Ես լինեի, կասեի՝ այ տղա, արի շալվարիս փողքը թափ տուր

Ես լինեի, կասեի՝ այ տղա, արի շալվարիս փողքը թափ տուր

Ներքաղաքական իրավիճակի մասին «Հրապարակը» զրուցել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

- Երեկ խորհրդարանում իրավիճակը թեժ էր: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցը վարչապետին հունից հանեց, վերջինս նախ մատ թափ տվեց ընդդիմության վրա, նրանց անվանեց դավաճաններ, ապա հայտարարեց, որ եթե պետք լինի ուրիշ բան էլ թափ կտա: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ բոյկոտեցին նիստը` հեռանալով դահլիճից եւ վարչապետին համարժեք պատասխան չտվեցին:

- Ես հույս ունեի, որ ընդդիմությունից գոնե կգտնվեր մի տղամարդ, որը Նիկոլ Փաշինյանին կտար թափ տալու հնարավորություն: Փաստորեն մարդն էդպիսի մարմաջով է տառապում: Ես հիասթափվեցի, որովհետև ոչ մեկը նրան թափ տալու չհրավիրեց: Եթե չեն արել, մեղքն իրենց վիզը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը թափ տալ ասելով ի նկատի չուներ, օրինակ, անկողին թափ տալը: Նա իրեն պահեց շատ լկտի և ես գտնում եմ, որ վարչապետին անհարիր էր նման ձևով արտահայտվելը: Այսօր ես որևէ գործողություն` կապված նրա անհարիր վարքագծի դեմ, չտեսա: Նա այսօր իր թափ տալու հաջողություններից ուրախացած բավականին ժպտադեմ կառավարության նիստ էր անցկացնում: Սա մեր երկրի խայտառակությունն է: Որևէ երկրի ղեկավար երբևէ նման արտահայտություն իրեն թույլ տվե՞լ է: Սա խայտառակության գագաթնակետն է:

- Օրինակ եթե Դուք պատգամավոր լինեիք, ի՞նչ կանեիք:

- Կասեի, այ տղա, արի թափ տուր կոշիկներս, կամ շալվարիս փողքը, կամ եթե ուրիշ բան թափ տալու ցանկություն ունես, հնարավորություն կընձեռվի:

- Այսինքն` այսօրվա ընդդիմությունն այնքան էլ կոշտ և վճռական չէ՞:

- Այն ժամանակ այսօրվա խորհրդարանական ընդդիմության առանձին ներկայացուցիչներ մեզ քննադատում էին, թե մենք այնքան էլ վճռական և կոպիտ չենք: Ես առիթ ունեցել եմ քննադատել ընդդիմությանը և ես չեմ կարծում, թե իմ օբյեկտիվ քննադատությամբ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր եմ լցնում: Ես ասել եմ նաև, որ շատ մեծ սխալ էր նաև նախագահի թեկնածու չառաջադրելը: Սրանով մենք Նիկոլ Փաշինյանին հնարավորություն և առիթ ենք տալիս, որ նա կանգնի ու ասի դուք ի՞նչ ընդդիմություն եք, դուք ինչքանո՞վ եք լուրջ, որ մի կարգին նախագահի թեկնածու էլ չունեք: Կարող էին մի արժանավոր մարդու առաջադրել` որպես նախագահի թեկնածու, դիմացինին սարքեր փալաս, թեկուզ չընտրվեր: Ինձ համար ընդդիմության այն հայտարարությունը, թե մեկ է` մեր առաջադրած նախագահի թեկնածուն չէր ընտրվելու, համոզիչ չէ: Ես հիմա հարց եմ տալիս ընդդիմությանը. մեկ է ձեր կողմից որևէ օրինագիծ կյանքի չի կոչվում, ինչո՞ւ եք մանդատները պահում: 17-րդ անգամ չեն կարողանում Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ընտրել: Այն էլ` անհիմն պատճառներով: Կա անձնական վրեժխնդրության հարց: Արթուր Ղազինյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ է շպրտել: Այնպես չէ, որ Արթուր Ղազինյանը պաշտպանության հարցերի հետ կապ չունի, իսկ, ասենք, Անդրանիկ Քոչարյանը կապ ունի: Այնպես որ ընդդիմության նախագահ չառաջադրելու պատճառաբանությունն անհիմն է ու անլուրջ:

- Փաստորեն` ընդդիմությունը փողոցային պայքար մղել չի կարողանում, խորհրդարանում էլ բոյկոտից բացի այլ պայքարով աչքի չի ընկնում:

- Մանդատները վերցրին, ժողովրդին համոզեցին, որ իրենք մանդատապաշտությամբ չեն տառապում, այլ ԱԺ-ում ներգրավված լինելով իրենք նաև իշխանությունների դեմ պայքարելու են փողոցում, սակայն այսօր փողոցային պայքար գոյություն չունի: 480. 000 ձայն ստացած քաղաքական ուժը գոնե դրա 10 տոկոսը կարող էր բերել Ազգային Ժողով, սակայն դա էլ չեն անում: Ուրեմն չեն կարողանում: ԱԺ-ում էլ չունեն նշանակալի մասնակցություն: Ինձ համար նշանակալի պայքարի օրինակ կլինի, երբ կարողանան իրենց ներկայացրած նախագծերը կյանքի կոչել: Մենք միայն փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ ենք տեսնում: Դրան էլ գումարած երկրի գլխավոր թափ տվողն ասում է` պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ:

- Նաև տեսակետներ են հնչում, որ վարչապետը դիտմամբ կոնֆլիկտային մթնոլորտ ստեղծեց, որպեսզի հարց-պատասխան չլիներ, քանի որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը վերաբերող հարցին չէր կարող հստակ պատասխանել:

- Նա դավաճան է: Նա դավաճան է իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ: Ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ մեկը նրան ասեր արի շալվարս թափ տուր, էնտեղ կռիվ լիներ: Թող լիներ: Ազգային ժողովում անընդհատ էլ կռիվներ լինում են: Ի՞նչ է նշանակում վարչապետը կանգնի ասի պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ: Արա, եթե դու թափ տալու մարմաջ ունես արի էնքան բան կասեմ թափ կտաս, մինչև հոգնես: Դրսում այդ ամենը նայելու և մեզ վրա ծիծաղելու են, թե մենք ինչպիսի երկրի ղեկավար ունենք: Սրանից ավելի մեծ խուլիգանությո՞ւն, օրինակ եթե ես լինեի ՀՀ գլխավոր դատախազը, քրեական գործը կհարուցեի: Մենք բոլորս էլ հասկանում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ի նկատի ունեցել: Վարչապետը պետք է օրինակ ծառայի երկրին, երիտասարդությանը, սա ի՞նչ վարքագիծ է: Ընդդիմության ամեն ասածի համար քրեական գործ են հարուցում, բա հիմա դատախազությունն ինչո՞ւ է լուռ: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ո՞վ է ասել, որ Գևորգ Պետրոսյանին այդպիսի արտահայտություն անել չի կարելի, իսկ Նիկոլ Փաշինին կարելի է: Այսինքն` ստացվում է, որ մենք շարունակում ենք երկակի ստանդարտները պահպանել: