինակ, Լավրովի հայտարարության ու բանակցային սեղանին առկա ենթադրյալ փաստաթղթի մասին։ Մարուքյանը նորից գցեց ԱԳՆ-ի դաշտը՝ միայն նշելով, թե փաստաթուղթ չկա սեղանին: Բայց ինքը չի հարցրել վարչապետին, ուղղակի գիտի, որ չկա: Իսկ Լավրովն ասել է՝ կա, հիմա ո՞ւմ հավատանք: «Դու Լավրովի՞ն ես հավատում, թե՞ Զոհրաբ Մնացականյանին: Ես հավատում եմ Հայաստանի արտգործնախարարին»,- իր պետականամետությունն ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Այսինքն՝ Լավրովը, որ մեր ռազմավարական դաշնակից պետության արտգործնախարարն է, ստո՞ւմ է։ Մարուքյանն ասաց. «Լավրովն ինչ որ ասել է, իր ասելիքը կմեկնաբանի, եւ մեկնաբանել է մեր արտգործնախարարությունը»: