Հականիկոլականությունը և առողջ քննադատությունը տարբեր բաներ են

Հականիկոլականությունը և առողջ քննադատությունը տարբեր բաներ են

Կորոնավիրուսի ինտենսիվ տարածումը թույլ չտվեց ժամանակին անդրադառնալ «Հրապարակ» թերթում 0303․2020թ․ Էդիկ Անդրեասյանի «փաստագրական» կոդավորված վերլուծությանը, որը հաջորդել էր նույն օրը «Հրապարակ» թերթում տպագրված մեկ այլ՝ «Մակեյանը դիմում է գրել» հոդվածին, որտեղ ներկայացված էին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում Սահմանադրական դատարանի հանրաքվեի հարցով առաջացած տարակարծությունները, ըստ որի՝ Մակեյանը, մնալով փոքրամասնության մեջ, կուսակցության նախագահի հրաժարականի դիմում է գրել։ Անդրեասյանն իր վերլուծության մեջ ներկայացրել էր 90-ական թվականներին իմ կողմից ներկայացված քաղաքական հետապնդումների փաստագրությունից մի դրվագ, սակայն, ցավոք, պետք է արձանագրեմ, որ նմանատիպ գործընթացները հաջորդած բոլոր իշխանությունների ժամանակ շարունակվեցին շատ ավելի լկտի ձեւով։

Անդրադառնալով հեղինակի ներկայացրած 2015թ․ «քաղաքական շուլլերիզմի տարվան»՝ Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության լիդերին փոխելուն, նկատենք, որ ասվածը նորություն չէ, դա մշտական գործելաոճ է եղել բոլոր իշխանությունների ժամանակ։ Հեղինակի կողմից պարզունակ էին ներկայացված 2018թ․ իրադարձությունները, իրականում տեղի ունեցածը բազմաշերտ էր, փոխկապակցված դրսի գործոններով, որին առիթ կունենանք անդրադառնալ։ Հոդվածագրին հետաքրքրում էր, թե ինչու Մակեյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանին եւ «Հայկական ժամանակ» թերթը։ Նմանատիպ հարցադրումն իրազեկված մարդու կողմից տեղին չէ։ Հոդվածագիրը պետք է իմանար, որ իմ ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական համագործակցությունն սկսվել է 2006-ից, իսկ թե ինչու, իր ձեւակերպմամբ՝ 2015-ին «հակալեւոնական» հոդվածները «Հայկական ժամանակ» թերթում էին հրապարակվում, ապա իրազեկեմ՝ դեռեւս 2011-12-ին կար լուրջ հակասություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, իմ ու Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Պատճառը, մասնավորապես, ԲՀԿ-ի հետ համագործակցելով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության նախապատրաստումն էր, որի թեզիսները ներկայացվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։

Հաջորդ հարցը՝ ինչ կապ կարող էր լինել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության, Էդուարդ Եգորյանի եւ «Հայկական ժամանակ» թերթի միջեւ։ Կարծում եմ՝ գաղտնիք, որպես այդպիսին, չի եղել, ուղղակի այն իրականացվել է ոչ հրապարակային։ Փորձեմ հակիրճ ներկայացնել, առավել եւս, որ այն երկրի վարչապետին է վերաբերում։ «Հայկական ժամանակ» թերթը հիմնադրվել է 1997-ին, «Հայրենիք» պատգամավորական խմբի կողմից՝ Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ։ Վերջիններս էլ 1998-ին հիմնադրեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, 1999-ին իշխանությունները Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» թերթի հետ կապված քրեական գործ էին հարուցել եւ արգելել տպագրությունը, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը դիմել էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը՝ «Հայկական ժամանակ» թերթն իրեն տրամադրելու համար, որով հնարավորություն կունենա դատական գործընթացների ժամանակ պաշտպանվել։ Այն քննարկվեց ԺՀԿ քաղաքական խորհրդում, եւ Փաշինյանի խնդրանքը բավարարվեց։

1999-ի օգոստոսին Եգորյանը հանկարծամահ եղավ։ Այդ ժամանակ ավանդույթ էր դարձել՝ իշխանությունների համար խնդիրներ ստեղծող քաղաքական գործիչները կա՛մ ինֆարկտ էին ստանում, կա՛մ ինքնասպան լինում։ Էդուարդ Եգորյանի մահվանից հետո կուսակցության քաղխորհրդի երկու անդամներ հաջորդած արտահերթ նիստերում հարց բարձրացրին՝ թերթը Նիկոլ Փաշինյանից վերցնելու մասին, որին կտրուկ դեմ եմ արտահայտվել եւ պահանջել՝ այդ հարցն օրակարգում ներառել միայն այն դեպքում, երբ կներկայացվեն ռեսուրսներ, որով մենք կկարողանանք հրապարակել թերթը։ Եվ, չունենալով այլ հիմնավորումներ, այդ հարցը փակվեց, իսկ հարցը բարձրացնողները հետագայում կուսակցությունից դուրս եկան։ Ավելի ուշ թերթի վերահսկիչ փաթեթը եւս տվեցինք Նիկոլ Փաշինյանին, եւ առայսօր թերթը տնօրինվում է իր ընտանիքի կողմից։
Հեղինակի մեկ այլ դիտարկում, որ Մակեյանին 2018-ին տեսնում էինք քայլողների մեջ, մնացել է խաղից դուրս եւ արդեն հականիկոլական հոդվածներ է գրում, որոնք, սակայն, «Հայկական ժամանակն» այլեւս չի տպագրում։ Ըստ հոդվածագրի, ինչպե՞ս կարող է թերթը չհրապարակել իր սեփականատերերից մեկի հոդվածը, եւ ինչպե՞ս կարող է թերթը հրապարակող փայատերը թերթի տիրոջ վարած քաղաքականությունը քննադատել։

Նախ արձանագրենք, որ 2018-ին Մակեյանը չի եղել քայլողների մեջ, ես եւ Թամարա Հովհաննիսյանը կոորդինացնում էինք «Հանուն Հայաստանի պետության» ճակատը, որը նախաձեռնվել էր ժողովրդին ակտիվացնելու, փողոց դուրս բերելու եւ կանխելու Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը հերթական անգամ ուզուրպացնելու գործընթացը, ինչը մենք սկսել ենք շատ ավելի շուտ, երբ դեռ «Ելք» դաշինքում քննարկումներ էին գնում՝ փողոց դո՞ւրս գան, թե՞ ոչ։ Իհարկե, այդ օրերին եւս հանդիպում էի Փաշինյանի հետ, որը հավաստիացնում էր, որ եթե «Ելք»-ի իրենց գործընկերները չհամաձայնեն, միեւնույն է՝ «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշումը կայացրել է։ Մինչեւ 2018-ի ապրիլի 15-ը մենք սերտորեն համագործակցում էինք իրար հետ, համատեղ ենք գործել, իսկ թե դրանից հետո ինչ է եղել, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ներկայացնի Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հեղինակի այն ձեւակերպումներին, թե Մակեյանը հականիկոլական հոդվածներ է հրապարակում, իրականությանը չեն համապատասխանում՝ սրտացավ, առողջ քննադատությունը եւ հականիկոլականությունը տարբեր են, առավել եւս՝ հականիկոլականությունն ընկալվում է որպես նախկիններ եւ 5-րդ շարասյուն, որտեղ, բնականաբար, ես չկամ։

Այո, ես պարբերաբար քննադատում եմ իշխանություններին, մասնավորապես՝ 2020-ի հունվարի 22-ին եւ 23-ին «Հրապարակ» թերթում տպագրվել են իմ վերլուծական հոդվածները՝ «Իշխանության սթափության ահազանգ» եւ «Կոռուպցիոն չկազմաքանդված համակարգը շարունակում է թալանը», որտեղ ներկայացված փաստերից, քննադատությունից բացի, նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք եմ ներկայացրել, որն է՝ ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը։ Արձանագրենք նաեւ, որ նշված վերլուծականները դեկտեմբերի 9-ին ուղարկել եմ «Հայկական ժամանակ» թերթին, եւ երբ նրանք հրաժարվեցին տպագրել, միայն դրանից հետո՝ հունվարին, այն հրապարակվել է «Հրապարակ» թերթում։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը եւ անձամբ ես, բարձրաձայնելով բացթողումները եւ քննադատելով սխալները, կշարունակենք աջակցել գործող իշխանությանը, քանի դեռ կա հնարավորություն իրավիճակը շտկելու, որի հնարավորությունն օրեցօր նվազում է, ինչը հետեւանք է իշխանության կողմից իրականության զգացողության կորստի։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ