Զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով. System of a Down-ը հայտարարություն է տարածել

Զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով. System of a Down-ը հայտարարություն է տարածել

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե խումբը գումար է ստացել 2015 թ. Երևանում տեղի ունեցած համերգից, գումար են ստանալու նաև 2020թ. Երևանում նախատեսված համերգից: SOAD-ը այս առիթով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի տեքստը հրապարակվել է խմբի ֆեյսբուքյան էջում: «Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում է ապատեղեկատվությունը կամ այսպես կոչված ֆեյք լուրերը: Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Այս ամենը իրականությունից շատ հեռու է: 2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը, որոնց մեջ ներառված էր բեմը, տեխնիկական, անձնակազմի ծախսերը, թռիչքը, կեցությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել 2015թ. այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու: Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել, զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,-ասվում է խմբի հայտարարության մեջ: