Բերձորի միջանցքի շրջափակման հետ կապված՝ Վալենսիայի հայ համայնքը հանդես է եկել նախաձեռնությամբ

Բերձորի միջանցքի շրջափակման հետ կապված՝ Վալենսիայի հայ համայնքը հանդես է եկել նախաձեռնությամբ

«Եթե Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիան և դրան հետևած Բերձորի միջանցքի փակումը ևս արժանանար միջազգային հանրության լռությանը և, ըստ այդմ, նրա ժողովրդավարական թևի անատամ հայտարարություններին ու բռնության հանդուրժողականությանը, ապա այլևս այդ լռությունը կդիտարկվեր ո՜չ թե հանցավոր, այլև արդեն պոտենցիալ հանցանք։ Այդ իսկ պատճառով, նույն միջազգային հանրության հայտարարությունները դարձան դույզն-ինչ հասցեագրված և թիրախային` որոշակիորեն ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային և մարդու իրավունքները» ,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց  Իսպանիայում «Արարատ»  հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ 

«Այսուհանդերձ, ալիևյան բռնապետությունը կարծես թե տակավին դիմադրում է (կամ ուզում է դա անել)` հետեւողականորեն փորձելով հրաժարվել միջազգային խաղացողների պահանջները կատարելուց, այն է` բռնությունից հրաժարում, զորքերի հետքաշում և բանակցությունների վերսկսում։ Մի շարք երկրների շարքում, վերջին իրադարձություններին պատշաճ գնահատական տվեց նաև Իսպանիան` երկրի հայ համայնքի ակտիվ գործունեության շնորհիվ։ Պատգամավորի Կոնգրեսի վերջին երկու հայտարարությունները (հոկտեմբերի 6-ի և դեկտեմբերի 22-ի)` ի աջակցություն Հայաստանի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, պատասխանն էին իսպանահայ համայնքի դիմումին, որի տակ ստորագրել էին երկրի բոլոր հայկական կազմակերպությունները»,-ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարություններին այսօր  հետևել է Վալենսիայի մարզի Միսլատայի քաղաքապետարանի հայտարարությունը, որում դատապարտվում է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հրահրված Արցախի շրջափակումը։ Հայտարարությսն մեջ նշված է Մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, Բերձորի (Լաչին) միջանցքի փակման հետևանքով հասունացող հումանիտար աղետի և դրանից բխող վտանգների մասին։ 

«Քաղաքապետարանն, իր հերթին, կոչ արեց միջազգային կառույցներին` միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման և հումանիտար աղետից խուսափելու համար։ Ինստիտուցիոնալ հայտարարությունը կարդացին քաղխորհրդի բոլոր քաղաքական ուժերի խոսնակները։ Նշենք, որ վերջին իրադարձությունների առաջին իսկ ժամերից արձագանքել և հայ ժողովրդին իր աջակցությունն է հայտնել Կոմպրոմիս կուսակցությունը, որն ի սկզբանե ցանկանում էր նախագիծ ներկայացնել քաղխորհրդին, որտեղ Ադրբեջանը համարվում է որպես ագրեսոր երկիր, իսկ Թուրքիան` այդ երկրի ռազմական և ահաբեկչական գործողությունները հովանավորող երկիր։ Սակայն իշխող Սոցիալիստական կուսակցությունը, որը քաղխորհրդում մեծամասնություն է կազմում, նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, որն էլ, իհարկե, պիտի նշանակեր գործընթացի տապալում։

Նշենք նաև ներկայացվելիք նախագծին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ էին կողմ քվեարկել։ Այդ իսկ պատճառով և, իհարկե, վերոնշյալը հիմք ընդունելով, միմյանց հետ անընդհատ կապի մեջ գտնվող ընդդիմության և հայկական կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացնում` ընդունել իշխանության առաջարկած բանաձևը, որը նույնպես հասցեական է, բավականին թիրախային և, որ ամենակարևորն է` ընդունվեց միաձայն։ Հայտարարության ավարտին, քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդես Բիելսան կարևորեց տարածաշրջանում խաղաղության ձեռքբերումը և իհարկե Միսլատայի աջակցությունը հայ ժողովրդին և, մասնավորապես «Արարատ»  հայկական միությանը, որի հետ համագործակցությունն արդեն իսկ երկար տարիների փորձ է։ Մի կողմ դնելով Իսպանիայի կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշումները հայ ժողովրդի և, ընդհանրապես, հայկական գործոնի վերաբերյալ (սա առանձին քննարկման նյութ է, որի մասին դեռ կխոսենք) պետք է նշել, որ երկրի հայ համայնքի կատարած աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի և որ դեռ բազում մարտահրավեր կան, որոնք ծառանում են համայնքի առջև` պահանջելով լինել ավելի վճռական և արդյունավետ։ Վերջում ավելացնեմ, որ նիստին ներկա էին «Արարատ»  հայկական միության անդամները, ովքեր, քաղխորհրդի խոսնակների հետ միասին, ծածանեցին հայկական եռագույնը Միսլատայի քաղաքապետարանում»,- պատմեց Արարատ Ղուկասյանը։