Հիսուսի անունը «իր բերանին առնելու» պատճառը․․․

Հիսուսի անունը «իր բերանին առնելու» պատճառը․․․

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ համեմատելը չնայած հումորային գնահատականի արժանացավ և լուրջ չընկալվեց, բայց ասեմ, որ այն քաղաքական լուրջ ենթատեքստ ունի։  

Արցախյան թեման տարբեր շրջապտույտներով, խաղաղասիրական աղավնու թևիկներով, «բարեկիրթ Ալիև» գնահատականներով չմարսվեց ժողովրդի կողմից։ Որոշվեց, որ թեմային այլ շրջապտույտով մոտենալ։ Ուշադիր եղեք Հովիկ Աղազարյանի խոսքին, որ համարյա բաց տեքստով  ասում է, բայց քանի որ հանրությունը ֆիքսված է Փաշինյանը Հիսուսի հետ համեմատվելու թեմայի վրա, կարդում ու չի նկատում տողատակը․

«Հիսուսը եղել է լուսավորիչ, մեծ մարդ է եղել, հզոր մարդ և փորձել է ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն, վաղվա օրվա նկատմամբ վստահություն և այլն»։ Ուշադրություն դարձրեք՝ փորձել է ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն։ Ոչ թե փորձել է մարդկանց, մարդու մեջ բարություն, հանդուրժողականություն սերմանել, այլ` ժողովուրդների մեջ։ Սա է մեխը և այդ մեխի վրա է կառուցում իր ասելիքը։ Սա նույն խաղաղասիրության, բարության, հանդուրժողականության քաղաքականությունն է, որ տարիուկես վարչապետը տարբեր շրջապտույտներով փորձում է մարդկանց «հասանելի դարձնել»։ Սա դառը կորիզի քաղցր կարծրաշապիկն է, որ համտեսել են առաջակում։ Իսկ թե Հայկական  կողմին բարության, հանդուրժողականության, կավելացնեի՝ զիջողականության քաղաքականությունն ուր կհասցնի, մնում է միայն պատկերացնել, երբ հակառակորդի համար բարությունն ու թուլությունը համարժեք են, երբ հակառակորդը բարություն ու հանդուրժողականություն չի ցուցաբերվում։

Հովիկ Աղազարյանը, որ ցավ է ապրում, երբ իր թոռնիկը աղոթում է, հայտնություն է անում․

«Ես չեմ համեմատում Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ, բայց այն մոտեցումները, որ ինքն է ձևավորում ու այն արժեհամակարգը, որով ինքը առաջնորդվում է, բարու, լուսավորի, հանդուրժողականության արժեհամակարգն է: Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը, հիմա էլ կարող է պատահի որոշ մարդիկ ճիշտ չեն գնահատում»:

Այսինքն պատգամավորը բացեիբաց ներկայացնում է քաղաքական այն արժեհամակարգը, որով առաջնորդվում է Փաշինյանը։ Քաղաքական բառը շեշտում եմ, որպեսզի պարզ լինի, թե մինչև ուր կարող է մարդուն հասցնել քաղաքականությունը։ Մարդը միայն Նիկոլ Փաշինյանով հասկացավ, որ Հիսուս կա․ «Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում դրան, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ»:

Հիսուսի խաչելը հիշեցնելը նույն քաղաքական ենթատեքստի ներքո է։ Իրենք պատկերացնում են, որ այն, ինչ պիտի անեն, տեղի է ունենալու Հիսուսի խաչելության նման մի բան, մոռանալով, որ «խաչելությունից հետո» իրենք չեն համբառնելու երկնքում։ Զավեշտն այն է, որ իրենց արածը համեմատում են Հիսուսի աշխարհ գալու և աշխարհը իր արյունով սրբագործելու, արդարություն հաստատելու հետ։ Գիտեն, որ հեշտ չի լինելու, բայց դա պատգամավորը ներկայացնում է թեթև վրձնահարվածով՝ հիմա էլ կարող է պատահի որոշ մարդիկ ճիշտ չեն գնահատում։

Հիմա պա՞րզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին համեմատում Հիսուսի հետ, թե ինչու է Հիսուսի անունն առնում իր բերանին, թե ինչ է նշանակում ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն։

Մի բան կուզեի հիշեցնել Աստծուն չճանաչող մարդուն՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո սերն ու հանդուրժողականությունը իսպառ վերացել է։ Գիտակցական իմ կյանքում նման ատելությամբ, չարությամբ լեցուն մթնոլորտ չեմ տեսել։ Երբ Տանդ մեջ Սեր չկա, Սուրբ հոգի չկա, երբ հոգուդ մեջ խաղաղություն, ներդաշնակություն, հանդուրժողականություն չկա, ինչպե՞ս կարող ես այն սերմանել։ Դա նույնն է, երբ սերմ չունենաս, բայց ցանես։