Ընկերություններ կան, որ մտնում են գիրք տպագրելու գործի մեջ, բայց կյանքում գիրք չեն տեսել, կարդալ էլ չգիտեն

Ընկերություններ կան, որ մտնում են գիրք տպագրելու գործի մեջ, բայց կյանքում գիրք չեն տեսել, կարդալ էլ չգիտեն

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, օրերս գրել էր. «Ի՞նչ տարավ մեզանից Վահան Քերոբյանի ձերբակալությունը.

ա) այն, որ Հայաստանի չինովնիկին եւս մեկ անգամ հուշեցին՝ եթե չաշխատես, ապա չես վտանգվի, եթե աշխատող ես, ապա էլ գործ մի արա, եթե գլուխ պահող ես, ապա ապրես։

բ) Որ քաղաքացին պետք է ունենա նաեւ այլ՝ հզոր երկրի քաղաքացիություն, որի դեսպանը կմտնի վարչապետի մոտ, եւ նրան ազատ կարձակեն։ Որ Հայաստանի քաղաքացին անտեր է, եթե չունի զապաս քաղաքացիություն, եւ իր հանդեպ քննչական մարմիններն ու դատախազությունn ինչ կուզեն՝ կանեն։

գ) Որ տենդերներին շարունակաբար կարող են մասնակցել վատ աշխատանք կատարողները` էժան գնով, ու վարի տան բոլոր ծրագրերը։ Այսօր մեր ոլորտում տենդեր են հաղթում հումքից էժան գնով։ Էդ ո՞նց են ապրանք տալու։ Կա՛մ ապրանքը չեն տալու, կա՛մ լրիվ չեն տալու` կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելով, կա՛մ էլ աղբ են օգտագործելու` հումքի փոխարեն։ Ու ամենաշատը տուժելու են բարեխիղճ արդյունաբերողները, քանի որ շուկան խաթարվում է։

դ) Դաս ակտիվ գործարարներին. եթե ուզում ես բան փոխվի քո երկրում, ապա նստի սպասի բախտիդ, որ մի օր մի չինովնիկ քո բնագավառից կհասկանա այնքան, որ բնագավառդ վարի տալու փոխարեն գոնե ոչինչ չի անի։ Որ երբեք ու երբեք չստանձնես որեւէ պետական պաշտոն, լավ չաշխատես այդ պաշտոնում, ցույց չտաս, որ քո այլ պաշտոնյա կոլեգաներ գործ չեն անում կամ խելացի չեն անում, արդյունավետ չեն անում, երբեք լավը չլինես, միշտ լինես գորշ, որ տակդ չփորեն։

ե) Եթե չինովնիկ ես, ապա վերադասիդ միայն լավ տեղեկություն տուր, վատի մասին մի ասա, ջհանդամը թե ինչ կլինի՝ չի լինի։ Մտածածդ պահիր մեջդ։ Քծնիր վերադասիդ՝ որքան կարող ես։

զ) Մարդ, որ քեզ Հայաստանում ասել են, որ իբր դու մարդու իրավունքներ ունես՝ դու ոչինչ էլ չունես, բացի հարկ վճարելու, բանակ գնալու պարտավորությունից։ Որ քո պետությունը թքած ունի, որ դու ապրելու խնդիր ունես, որ չաշխատելդ վարի է տալիս մինչ այս վաստակածդ։ Որ կապ չունի` հիվանդ ես, թե չէ, եթե քննիչը չի ուզում, ապա տանդ մեջ կամ բանտում մեռի, դու ո՛չ մարդ ես, ո՛չ էլ մարդու իրավունք կունենաս, էլ ազատ լինելու իրավունքից ու համբավդ վարի տալուց չեմ խոսում»։ 

Քանի որ Արմեն Մարտիրոսյանը տեւական ժամանակ աջակցել է Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ական իշխանությանը, նախկինում դրամաշնորհներ ու պատվերներ է ստացել նրանցից, մեզ հատկապես հետաքրքրեց, թե ինչ է պատահել, ինչ նկատի ունի նա՝ հայտնի հրատարակիչը, ինչից է դժգոհ` ասելով, որ կան վատ աշխատողներ, սխալ տենդեր շահողներ: Մենք մի քանի հարց ենք ուղղել Մարտիրոսյանին:

- Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ տենդերներին շարունակաբար կարող են մասնակցել վատ աշխատանք կատարողները` էժան գնով, ու վարի տան բոլոր ծրագրերը։ Այս գրառման մեջ կար որոշակի հեգնանք, հիասթափություն: Ի՞նչ նկատի ունեք, եկեք ավելի հստակ խոսենք խնդրի մասին: Կթվարկե՞ք հստակ դեպքեր:

- Այս հարցի նրբությունը նաեւ նուրբ պատասխան է պահանջում: Վահան Քերոբյանի մեղադրանքը կապված է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետ: Մեղադրանքը երկու կտոր ուներ, ինչքան գիտեմ՝ միայն մեկ մասն է մնացել, որը վերաբերում էր նախարարության կարիքներին, պետք է ծրագիր, ծրագրային ապահովում լիներ, եւ այս ծրագրային ապահովման համար հայտարարվել էր մրցույթ: Մրցույթը շահում է մի ընկերություն, հետո մյուս ընկերությունը բողոքարկել է մրցույթի արդյունքները, ինչից հետո իրեն են հաղթանակը շնորհել: Ավել ոչինչ չգիտեմ: Բայց կա նաեւ այլ «բայց»․ ես 32 տարի է՝ բիզնեսի ոլորտում եմ աշխատում, մինչեւ 2018 թվականը Հայաստանի բիզնեսն ատկատների վրա էր, այն ընկերությունները, որոնք չէին ցանկանում թաթախվել դրանց մեջ, կա՛մ մնում էին առանց պատվերի, կա՛մ էլ մնում էր միայն այն պատվերը, որոնք ուրիշները չէին կարողանում անել: Սերժ Սարգսյանն էլ է մի անգամ ատկատների մասին խոսել: Եթե երկրում ատկատը կազմում է 10 տոկոս, դա նշանակում է, որ տվյալ ընկերությունը չի զարգանում: Ինչո՞ւ է տնտեսությունն աճում այն երկրներում, որտեղ չկա կոռուպցիա, որովհետեւ տնտեսագիտության մեջ այս երեւույթը կոչվում է շփումների գործակից: Տնտեսվարողների հետ հարաբերությունները վատացնում են, եւ ծախսերն ավելանում են: 2018 թվականից հետո, գոնե որպես համակարգ, ատկատը տարածված չէ, չհաշված մի քանի հանգամանք: Ենթադրվում էր, որ այս պայմաններում հարցը կարող էր լուծվել, սակայն այստեղ էլ այլ հարց է առաջ գալիս` չինովնիկը պետք է հարց լուծի, տնտեսվարողը դիմում է իքս հարցի համար, նա էլ ասում է` ինձ կմեղադրեն կոռուպցիոն կապի մեջ, եթե ես այս հարցը լուծեմ: Տնտեսվարողը բողոքում է, ասում է՝ լավ չէ, դուք անկիրթ եք, պատահական ձեւով հայտնվել եք այստեղ եւ այլն: Առաջին հայացքից այստեղ չկա կոռուպցիա, բայց չկա նաեւ զարգացում: Օրինակ, եկեք գիրք տպագրելու մասին խոսենք: Ընկերություններ կան, որ մտնում են գիրք տպագրելու գործի մեջ, բայց կյանքում գիրք չեն տեսել, կարդալ էլ չգիտեն, էլ ուր մնաց գիրք կազմելու մասին պատկերացում ունենան: Ուղղակի մտնում են, տենդերը շահում: Կան նաեւ ընկերություններ, որոնք, չհասկանալով տնտեսագիտությունից, ցածր գնով տենդեր են շահում, հետո ապրանք չեն կարողանում տալ: Ինքնարժեքով գիրք տպելու տենդեր են վերցնում՝ ակնհայտ իմանալով, որ այդ ամենի տակից դուրս չեն կարող գալ, իսկ եթե դուրս էլ գալիս են, դա ինձ մոտ կասկածներ է առաջացնում` կա՛մ տպաքանակը չես տվել, գրված է 5 հազար, դու 1000-ն ես տվել, կա՛մ եթե աղբ ես տվել՝ որակի փոխարեն, դա եւս մեծ խնդիր է:

- Իսկ Վահան Քերոբյանի լավ կողմը ո՞րն էր: Ի՞նչ է արել:

- Վահան Քերոբյանը նախարար էր, եւ անգամ նախարարության պահակի գործողությունների համար նա պատասխանատու էր: Նա գործարարի ղադրն իմացող, տնտեսության ղադրն իմացող մարդ էր, բավականաչափ ծանոթ էր աշխարհի տնտեսական մտքին եւ, ամենակարեւորը` ծանոթ էր Հայաստանի տնտեսությանը: