Գյումրիում փողոցը մաքրող կնոջը սպանված հայտնաբերել է դուստրը. նոր մանրամասներ

Գյումրիում փողոցը մաքրող կնոջը սպանված հայտնաբերել է դուստրը. նոր մանրամասներ

Դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Գյումրու Սլաբոդկա թաղամասում  ծեծի է ենթարկվել փողոցը մաքրող 57-ամյա  Ջուլիետա Ղազարյանը: Կնոջը հասցրել են հիվանդանոց անգիտակից վիճակում: Գյումրի բ/կ-ից տեղեկացրեցին, որ վերակենդանացման բաժանմունքում կինն արդեն մահացել է:

«Այնքան վնասվածքներ ուներ, որ ուղղակի սարսափելի էր»,-ասացին հիվանդանոցից: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն ոչ թե սպանության հատկանիշներով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա, սակայն գործում առկա են վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ տարվում են օպերատիվ եւ անհրաժեշտ հետաքննական միջոցառումներ:

Այս պահին Գյումրիում տարատեսակ խոսակցություններ են պտտվում:Շրջանառվում է վարկած, թե կնոջն սպանել է ռուս զինծառայող, որը հնարավոր է ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Խոսվում է նաև, որ չի բացառվում, որ սպանությունը կատարվել է  կենցաղային հողի վրա, կամ միանձնային հարաբերություններ պարզելու շուրջ: 57-ամյա   Ջուլիետա Ղազարյանը Գյումրու քաղաքապետարանի աշխատակցուհի էր: 

Քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամի: «Մեր սանմաքրման բաժնի աշխատակցուհին էր, Սլաբոդկա թաղամասից էր, որտեղ դեպքը եղել է: Դուրս է եկել, որ աշխատանքի գնա, այսինքն՝ ավելի վաղ է եղել դեպքը, աղջիկն է ինչ-որ հայտնաբերել  ու ահազանգել: Ես մանրամասներ չգիտեմ, չեմ էլ կարող ասել, քանի որ իրավապահներն են զբաղվում»: Մեր հարցին, ինչպիսի անձնավորություն էր սպանվածը, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց՝ դե, նորմալ կին էր: