Բելառուսի հետ լարումը Արեւմուտքի առաջ հավատարմություն ցույց տալու միջոց են

Բելառուսի հետ լարումը Արեւմուտքի առաջ հավատարմություն ցույց տալու միջոց են

Հայաստան-Բելառուս երկկողմանի հարաբերությունների մակարդակը նվազեցվեց` ե՛ւ Հայաստանը հետ կանչեց իր դեսպանին, ե՛ւ Բելառուսը: ՀՀ վարչապետն էլ հայտարարեց, որ այսուհետ ոչ մի պաշտոնյա չի մեկնելու Բելառուս, ինքն էլ չի մեկնելու, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է: Սա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում՝ բացատրում է վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը:

«Երկրորդը․ այստեղ չկա իրական կոնտեքստ, որովհետեւ այդ հայտարարությունը, որ Լուկաշենկոն արել էր, տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ: Եթե դա էական լիներ այսօր Հայաստանում որոշում կայացնողների համար, ապա իրենք նույն օրը կամ հաջորդ օրը կարձագանքեին ու ինչ-որ որոշումներ կընդունեին: Հետեւաբար, այստեղ կան մի շարք ենթանպատակներ։ Հիմնական ենթանպատակն է՝ ցույց տալ Արեւմուտքին, որ մենք այսօր եղած բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք: Հայաստանը փաստացի կարողացավ Արեւմուտքին ցույց տալ, թե տեսեք՝ մենք ինչին հասցրինք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը, որ Ռուսաստանը հետ կանչեց իր դեսպանին: Այո, ինքը հիմա հետ է եկել, բայց դա շատ կարեւոր պրեցեդենտ` նախադեպ էր մեր հարաբերությունների մեջ»,- ասաց Մելքոնյանը:

Վերլուծաբանի կարծիքով` նույնը հիմա տեղի է ունենում Բելառուսի հետ, սակայն այս պարագայում դա ավելի հեշտ է, քանի որ Հայաստանն այդքան կապված չէ, կախվածություն չունի Բելառուսից՝ մեր առեւտրաշրջանառությունը տարեկան մինչեւ հարյուր միլիոն դոլար է: Այնինչ Ռուսաստանի պարագայում առեւտրաշրջանառությունն այս տարի հասել է 3.7 միլիարդ դոլարի, ինչն անհամեմատելի է: «Ցույց տալ, որ մենք կամաց-կամաց եվրասիական գործընկերների հետ հարաբերությունները փոխում ենք, շատ լավ միջոցներից մեկն է: Բայց կա ուրիշ ենթանպատակ՝ փոխել օրակարգը: Բոլորս հասկանում ենք, որ այսօր Հայաստանի օրակարգը հիմնականում ներքին հարցերի հետ է կապված, եւ երբ Բելառուսի հանդեպ եւ այս հարցում հասարակության մեծամասնության մոտ այդ երկրի քաղաքականության հանդեպ կա ընդունված տրամադրություն, հետեւաբար՝ օգտագործել այսպիսի անվնաս, ունիվերսալ միջոց՝ պոպուլիստական, չէ՞ որ դա պոպուլիզմ է, երբ դու հատուկ հայտարարություններ ու քայլեր ես անում, որպեսզի ներքաղաքական դաշտում ռեյտինգ ապահովես, որն օրակարգի հետ ընդհանրապես կապված չէ: Օրակարգն այսօր Հայաստանում եւ Հայաստանի շուրջ լրիվ այլ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Այս ընթացքում տեղի է ունեցել Ալիեւի այցը Թուրքիա, Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ գործընկերների, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Եռակողմ զորավարժություններ են տեղի ունենում՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, երկկողմ զորավարժություներ են տեղի ունենում` Ադրբեջան-Իրան: Այսինքն՝ տարածաշրջանում տեղի են ունենում պրոցեսներ, որից Հայաստանը դուրս է մնացել, որովհետեւ Հայաստանի դերակատարումը, սուբյեկտայնությունը նվազել են, Հայաստանը հիմնականում դարձել է օբյեկտ, մանավանդ՝ Արցախը կորցնելուց հետո, որից ոչինչ կախված չէ, որը ոչինչ չունի տալու հարեւան երկրներին եւ միջազգային հանրությանը: Մելքոնյանը շարունակում է. «Հետեւաբար, այսպիսի պոպուլիստական քայլերով դու ուշադրություն ես գրավում եւ դա կարող ես ծախել թե՛ ներսում, որտեղ դիրքերդ գնալով թուլանում են, եւ թե՛ դրսում` ցույց տալով քո գործընկերներին, որ ոչ միայն հայտարարություններ եմ անում, այլ նաեւ գնում եմ քայլերի: Եվ սա նոր քայլերից մեկն է»։