Հայաստանի ընդդիմությունը որ դեպքում կկարողանա գալ իշխանության

Հայաստանի ընդդիմությունը որ դեպքում կկարողանա գալ իշխանության

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նոյեմբերի 17-ին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին, բավականին հետաքրքիր հայտարարություններ էր արել, որոնց Հայաստանում թեեւ որոշակի անդրադարձ եղավ հանրային-քաղաքական դիսկուրսում, սակայն արագ մոռացության մատնվեց, չնայած, որ բավականին շատ ասելիք ունեին։ Ելնելով Զատուլինի հայտարարություններից, կարող ենք արձանագրել, թե ինչն է ակտուալ հայ-ռուսական ներկա հարաբերությունների համար։ Մասնավորապես, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարը կարծում ենք, որ սխալ է միասին դիտարկելը։ Տեսականորեն Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն միայն այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանին հստակ երաշխիքներ տրամադրվեն, որ, օրինակ, ՀԱՊԿ-ից դուրս գալու հաջորդ օրը Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին կամ էլ եթե հստակ միջազգային երաշխիքներ տրվեն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից, որ Հայաստանը կլինի արտաբլոկային չեզոք երկիր եւ նրա գոյությանը այդ կարգավիճակում վտանգ չի սպառնա։

ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի դուրս գալը ձեռնտու չէ հենց Հայաստանին։ Այն հայկական տնտեսության համար սնուցող երակ է եւ այդ երակից Հայաստանը չի հրաժարվի։ Հայաստանի ընդդիմության համար կարեւոր է հատկապես ի նկատի ունենալ այն, որ Կրեմլը, ըստ Զատուլինի, ունի սկզբունքային գիծ՝ աշխատել ղեկավարների հետ։ Հայաստանի պարագայում, Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի ղեկավար, իր բոլոր նեգատիվ կողմերով հանդերձ, գոնե այնքանով, որքանով որ լուրջ խնդիրներ չի ստեղծում ռուսական աշխարհաքաղաքական շահերի համար Հարավային Կովկասում, առայժմ ընդունելի տարբերակ է՝ որպես «չարյաց փոքրագույն»։ Փաշինյանն, ի տաբերություն, մյուս հավակնորդների, չունի ազգային-հայրենասիրական այն գիծը, որն ունեն հայաստանյան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները։ Իսկ այդ գիծ, անկախ հանրային բաց հռետորաբանությունից, Ռուսաստանի համար ընդունելի չի եղել դեռ ցարական ժամանակներից։

Փաշինյանն իր «խաղաղության դարաշրջանով», կարելի է ասել, որ գաղափարական առումով ավելի ընկալելի է 44-օրյա պատերազմից հետո առաջացած իրականության պայմաններում որպես Հայաստանի ղեկավար, քան 44-օրյա պատերազմի ավարտի եռակողմ հայտարարությունները հարցականի տակ դնող հայաստանյան ընդդիմությունը։ Հետեւաբար, եթե ընդդիմությունն ուզում է դառնալ իշխանություն, ապա պետք է որոշակի սրբագրումներ կատարի թե իր հանրային բառապաշարում, թե առաջարկած թեզիսներում, թե առհասարակ իր գործելաոճում, հատկապես, եթե ցանկանում է ռուսական աջակցությունն ունենալ։ Պետք է հասկանալ, որ կայսերական տրամադրություններով գերտերությունների համար ազգային-հայրենասիրական գիծը վանող է։ Այսինքն, լինել ընկալելի արտաքին աշխարհի, գլոբալ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների համար, որպեսզի հնարավոր լինի հասնել այն կոնսենսուսին, որով հեռանկար կբացվի Հայաստանում իշխանափոության համար։