Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետ․ հիշատակել է Սերժ Սարգսյանին

Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետ․ հիշատակել է Սերժ Սարգսյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի դեռ ՀՀ Սահմանադրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը։ Հայաստանում շատ լեռներ ունեն, եթե ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն։ Իհարկե, այս և շատ այլ հարցերում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա համակարգում, քանի որ մեր երկրները համաշխարհային մասշտաբով միմյանց ամենամոտ երկու երկրներն են։ Ես գիտեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հավատարիմ են հաստատված դիրքորոշմանը, որ այս երկու գործընթացները՝ թուրք-հայկական մերձեցումը և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը, պետք է ընթանան զուգահեռաբար։ Սա մեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է։ Իդեալական իրավիճակն այն է, որ մի օր կարելի է երկու համաձայնագիր ստորագրել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիր, որը ներառում է բոլոր հաղորդակցությունների բացում, երկար տարիների ատելության վերջ՝ էջը շրջելու և բնականոն զարգացման ուղին բռնելու համար։ 

Ի՞նչ ենք մենք լսում Երեվանի պաշտոնյաներից. Այո, մենք սա հաշվի ենք առնում։ Իրական Հայաստանի և առասպելական Հայաստանի միջև պետք է տարբերություն լինի․ ասում են պատմական, բայց ես ասում եմ առասպելական, քանի որ պատմությունը չի կարելի շահարկել։ 

Իսկ երբ ասում են, որ հայերի երիտասարդ սերունդը տիրանալու է թուրքական տարածքին, սա դեգրադացիայի ախտանիշ է` հոգեբանական լուրջ հիվանդություն ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ նրան լսողների ու նրան այս հարցը տվողների համար։ Ինչի՞ ենք սպասում հիմա։ Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունը խոսքից անցում կատարի գործի. Մենք նրանց մասին դատողություն անելու ենք ըստ իրենց գործերի։ Նրանք պետք է հասկանան, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ժայռի պես ամուր է։ Նրանք պետք է սա հաշվի առնեն հիմա և ապագայում»,- հերթական անգամ զառանցել է Բաքվի բռնապետը։