Ախտահանիչ միջոցներ ենք ձեռք բերել, անորակ է եղել, տայինք, որ երեխաների մոտ ալերգիա՞ լիներ

Ախտահանիչ միջոցներ ենք ձեռք բերել, անորակ է եղել, տայինք, որ երեխաների մոտ ալերգիա՞ լիներ

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գեղարքունիքի մարզպետարանի՝ գումարի բռնագանձման պահանջով: 

Ընկերության ներկայացուցիչ Հակոբ Քոյլոյանը խնդրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից՝ հօգուտ «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊ ընկերության, բռնագանձել 5մլն. 166 հազար 720 ՀՀ դրամ, որպես մատակարարված ապրանքի դիմաց չվճարված գումար, 111 հազար 084 ՀՀ դրամ տույժ, ինչպես նաև 605 հազար 557 ՀՀ դրամ դատական ծախս, որից 105 հազար 557 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Բանն այն է, որ 2020 թվականին Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգով, մրցույթ է հայտարարել եւ այն շահել է «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊ-ն, ով կորոնավիրուսի հետ կապված ախտահանիչ ապրանք է մատակարարել մարզպետարանին: Մարզպետարանն էլ իր հերթին ստացված ապրանքը բաժանել է մարզի ենթակայության տակ գտնվող դպրոցներին եւ հրաժարվել վճարել ընկերությանը:  

Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրանքը անորակ է եղել. «Ախտահանիչ միջոցներ ենք ձեռք բերել, անորակ էր եղել, պետք է տայինք   սաղ երեխաների մոտ ալերգիա՞ լիներ, հետ ենք տվել»: Իսկ ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետն էլ հավելեց. «Մենք մրցույթ ենք հայտարարել, իրենք մատակարարել էին այդ ապրանքը, մրցույթի 2-րդ տեղ զբաղեցրած անձը, քանի որ դա զուտ մասնագիտական խնդիր է, բնականաբար մենք չէինք նկատել այդ խնդիրը, մեզ հուշեց, որ դա չի համապատասխանում չգիտեմ ինչ-ինչ ստանդարտներին: Գրություն գրեցինք առողջապահության նախարարություն, այնտեղից էլ պատասխանեցին, որ տվյալ կազմակերպության ապրանքը վիրուսասպան չի համարվում: Մենք  ֆինասավորում չենք արել, դիմել ենք ֆինանսների նախարարություն, իրենք էլ դիմել են դատարան,  գործը ընթացքի մեջ է: Դատարանը ինչ վճիռ կկայացնի, ըստ այդմ կշարժվենք»:
  
 «Նախաձեռնել էին ընթացակարգ, որ մենք անորակ ապրանք ենք տվել, որ սեւ ցուցակ մեզ գցեին: Իրենց նախաձեռնությունը մերժվել է, ինքը չակերտավոր ասած մինի պրոցես է, որտեղ վիճարկման առարկա է դառնում մեր գնումների գործընթացի մասնակցին՝ իրավունք չունեցող մասնակցություն ներառելու համար, դա էլ պարզ է՝ ֆիննախն է անում: Մեր բոլոր փաստարկների հիման վրա այդ նախաձեռնությունը մերժվեց, մենք հիմնավորեցինք, որ մենք որակով ապրանք ենք մատակարարել և տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս ապրանքի որակին չհամապատախանելը, ես կարծում եմ գրագիտության խնդիր է, որ այդպես ֆիքսել են: Իրենք որակի գնահատական գիտեք ոնց են տվել, մեզանից ուզել են փորձաքննության արդյունքներ: Այսպես ասեմ, ուզել են 3 տեսակի փորձաքննության արդյունքներ, մենք իրենց ուղարկել ենք 2 փորձաքննության արդյունք:  Փորձաքննության 3-րդ նմուշը չենք ուղարկել, որովհետեւ Հայաստանում այդպիսի փորձաքննություն չի անցկացվում: Հայաստանը որեւէ կազմակերպություն չունի տեխնիկական նման հնարավորություն՝ վիրուսասպան հատկությունների բացահայտման: Վերցնում են այդ փաստաթուղթը ուղարկում են առողջապահության նախարարություն,  նախարարությունն ասում է, որ այս  փաստաթուղթը, որ տվել եք դրա մեջ չկա վիրուսասպան հատկությունների վերաբերյալ լաբորատոր փորձաքննության արդյունքներ: Հիմա իրենք էլ մեկնաբանել են, որ չկա էդ արդյունքները, նշանակում է չի համապատասխանում: Բայց չկան, դեռ չի նշանակում չի համապատասխանում: Եթե էդ փորձաքննությունը չես արել, դա չի նշանակում, որ չի համապատասխանում: Բառախաղի արդյունքում էապես են մեկնաբանել: Ապրանքը տվել ենք, եւ անցել է 2 ամիս նոր որոշել են, որ ինչ-որ քննարկում անեն, որոշեն որակի խնդիր կա՞, թե՞ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց «Բիո-Քիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հակոբ Քոյլոյանը:

Ըստ նրա՝ որոշել են այս պատմությունը, որ գումարները չփոխանցեն. «Որոշել են փողը մեզ չտան, մենք էլ դատական կարգով կգանձենք: Ամբողջ վատը գիտեք որն է, երբ որ մեզ գումարը չեն վճարում դրա արդյունքում գոյանում են տույժեր եւ տուգանքներ, փաստաբանի վարձատվության գումար, եւ ստացվում է,  որ պաշտոնատար անձի գործողության արդյունքում պետությանը X քանակի վնա՞ս է չէ պատճառվում, ով ա պատասխան տալիս այս ամենի համար, դա էլ մեկ ուրիշ հարց է»: