Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ

Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ

Ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը բնորոշ են Լատվիայի ժողովրդին: Ամեն այցելությանս ավելի ու ավելի զարմանում եմ, թե ինչ արժանապատվութամբ են վերաբերվում Լատվիայում անկախության խորհրդանիշերին և առաջին հերթին ազգային լեզվին: Ամենուր գերիշխողը լատիշերեն գրություններն են, փույթ չէ, որ տեղացիներից ու զբոսաշրջիկներից շատերը չեն տիրապետում դրան: Մի որոշ ժամանակ անց սկսում ես ընտելանալ այդ հնչուն ու ականջահաճո լեզվին, ասենք այն սովորելն այնքան էլ դժվար չէ…

Հայաստանին նվիրված իր հոդվածում բանաստեղծ Յան Ռայնիսը մատնանշում էր, որ հայերը պատկանում են հնդեվրոպական ցեղին, և հայերենում կան բառեր, որոնք ընդհանուր արմատ ունեն լատիշերենի հետ: Ինքս եմ նկատել, որ ես, լավ, սիրտ, բիբար, շուն և ուրիշ բառերի համարժեքները լատիշերենում շատ նման են հնչում:

Մեծ հումանիստ և հայասեր Ռայնիսի արժանի ժառանգորդները եղան Միրձա Կեմպեն ու Մարիս Չակլայսը` Հայաստանին նվիրված իրենց բանաստեղծություններով: Հայկական ներկայությունը Լատվիայում զգալի է՝ Վահրամ Փափազյանից ու Ստեփան Շահումյանից մինչև Րաֆֆի Խարաջանյան, Ռուբեն Ահարոնյան և Գևորգ Ավետիսյան: Լատվիական արվեստի ականավոր գործիչներից հայկական արմատներ ունեն Ելենա Տանգիևա-Բիրզնիեկը և Յուրի Յուրովսկին: Հայ-լատվիական մշակութային առնչությունները բազմազան են. օրինակ, եթե այցելեք Ազգային պատկերասրահում բացված «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսը, այնտեղ կտեսնեք լատիշ բեմադրիչ Եվգենի Չանգայի երևանյան բնակարանի դռները՝ նրա մտերիմ գործընկեր Մինաս Ավետիսյանի նկարազարդումներով:

Հին Ռիգայի ամենակենտրոնում վեր է խոյանում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը (Ռիգայում էլի առնվազն երկու խաչքար կա), իսկ քաղաքի արևելյան մասում հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ հոյակերտ եկեղեցին է՝ Երևանի այգու հարևանությամբ:

Բացատրելով Հայաստանի հանդեպ իր հատուկ վերաբերմունքի պատճառները՝ Ռայնիսը գրում էր. “Մենք՝ լատվիացիներս, երբեք բախտից երես չենք առել. փոքր ժողովուրդ ենք մենք և, բնականաբար, համակրում ենք մյուս փոքր ու դժբախտ ժողովուրդներին”: Եվ ավելացնում է Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին էլ իրենց արդիականությումը չկորցրած խոսքեր. “Երբ ես ուղևորվում էի Ֆրանսիա, որն ապրել էր սարսափելի պատերազմը, բայց հաղթել էր, այն ժամանակ բազմաթիվ դեպքեր ստիպեցին ինձ հիշել այն ժողովուրդներին ու երկրները, որոնք է՛լ ավելի դժբախտ են, որոնք ո՛չ հաղթել են, ո՛չ ազատագրվել”:

Մեր երկրների մեկ այլ ցավալի ընդհանրություն. Հայոց ցեղասպանությունից 30 տարի անց Ռիգայում՝ Դաուգավայի աջ ափին ստեղծվեց հրեական գետտո, իսկ Լատվիան դարձավ Երկրորդ համաշխարհայինում տոկոսային հարաբերությամբ ամենաշատ բնակիչներ կորցրած երկրներից մեկը: Ապրված ցավը մերձեցնում է… Ռիգայի հոլոքոստի թանգարանում մի առանձին սրահ նվիրված է Հայոց ցեղասպանությանը, մի բան, որ ուրիշ տեղերում, ասենք Վաշինգտոնում կամ Լոնդոնում, ցավոք, դժվար է դեռևս պատկերացնել…

Ռիգան իր համեստ չափերից անհամեմատ մեծ դերակատարում է ունեցել միջազգային անցուդարձերում, հատկապես որպես մշակութային կենտրոն. բավական է շրջել քաղաքի փողոցներով՝ մի կողմում օպերային թատրոնն է, որի բեմին փայլել են ռիգացիներ Մարիս Լիեպան ու Միխայիլ Բարիշնիկովը, մեկ այլ թաղամասում այն տունն է, որտեղ քանդակագործ Վերա Մուխինան է ծնվել, քաղաքի մյուս կողմում՝ ռուսական սիմվոլիզմի դարաշրջանի թերևս ամենախորհրդավոր դեմքի՝ Վսևոլոդ Կնյազևի վերջին կացարանն է, կենտրոնում են Օսիպ Մանդելշտամի, Ելենա Բուլգակովայի ու Սերգեյ Էյզենշտեյնի մանկության հասցեները: Այգիներում փողոցային երաժիշտները կատարում են Ռայմոնդ Պաուլսի այնքան ծանոթ ստեղծագործությունները, բարձրախոսներից հնչում է Լայմայի ձայնը, իսկ ծառերի տակ Միխայիլ Տալի հայրենակիցները շախմատ են խաղում: Ռիգան Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից է՝ աշխարհում մոդեռն ճարտարապետության ամենամեծ կենտրոնացմամբ:

Չնայած գտնվում է Հյուսիսային Եվրոպայում, բայց զարմանալիորեն արևոտ ու հյուրընկալ երկիր է Լատվիան: Ամանորն էլ այստեղ սպասված տոն է. իզուր չէ, որ աշխարհում առաջին տոնածառը Ռիգայում է դրվել:

Այս օրերին լրանում է Լատվիայի Հանրապետության հարյուրամյակը, սակայն անկախության ձգտումը այստեղ դարերի պատմություն ունի, Լաչպլեսիսի և Սպիդոլայի միֆական ժամանակներից է գալիս (Լատվիայի դրոշն էլ աշխարհում ամենահներից է), մնայուն է այն, քանզի աքսորյալների, վտարանդիների, պարտիզանների, բարիկադների պաշտպանների արյունով է վաստակված: Այսօր Լատվիան ակներևորեն թոթափել է սովետական անցյալի լուծը ու հիրավի անկախ և շատ իմաստներով օրինակելի է նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համար:

Շնորհավոր անկախության տոնդ, սիրելի Լատվիա:

Աշոտ Գրիգորյան