Աղետալի հրդեհի մասին ինչ է պատմում հայ համայնքի նախագահը

Աղետալի հրդեհի մասին ինչ է պատմում հայ համայնքի նախագահը

Փետրվարի 22-ին, ժամը 17:30-ի սահմաններում Վալենսիայի Կամպանար թաղամասում տեղակայված բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ էր բռնկվել։ 

Տեղական ԶԼՄ-ները հրդեհն անվանել են քաղաքի պատմության մեջ եղած ամենաաղետաբեր հրդեհը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ «ցնցված է Վալենսիայի սարսափելի հրդեհից», քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել։ Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը Hraparak.am-ին որոշ մանրամասներ պատմեց հրդեհից:

«Գրեթե 24 ժամ մարման աշխատանքներից հետո հրշեջների և ոստիկանության հետազոտության բաժնի առաջին խմբերին հաջողվել է մուտք գործել Վալենսիայի Կամպանար թաղամասում երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքով ավերված երկու բնակելի շենքերի տարածք: Վերջին թարմացված տեղեկություններով` 10 զոհված մարդու մարմին է նույնականացվել, 14 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Հրդեհը, որի պատճառը դեռևս անհայտ է, բռնկվել է շենքի 7-րդ հարկում և ընդամենը կես ժամվա ընթացքում սկսել է տարածվել ամբողջ 14-հարկանի և հարակից 10-հարկանի շենքերի վրա։ Իսպանական մամուլն ամբողջովին ողողված է աղետի վերաբերյալ նորություններով, և հատկապես` շենքի շինարարության համար օգտագործված նյութի մասին տեղեկություններով. ըստ մասնագետների, շենքի դիմաճակատի համար օգտագործված նյութն իր մեջ պոլիէթիլենային տարր է պարունակում, որը հեշտությամբ հրկիզվող է։ Զոհվածների ընտանիքներին և տուժածներին Վալենսիայի տեղական կառավարությունն արդեն 10.000 եվրոյի ժամանակավոր աջակցություն է ցուցաբերել։ Նրանց տեղավորել են հյուրանոցներում։ Այն ընտանիքներն ու անհատները, ովքեր պատրաստ են տուն վարձել կամ գնել, կառավարությունն արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել։

Այդուհանդերձ, ներկայումս ապահովագրական ընկերությունները հաշվում են ծախսերը, որոնք պիտի տրամադրել գրեթե ամեն ինչ կորցրած բնակիչներին։ Նշենք, որ երկու շենքերում ընդհանուր 138 բնակարան կար, որոնցից ընդհանրապես ոչինչ չի մնացել։ Երեկ, հրդեհից անմիջապես հետո, աղետի վայր են այցելել Վալենսիայի քաղաքապետ Մարիա Խոսե Կատալան և մարզպետ Կարլոս Մասոնը։ Վերջիններս այսօր ուղեկցել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, ով կառավարության ողջ աջակցությունն է հայտնել տուժածներին։ Տուժածների մեջ հայեր չկան։ Իսպանիայի Արարատ հայկական միությունը, ողջ իսպանահայության անունից, իր ցավակցությունն ու աջակցությունն է հայտնում տուժածներին և իրենց ընտանիքներին»,-ասաց մեր զրուցակիցը ։