Բոլոր հարցերի պատասխանները մենք 2024 թ. ընտրությունների արդյունքում կստանանք

Բոլոր հարցերի պատասխանները մենք 2024 թ. ընտրությունների արդյունքում կստանանք

«2024 թվականը ոչ միայն կոնֆլիկտներով հարուստ, այլեւ ընտրություններով հարուստ տարի է լինելու։ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ուկրաինան, Թայվանը, մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, հնարավոր է նաեւ Գերմանիայում, ինչպես նաեւ Բելգիայում ընտրություններ են լինելու։ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը հարցականի տակ է, ինչը պայմանավորված է պատերազմական իրավիճակով»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ըստ ուկրաինական օրենսդրության, մարտին պետք է ընտրություններ լինեն, հարցը հետեւյալն է` անե՞լ, թե՞ չէ։ Քննարկումները հիմա գնում են՝ անե՞լ ընտրություններ, թե՞ հետաձգել, ու ինչ կլինի։ Նույնիսկ ամենափոքր երկրներում, որոնք կիզակետում են գտնվում, ընտրությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ։ Կարծեմ առաջինը հունվարին Թայվանում են ընտրություններ սպասվում։ Այնտեղ իրավիճակը գրեթե 50/50 է։ Այնտեղ Դեմոկրատական կուսակցությունն է, որը Չինաստանի դեմ ագրեսիվ տրամադրված կուսակցություն է, եւ Գոմինդանն է, որոնք գրեթե հավասար ազդեցություն ունեն, եւ այդ ընտրություններից կախված է լինելու Թայվանի ճակատագիրը, որը նաեւ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Վրաստանում են ընտրություններ կայանալու, որոնք նույնպես շատ մեծ նշանակություն են ունենալու»,- ասաց Դանիելյանը։

Ադրբեջանում ընտրությունները, սակայն, ընտրություն համարել չի կարելի՝ Ալիեւի ու նրա ավտորիտար քաղաքականության հետեւանքով։ ՌԴ-ում եւս Պուտինն անխոս հաղթող է ճանաչվելու։ Այս երկրներն ավտորիտար երկրներ են, եւ, բնականաբար, այնտեղ չկա ինչ-որ թեկնածու, որը ֆինանսական, վարչական ռեսուրսներ եւ հանրային հաջողություններ ունենա, որ ընտրություններում կարողանա որեւէ լուրջ տոկոս նույնիսկ վերցնել, էլ ուր մնաց ընտրություններում հաղթելու մասին խոսել։ Ընտրություններն ազդում են աշխարհի ճակատագրի, աշխարհաքաղաքական փոփոխությունների վրա, եւ ցանկացած ընտրություն ունի գլոբալ ազդեցություն նույնիսկ փոքր երկրներում տեղի ունեցողի վրա։ Եվրոպայում եւս ընտրություններ են սպասվում՝ Գերմանիայում էլ կարող են արտահերթ ընտրություններ գնալ։ «Այս դեպքում ոչ ոք ներքին հարցերով չի զբաղվում, որովհետեւ նման իրավիճակներում ներքին հարցեր գոյություն չունեն։ Ցանկացած երկրի ներքին հարցը բերում է ինչ-որ ուժերի, որոնք համապատասխան քաղաքականություն կարող են վարել, որն աշխարհաքաղաքական նշանակություն կարող է ունենալ։ Բնականաբար, այդ ամեն ինչը բոլորի վրա ազդում է, նաեւ մեզ վրա է ազդելու»,- ասաց քաղաքագետը։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքում եթե Բայդենը չընտրվի, ինչը շատ հավանական է՝ հաշվի առնելով նրա ցածր վարկանիշը, կարո՞ղ է հանգեցնել ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության։ Դանիելյանը վստահ է՝ ԱՄՆ-ի ցանկացած ներքին ընտրություն ազդում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա։ ԱՄՆ-ի ընտրություններն ունեն համաշխարհային նշանակություն։ Դրանք ե՛ւ ներքին քաղաքականություն են փոխելու, ե՛ւ դրա հետեւանքով՝ նաեւ արտաքին քաղաքականություն։ Իսկ մեր պարագայում ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել, ասաց` Հայաստանի հարցն ԱՄՆ-ի համար փոքրիկ հարց է, սակայն մենք էլ ենք այդ ազդեցությունները զգալու։ «Միացյալ Նահանգների ընտրություններում պարզ չէ, թե ինչ գործընթացներ են գնում, որովհետեւ առաջին անգամ նախկին նախագահի նկատմամբ են քրեական գործեր հարուցված, գործող նախագահի նկատմամբ, վերջինիս մերձավոր շրջապատի վրա են քրեական գործեր հարուցված։ Հարց է՝ թույլ կտա՞ն, որ ընտրություններն անցկացվեն, ինչպես որ պետք է անցկացվեն։ Արդյո՞ք հանրային ընդվզումներ չեն լինի ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ կամ ընտրություններից հետո, որովհետեւ ԱՄՆ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունն արդեն  անվստահություն ունի նաեւ քաղաքական դասի եւ ընտրական համակարգի նկատմամբ։ Սա շատ լուրջ բան է, եւ դրանից բխում է, թե Միացյալ Նահանգներն ընդհանրապես ուր կգնա։ Ընտրություններն ԱՄՆ-ում ունեն նաեւ արտաքին օրակարգ, այնտեղ բաժանվում են գլոբալիստների եւ պահպանողականների․ գլոբալիստ ասելով՝ նկատի ունենք Դեմոկրատական կուսակցությունը, դա հենց ամբողջ աշխարհում իրենց քաղաքական օրակարգին է վերաբերում։ Այդտեղից ենթադրվում է, թե Եվրոպայի նկատմամբ ինչ քաղաքականություն կլինի, Միացյալ Նահանգները կմեկուսանա՞ն, եթե Թրամփը հաղթի, միջազգային կառույցներն ինչ ճակատագիր կունենան՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն եւ այլն։ ԱՄՆ-ի ընտրություններից է կախված, թե ինչ հարաբերություններ կստեղծվեն Ռուսաստանի, Չինաստանի հետ, ուկրաինական պատերազմն ինչ ելք կունենա»,- ասաց Դանիելյանը։

«Այդ ամենը մեզ վրա իր ազդեցությունը կունենա, քանի որ նաեւ ՌԴ-ի ճակատագիրն է որոշվում, եւ թե Ռուսաստանն ինչ քաղաքականություն կվարի ընդհանրապես եւ մասնավորապես Հարավային Կովկասում։ Այդ ամենը միմյանց հետ փոխկապակցված են։ Ստեփան Դանիելյանը խոսեց նաեւ Եվրոպական միացյալ բանակ ստեղծելու մասին, որը վաղուց է քննարկվում, տարիներ առաջ խոսում էին ֆրանս-գերմանական միավորումներ ստեղծելու մասին, հետո այդ հարցը սառեցվեց։ Հատկանշական է, որ Եվրոպայում եվրոսկեպտիկներն են իշխանության գալիս, Բելգիայում են ընտրություններ սպասվում, իսկ այստեղ է գտնվում ԵՄ մայրաքաղաքը։ Հավանական է, որ Բելգիայում իշխանության գան պահպանողականները․ Նիդերլանդներում են պահպանողականները, Սլովակիայում հաղթեցին, Հունգարիայի քաղաքականությունն էլ է հայտնի, Ֆրանսիայի ապագա ընտրությունների արդյունքները եւս պարզ չեն` հնարավոր է, որ այնտեղ եւս եվրոսկեպտիկները հաղթեն, ու հնարավոր է, որ եվրոպական միացյալ բանակ ստեղծելու ջատագովները շատանան։ Այս ամենն աշխարհաքաղաքական նշանակություն ունի, եւ դրանից կախված են Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները, ուկրաինական հարցը, բնականաբար՝ Միջին եւ Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում ինչ քաղաքական իրավիճակ կստեղծվի։ Այդ բոլոր հարցերի պատասխանները մենք 2024-ի ընտրությունների արդյունքում կստանանք, բայց այդ դեստաբիլիզացիան դեռ երկար կտեւի»։