Հիմա Մադրիդյան ժառանգությունը դատապարտող Փաշինյանի ԱԳ նախարարն ի՞նչ սկզբունքների շուրջ է բանակցում

Հիմա Մադրիդյան ժառանգությունը դատապարտող Փաշինյանի ԱԳ նախարարն ի՞նչ սկզբունքների շուրջ է բանակցում

Ժնեւում երեկ ընթանում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։ Ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ 
Երեւանյան փորձագիտական շրջանակները երեկ հայտարարում էին, թե հայկական կողմի խնդիրը «Մադրիդյան սկզբունքների նախկին կիրառման տրամադրությունից դուրս գալն է»։

Այս սպասումների հիմքում, Կապանում Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված միտքն է՝ «ահա թե ինչպիսի ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը մեզ»։ Նա արձանագրել է, որ վերջինս կանգ էր առել 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու կետում։ Եթե Փաշինյանը դատապարտում է այդ ժառանգությունը, տրամաբանական հարց է առաջանում՝ հիմա բանակցություններն ի՞նչ սկզբունքների շրջանակում են ընթանում, եթե ոչ մադրիդյանի։ Կարելի՞ է ասել, որ հայկական կողմը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, որոնց տարրերը մշտապես եղել են բանակցային սեղանին։ Նախկիններն ասում են՝ իհարկե, ոչ։ Հարցն ուղղեցինք արցախյան հակամարտության ակունքներն ուսումնասիրած Մանվել Սարգսյանին։

Նա գնդակն ուղղեց Ադրբեջանի դաշտը՝ ասելով, որ «Բաքուն լրիվ, ամբողջությամբ» դրանից հրաժարվել է․ «Ուզում եմ հիշեցնել անցյալ դեկտեմբերը՝ Բրատիսլավայից առաջ, երբ Ադրբեջանը ներկայացրեց իր պոզիցիան, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա։ Իրենք դա արեցին, որից հետո Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ, որում նշեց, որ Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ պետք է կյանքի կոչվի Վիեննայում ընդունված հայտարարությունը։ Եվ, փաստորեն, ստեղծված էր մի վիճակ, երբ Մինսկի խումբը ստիպված էր հայտարարել, որ ՄԽ-ն պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, ու նաեւ կոչ արեց կողմերին՝ նախապայմաններ չդնել եւ շարունակել բանակցությունները, որովհետեւ ռազմական լուծման ճանապարհ չկա, իսկ ստատուս-քվոն էլ անընդունելի է»։ Եվ հիմա, Սարգսյանի խոսքով, կողմերն ուղղակի ընդառաջում են միջնորդների կոչին՝ շա-րու-նա-կել բանակցությունները։ Սարգսյանն արձանագրեց նաեւ, որ նախնական ժամկետ կա, որից հետո մերոնք պետք է գնան, տեսնեն՝ Ադրբեջանը պնդո՞ւմ է, թե՞ ոչ իր  լիակատար հրաժարումը Մադրիդյան սկզբունքներից։ «Հիմա եթե հանդիպում են, այս հանդիպումը նշանակում է, որ Մինսկի սահմաններում պատրաստ են շարունակել բանակցությունները։ Ոնց որ թե հիմա բանակցությունների շարունակականության խնդիրն է լուծվում, որովիետեւ Ադրբեջանը կարող էր չգալ, չէ՞։ Բայց ասել են, չէ՞, կգանք, ու հիմա դրա շուրջն է»,- ասաց նա։

ARDI` Հայկական հետազոտությունների ու զարգացման ինստիտուտի ռազմական հետազոտությունների բաժնի ղեկավար Լեոնիդ Ենգիբարյանը չի կարծում, որ Սարգսյանից ստացած ժառանգության դատապարտումը Նիկոլ Փաշինյանի կողմից կարող է նշանակել, որ նա դրանցից հրաժարվում է։ «Կարծում եմ՝ իր այդ հայտարարությունն ավելի շատ քաղաքական էր, քան՝ լուրջ։ Ի վերջո, բանակցություններին հայկական կողմը շարունակում է, չէ՞, ներկայանալ»,- ասում է նա եւ այդ բանակցություններն անվանում ոչ թե բովանդակային, այլ սոսկ բանակցություններ՝ բանակցությունների համար։

Փորձագետն անգամ անկարեւոր է համարում՝ Մադրիդյան սկզբունքներո՞վ, թե՞ ոչ, որովհետեւ կարգավորման բոլոր սկզբունքներն էլ ընդունելի չեն կողմերի համար։ «Եվ, առհասարակ, որքան ժամանակ է անցնում, այնքան այս կոնֆիգուրացիայում դժվարանում է փոխզիջման հասնելը»։ 26-ամյա հակամարտությունն իր ողջ պատմության ընթացքում, ըստ նրա, ընդամենը 1-2 անգամ է արձանագրել պահեր, «երբ ինչ-որ բան մոտ էր»։ Լեոնիդ Ենգիբարյանի խոսքով՝ առավելագույնը, ինչին պատրաստ է Ադրբեջանը, իր կազմում Արցախի ինչ-որ ինքնավար կարգավիճակն է, իսկ Հայաստանը, հաշվի առնելով թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ ադրբեջանական հռետորաբանությունը, որեւէ տարածքային զիջման չի գնա այս պայմաններում։ 

Regnum.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն իր՝ «Ով կսովորեցնի Փաշինյանին խաղալ քաղաքական բիլիարդ» հոդվածաշարում նշում է․ «Ընդ որում, իր բիլիարդում նա օգտագործում է ծուռ հարվածները։ Հակամարտության ներկա բանակցությունների հետ դա բոլորովին կապ չունի։ Կան միայն բարձրագոչ հայտարարություններ եւ խոսակցություններ»։