«Հրապարակ». Սպանության փորձ կատարած ալավերդցուն դեռ չեն գտել

«Հրապարակ». Սպանության փորձ կատարած ալավերդցուն դեռ չեն գտել

Հանուն ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի ալավերդցի Զորայր Շահվերդյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Ալեքսանդր Մելիքյանին իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Հիշեցնենք․ օրերս գրել էինք, որ Ալավերդիում քաղաքական հողի վրա ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մասնակցությամբ վիճաբանություն է եղել, որից ժամեր անց կրակել են նրան քաշքշած ալավերդցի Զորայր Շահվերդյանի վրա։

Սպանության փորձից 9 օր անց ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ նշված քրեական վարույթով առերեւույթ կրակոցներն արձակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում, ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու եւ ներկայացնելու հանձնարարություն»,- մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալավերդու «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին:

Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո ՔՊ-ն խոստացել էր Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ նշանակել քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի Սանահինցի Արմենչոյին: Սակայն խոստումը չի կատարել, ինչից գողականները խիստ վրդովվել են եւ որոշել են պատժել խոստումը դրժողներին։

Նրանք «ռազբիրատի» են կանչել Ալավերդու ՔՊ-ականներին եւ նրանց պատին դեմ տվել, բանը հասել է փոխադարձ վիրավորանքների եւ քաշքշուկների։ Ծեծկռտուքից հետո թեման շարունակվել է Ալավերդու երկաթգծի կայարանի թաղամասում: Հաշվեհարդար տեսնելու եւ հարցին վերջնական «իտոգ» տալու համար միջադեպի մասնակիցներից մեկը` Ալեքսանդր Մելիքյանը, 5-6 անգամ կրակել է «հակառակորդ» թիմից Զորայր Շահվերդյանի եւ այդ պահին այդտեղ գտնված այլ անձանց ուղղությամբ: Ըստ իրավապահների, Ալեքսանդր Մելիքյանը փորձել է սպանել Զորայր Շահվերդյանին: Մեզ ասացին, որ նա է եղել Արեն Մկրտչյանին ենթադրաբար ծեծած ալավերդցին: Ըստ ամենայնի՝ ի պատասխան «ռազբիրատի», իշխանամերձ շրջանակները փորձել են հաշվեհարդար տեսնել նրանից:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ հետախուզվող անձին Լոռու ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել։