Կառավարությունը «նաղդում» է «AstraZeneca»-ն եւ ագրեսիվ գովազդի է անցել

Կառավարությունը «նաղդում» է «AstraZeneca»-ն եւ ագրեսիվ գովազդի է անցել

Կառավարությունը մի քանի օր առաջ անսպասելի փոխեց պատվաստումների կարգը․ այլեւս պարտադիր չէ, որ «AstraZeneca»-ով պատվաստվեն միայն 16-64  տարեկան եւ բարձր խոցելի խմբերը, կարող են պատվաստվել բոլոր ցանկացողները։ Պոլիկլինիկաներն էլ դրա համար կաշխատեն շաբաթը ոչ թե 5, այլ՝ 7 օր, շաբաթ-կիրակին էլ ներառյալ։ Կառավարությունն էլ, ոտուձեռ ընկած, ագրեսիվ քարոզարշավ է տանում․ Ավինյանն ու առողջապահության նախարարը ցուցադրաբար պատվաստվում են, Թորոսյանն իր քովիդ-անձնագիրն է ցույց տալիս (ի դեպ, «Սպուտնիկ V»-ով պատվաստման), Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե այլեւս ամբողջ աշխարհում որեւէ ճամփորդության համար պարտադիր է պատվաստումը, քանի որ որեւէ երկիր թույլ չի տա չպատվաստված  անձանց մուտք գործել իր տարածք։

Ինչո՞վ է պայմանավորված պատվաստման կարգի փոփոխությունը, այս քարոզարշավն ու աժիոտաժը․ ակնհայտ է, որ մարդիկ չեն ուզում պատվաստվել «Աստրազենեկայով»։ Սակայն իրացման խնդիր կա, ու պատվաստանյութը մնալու  է պետության վրա։ Մանավանդ, որ մայիսի 31-ին պատվաստանյութը կդառնա ժամկետանց, եւ դրա համար վճարված գումարը ջուրը կընկնի։ Առողջապահական կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը հարցնում է՝ իսկ  «AstraZeneca» պատվիրելով՝ ինչո՞ւ չէին մտածում, որ այդ խնդրի առաջ են կանգնելու․ պատվաստանյութը պահանջարկված չէ, գումարած՝ պիտանելիության ժամկետը լրանում է։

 Գրիգորյանն ավելացնում է․ «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված ռիսկերը ողջ աշխարհում չեն փոխվել, ազդեցությունը ողջ աշխարհում չի փոխվել, գիտությունն էլ նոր բան չի բացահայտել։ «Դա քմահաճություն է, որը մեր ժողովրդի քթից է գալիս։ Այլ պատճառ չկա, քան էդ պատվաստանյութի իրացումն ու սպառումը, այն, ժողովրդական լեզվով ասած, «նաղդելը»»,- ամփոփեց Գրիգորյանը։ 

Այստեղ մի նրբություն էլ կա․ «Սպուտնիկ V»-ն, համաձայն իր առդիր թերթիկի, 18-ից մինչեւ անվերջություն անձանց համար փորձարկված է, «AstraZeneca»-ն՝ ոչ։ «Իրենք հրամանի մեջ գրել են՝ «16-64 տարեկան», բայց 18-ից ցածր տարիքային խմբի համար որեւէ պատվաստանյութի որեւէ փորձարկում չի արվել։ Այսինքն՝ հետազոտված չէ, թե դա ինչ ազդեցություն կունենա անչափահասների վրա։ Բայց իրենք իրենց հրամանում ամրագրել են՝ «16-65 տարեկան»»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ պետությունը «AstraZeneca»-ի համար փոխանցել է 890 մլն դրամ եւ 1․6 միլիարդ էլ դեռ պետք է փոխանցի։ Այն պատվաստանյութի համար, որը չի իրացվում, եւ որի ժամկետը լրանում է մայիսին։ Գեւորգ Գրիգորյանի եզրակացությունը մեկն է՝ պետությունը վատ մենեջմենթ է իրականացրել․ «Շատ վատ մենեջմենթ, չեն հաշվարկել եւ նույնիսկ չեն էլ ուսումնասիրել կողմնակի եւ այլ երեւույթները, ինչի արդյունքում ունեցել ենք ուղղակիորեն գումարի ծախս եւ ունենք բնակչության վստահության կորուստ՝  առողջապահության եւ, առհասարակ, պատվաստումների նկատմամբ»։ 

Փաստորեն, կառավարությունն այդպես էլ հաշվի չառավ եվրոպական տասնյակ երկրների՝ «AstraZeneca»-ի նկատմամբ թեկուզեւ ժամանակավոր արգելանքները (պատվաստանյութի՝ թրոմբոէմբոլիա առաջացնելու բժիշկների ու հետազոտողների գնահատականները) եւ որոշեց, որ բերելու է «AstraZeneca» ու վերջ, որը, ի դեպ, ամենաէժանն է բոլոր պատվաստանյութերից։ Արդյունքում՝ հիմա անցել են «AstraZeneca»-ի պրոպագանդային։

Ավինյանն իր վակցինացիայից  հետո ասուլիս էր հրավիրել ու բացատրել․ քանի որ ամենաշատ ստերը տարածվում են «AstraZeneca»-ի շուրջ, պատվաստվում է դրանով։ Իսկ կառավարության նիստում վարչապետի հրահանգից հետո, մեր տեղեկություններով, նրա թիմից մեծ թվով մարդիկ կամավոր պատվաստվում են, որ վարչապետի խոսքը գետնին չգցեն եւ բնակչության համար էլ օրինակ ծառայեն։ Բնակչության անունից, սակայն, կարող ենք համարձակ պնդել, որ այս ցուցադրական օրինակները որեւէ բան չեն փոխում եւ բնակչությանն առանձնապես վստահություն չեն ներշնչում։ Արսեն Թորոսյանի էջի տակ օգտատերերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ «AstraZeneca», այլ ոչ «Sputnik V», «խեղճ ժողովրդին ուզում եք «AstraZeneca»-ով կոտորե՞լ, առաջինը ձեր վրա փորձարկեք» եւ այլն։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է կառավարությունը տարիքային սահմանափակումները հանում ոչ թե «Սպուտնիկի», այլ «AstraZeneca»-ի վրայից։ ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն այս անգամ առաջարկեց դիմել ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանին, որն էլ ուղարկեց Տիգրան Ավինյանի ճեպազրույցի տեսաձայնագրությունը եւ գրեց, որ հարցերիս պատասխանը կարող եմ գտնել այնտեղ։

Տիգրան Ավինյանը, իհարկե, իրացման  խնդրի մասին չի խոսում։ Միայն այն մասին, որ  տուրիզմի զարգացման եւ այլ ենթակառուցվածքների համար շատ կարեւոր է հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ, ու 200 մլն պատվաստումներից մոտ մի քանի տասնյակ վատ ելքով դեպքեր են գրանցվել։ Մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե ամեն մի նոր ալիքի հետ հիվանդության ծանրության աստիճանը բարձրանում է։ Անգամ բժշկական կրթություն չունենալով՝ վստահ ենք, որ սա կատարյալ նոնսենս է։ Պարզվեց՝ այդպես էլ կա, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը փաստեց․ «Կլասիկ ձեւով կենդանիներից մարդու օրգանիզմ անցած վիրուսը սկզբից ավելի ուժեղ է, ավելի մահաբեր, կատաղած, հետո որքան շատ է լինում մարդկային պոպուլյացիայի մեջ, այնքան մարդու  օրգանիզմն է իրեն փոխում, ինքն է փոխվում։ Ու առանց արտաքին միջամտության՝ էդ ճանապարհով գնում է»։ 

Իսկ եթե իրավաբան նախարարը վարակի նոր շտամներն է նկատի ունեցել, ապա այստեղ էլ չի ստացվում, որովհետեւ, այո, բրիտանական շտամի մասին սկզբում ասվեց, որ ավելի մահաբեր է, ապա հերքվեց՝ ավելի  մահաբար չէ, պարզապես ավելի վարակիչ է։ Գուցե սա նրանից է, որ ՀՀ առողջապահության նախարարն իրավաբա՞ն է։ Համաճարակաբանն ի պատասխան ասաց․ «Նրա նախորդն էլ այնպիսի բաներ էր ասում, որ ոչ մի տեսակի ո՛չ հետազոտություններով, ո՛չ գիտությունով հաստատված չէ։ Սկսած այգում վիրուսի ամպից, որը կարող է մի 10 րոպե կախված լինել, ու դու էդ ամպի կողքով անցնես՝ վարակվես։ Էլ չբնութագրեմ էդ հայտարարությունները։ Էդ էլ բժշկական կրթություն ունեցող նախարարն էր ասում»։