Երբ երկուսով լռելն ավելի հեշտ է

Երբ երկուսով լռելն ավելի հեշտ է

Տղա եք՝ մի տվեք… Ոչմիթիզհողականների հասցեին այսպիսի ռեպլիկ բաց թողեց կարգավորման փուլային տարբերակի կողմնակից վսեմաշուք նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու քմծիծաղով, ինքն իրենից գոհ, փակեց Ղարաբաղի թեման: Իմ հիշելով՝ սա Ղարաբաղի թեմայով նրա վերջին ելույթն էր Պետրոս Ղազարյանի մոտ, եթե չհաշվենք բոլորովին վերջերս ԱՀ նախագահական ընտրությունների կապակցությամբ այն նախադասությունը, որով հորդորում էր ավարտին հասցնել ընտրություններն Արցախում եւ արագացնել նոր իշխանությունների ձեւավորման գործը: Եվ ես հիմա խիստ անհանգստացած եմ այն բանից, որ արցախյան խնդրի կարգավորման կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը չի խոսում. ո՛չ Լավրովին է ողջույններ ուղարկում եւ ո՛չ էլ Նիկոլին դուխ տալիս:

Գուցե տակից գործում է, չգիտեմ, բայց երբ Լավրովը խոսում է բանակցային սեղանին խնդրի կարգավորման փուլային տարբերակի առկայության մասին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ լռում, մի տեսակ կասկած է ընկնում մարդու սիրտը՝ ՀՀ առաջին նախագահը պատահաբար չի՞ փոխել իր համոզմունքները: Ժամանակին «հայտնի ուժերի» կողմից իրեն հրաժարական է պարտադրվել այս կապակցությամբ: Այսօր նույն խնդրի առաջ է կանգնել նրա քաղաքական շկոլայի կարկառուն ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, եւ առաջին նախագահը դարձյալ լռում է, այսպես ասեմ՝ լռում է Նիկոլի հետ, կամ երկուսով են լռում: Չասենք՝ հանկարծակիի եկան Լավրովի «կրակոցից», չէ, առաջին անգամը չէ, որ խոսվում է հանուն երեւակայական խաղաղության փուլ առ փուլ տարածքներ տալու մասին: Գիտեինք, որ շրջանառվում է նաեւ նման տարբերակ, այսպես ասած՝ հարցի կարգավորման ամերիկյան տեսլականը: Լավրովը, ըստ էության, մեզ հիշեցրել է այդ մասին: Բայց մի՞թե դա կարող էր պատճառ դառնալ այսպիսի ծանր լռության:

Ժամանակին խոսակցություններ տարածվեցին, որ Փաշինյանը հաճախ է խորհուրդներ հարցնում Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ տարբեր առիթներով: Ենթադրում եմ, որ նրանք հանդիպել են նաեւ Ալիեւի հետ Փաշինյանի հանդիպումներից առաջ եւ խորհուրդ արել, թե ինչպես է հնարավոր մեր հանրությանը բերել այնպիսի «հասունության», որ կարգավորման փուլային տարբերակը նրա վրա՝ ինչպես ցլի, կարմիր լաթի ազդեցություն չունենա: Փաշինյանը հրաշալի հնարավորություն էր ստացել այդ գործը գլուխ բերելու համար, մանավանդ, որ փողն էլ կար (սորոսա-թուրքական դաշինքն ու այլասերված ՀԿ-ները ողջ լինեն): Ո՞վ կարող էր այդ ամենն ավելի լավ թաքցնել հանրությունից, եթե ոչ «ժողովրդի վարչապետը»: Մի քիչ ժամանակը չէր բավականացնում, բայց դա էլ կոմպենսացրին իրենց յուրահատուկ ստերով՝ հայտարարելով, որ անհանգստանալու ոչինչ չկա, բանակցություններ չկան, բանակցային սեղանին փաստաթուղթ չկա եւ այլն, եւ այլն: Դե իսկ Փաշինյանի նոու-հաուն վերջն էր՝ «վիդիծե լի», ինքը չի կարող բանակցել, որովհետեւ Արցախի ժողովրդի մանդատը չունի. այսինքն՝ ես ղարաբաղցի չեմ: Կարող եմ, իհարկե, Ալիեւի հետ հանդիպել, լիֆտ նստել, նկարվել, լայվ մտնել, բայց միայն այդքանը:

Այսպես ձգեցին 2 տարի: Այդ ընթացքում ՀՀ վարչապետի լուռ համաձայնությամբ, իսկ շատ դեպքերում՝ նաեւ «դաբրոյով», իշխանությունների սորոսական թեւն զգալի աշխատանքներ տարավ իր ազգային արմատներին կառչած հայ մարդուց կոսմոպոլիտ էակ ձեւավորելու ուղղությամբ՝ այլասերություն ու հոգեւոր ավերներ սփռելով Ամասիայից մինչեւ Աղդամ: Բզկտվում էին պետական կառույցները, արդարադատությունը, բուհական եւ դպրոցական ծրագրերը, գիտական հաստատությունները, հայկական ծագում ունեցող կապիտալը, ուժային կառույցները, հետապնդվում էին Արցախյան պատերազմով անցած գեներալները, հրամանատարները, հերոսները, փլուզվում ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները: Ավելորդ է ասելը, որ մեզ «ուղարկված» այս կորոնավիրուսն էլ արեց այն, ինչ չհասցրեց անել ՀՀ իշխանությունը՝ մեր հասարակությանը չմտածող զանգվածի վերածելու գործում:

Եվ այս իրավիճակում, հանկարծ, Սերգեյ Լավրովը խոսում է Արցախի խնդրի մասին՝ հայեր, ձեզ խաբում են, բանակցային գործընթացը գնում է, սեղանին կոնկրետ փաստաթղթեր կան՝ խնդրի փուլ առ փուլ կարգավորման մասին: Ո՞նց թե, բա Փաշինյանն ասում էր՝ փաստաթուղթ չկա, բոլորը հեչ եմ արել, նոր կետից ենք սկսելու, Ալիեւն էլ ձեր իմացած բոբոն չէ, լավ մարդ է... Եվ այս հեքիաթը փոշիացավ հաշված վայրկյաններում: Թափանցիկ չեք աշխատում, պարոն Փաշինյան, լավ չէ, ստում եք եւ դրա համար նույնիսկ ՀԴՄ չեք տալիս ականջները կախ Ձեզ լսողներին ու հավատացողներին:
Հիասթափվածների քանի՞ նոր խումբ ի հայտ եկավ Լավրովի շինիչ հայտարարությունից հետո, պարոն Փաշինյան: Կարո՞ղ ենք, արդյոք, ենթադրել, որ ՀՀ հեղափոխական իշխանություններից հիասթափված են նաեւ ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարները՝ Լավրովի եւ, իհարկե, Պուտինի գլխավորությամբ, որ այդպես էլ չադապտացվեց նոր Հայաստանին: Հասկանում ենք այս մեծ ու խորը լռության պատճառը: Լավրովի հետախուզությունը, փաստորեն, լավ է աշխատում: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռավար շփումից ժամեր առաջ նրա հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանն առնվազն մի քանի քայլ առաջ է արցախյան բանակցային գործընթացում եւ լրջագույն լծակներ ունի Հայաստանի ու Ադրբեջանի դեմ՝ իր թիկունքում նրանց սիլիբիլին թույլ չտալու համար: Եվ ի՞նչ են խորհում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հիմա, երբ բռնվել են հաղթանակի պտուղները ժողովրդից ծածուկ վաճառելու ու դրա դիմաց ամոթալի, խաղաղություն ստանալու իրենց սեւեռուն գաղափարն առաջ տալու նկրտումների մեջ: Տեր-Պետրոսյանին դա հրաժարական արժեցավ, իսկ ինչ կարժենա Նիկոլ Փաշինյանին, որի ձեռքում Տեր-Պետրոսյանի դրոշակն է, իսկ ուսապարկում՝ լիքը սուտ՝ ամենատարբեր ոլորտների, այդ թվում եւ արտաքին քաղաքականությանն առնչվող: