Լուկաշենկոն իրեն կարող է թույլ տալ առևտուր անել, մենք՝ ոչ

Լուկաշենկոն իրեն կարող է թույլ տալ առևտուր անել, մենք՝ ոչ

Բելառուսի էքսցենտրիկ նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն, ով ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս «հաթաթայով» խոսել Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտարարել է․«Սա պահվածք չէ. Գերմանիային 70, իսկ մեզ՝ 127 դոլարով»։ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը պետք է նվազեցվի, քանի որ Ռուսաստանը «այս դժվարին ժամանակահատվածում» Եվրոպային գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 70 դոլարով, մինչդեռ Մինսկը շարունակում է այն գնել 127 դոլարով:

Մեր դեպքում 1000 խորանարդ մետրի դիմաց 165  դոլար է, քանի որ ՌԴ -ն տևական ժամանակ է՝ մոտ 15 տոկոսով սահմանին բարձրացրել է գազի սակագինը Հայաստանի համար։ Ինչպես և սպասվում էր՝ «Գազպրոմ Արմենիան» դիմեց ՀԾԿ և առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին:Փոխարենն ընկերությունն առաջարկում է հուլիսի 1-ից  ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում նախ ասաց, որ այն, ինչ կարելի է Լուկաշենկոյին՝ առևտուր անել՝ Հայաստանը չի կարող։ Բանն այն է, որ Բելառուսով են անցնում  այնպիսի հույժ կարևոր էներգետիկ խողովակաշարեր, ինչպիսիք են «Յամալ Եվրոպան» գազատարը ու «Դրուժբա» նավթատարը։ Այսինքն՝ ենթակառուցվածքներ, որոնցով  Ռուսաստանը գազ ու նավթ է արտահանում Եվրոպա։

«Նաև չենք կարող, ինչու՞, որովհետև Բելառուսի կողմից բանեցվող այդ հռետորաբանությունը հետապնդում է լիովին այլ աշխարհատնտեսական նպատակներ։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ գազի շուկայում գործում են երկարաժամկետ գներ՝ 1 տարվա կտրվածքով սահմանվող և երկրորդ՝ սփոթային գներ։ Եվ այն 70 դոլարը, որի մասին խոսում է Լուկաշենկոն, գինը, որով ՌԴ-ն գազ է մատակարարում  Գերմանիային, իրականում սփոթային գինն է, որը սահմանվում է միջազգային բորսայում և կախված է մասնավորապես, նավթի միջազգային շուկայում տեղի ունեցող տատանումներից։ Ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ այն մոդելը, որն այսօր կիրառվում է Եվրոպայում, չի կարող ապահովել գնի  երկարաժամկետ սահմանում։ Այնտեղ գինն ազատականացված է և կարող է կտրուկ տատանումների ենթարկվել շաբաթների, անգամ օրերի կտրվածքով։ Օրինակ՝ մենք գիտենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Եվրոպայի առանցքային գազատրանսպորտային երկրներում՝ Նիդերլանդներում և Մեծ Բրիտանիայում,  իջել է՝ հասնլով 45-50 դոլարի»,-արձանագրում է Վահե Դավթյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ապրիլի սկզբին մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով նամակ էինք գրել Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ելնելով միջազգային գնային կոնյուկտուրայից։ Վահե Դավթյանի գնահատմամբ՝ լավագույնն, ինչ  կարող է առաջարկել ռուսական կողմն այս առաջարկի շրջանակներում,  հայկական կողմի համար սփոթային գների սահմանումն է։ Բայց այստեղ կա մի մեծ բայց։ Փորձագետը զգուշացնում է, որ սփոթային գների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ  դրանք ինչպես կտրուկ անկում են ապրում, այնպես էլ վաղը կարող են կտրուկ աճ ունենալ, երբ համաշխարհային շուկայում կայունացում կապահովվի։ 

Վահե Դավթյանի խորին համոզմամբ՝ մոտ 1-1․5 տարում գազի սփոթային գինը կհասնի 2018, 2019 թթ․ գներին, այսինքն՝ 180 առանձին դեպքերում՝ 220 դոլարի։ Վահե Դավթյանը հարցնում է՝ և ի՞նչ ենք անելու այդ ժամանակ, նորից նամակ ե՞նք գրելու Միլլերին։ Այստեղ նա գտնում է, որ ավելի լավ է՝ շատ չընկնել այսրոպեական խնդիրներ լուծելու հետևից և կենտրոնանալ ավելի երկարաժամկետ ռիսկերի վրա։