Կա՛մ Միքայել Մինասյանը, կա՛մ Արարատ Միրզոյանը՝ մեկուսարանում

Կա՛մ Միքայել Մինասյանը, կա՛մ Արարատ Միրզոյանը՝ մեկուսարանում

Միքայել Մինասյանը կրկնակի գործակալ լինելու մեջ է մեղադրում Արարատ Միրզոյանին եւ որպես փաստ՝ ներկայացնում է նրա ձեռքով գրված դիմումն ԱԱԾ-ին՝ սեփական ծառայությունները մատուցելու մասին: Պարզաբանում է, որ այդ դիմումը 2007 թվականին կամավոր չի գրել մեր ներկա ԱԺ նախագահը: Ազգային անվտանգության հետ համագործակցելու նրա որոշումը ստիպողաբար է եղել, քանի որ նույն ծառայության կողմից բացահայտվել է Թուրքիայի օգտին լրտեսություն անելու փաստը: Իսկ թուրքական անվտանգությունը, համաձայն Միքայել Մինասյանի աղբյուրի, Միրզոյանի հետ կապ է հաստատել եւ իրենով արել դեռ ԱՄՆ-ում ուսանելու տարիներին, որ պատրաստվում էր ներդրում ունենալ ցեղասպանագիտության ասպարեզում: Մինասյանը նաեւ պնդում է, որ այդ իրողության մասին տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը, քանի որ վարչապետ ընտրվելուց հետո ԱԱԾ-ից պահանջել է օտարերկրյա գործակալների ցուցակը եւ ստացել: Նաեւ, որ այդ ցուցակում Արարատ Միրզոյանը միակը չէ: Ինչպես տեսնում ենք, մեղադրանքը տարողունակ է՝  խորքով ու լայնությամբ, եւ մարդաշատ:

Նախ ձեռագրագետ-փորձագետները պետք է պարզեն՝  իսկապե՞ս Միրզոյանն է գրել այդ դիմումը, թե՞ կեղծիք է: ԱԱԾ-ն պարտավոր է հանդես գալ եւ պարզաբանել, եթե ոչ այն մասին, թե ինչ նպատակով եւ անհրաժեշտությամբ է համագործակցել մեր անվտանգության հետ Արարատ Միրզոյանը, ապա գոնե հերքել կամ հաստատել նրա՝ Թուրքիայի գործակալ լինելու մեղադրանքը: Եթե գործակալ է, ինչո՞ւ մինչ օրս համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել: ԱԱԾ-ն արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին տրամադրել է օտարերկրյա գործակալների ցուցակը, եւ արդյո՞ք դրանց մեջ եղել է Արարատ Միրզոյանի անունը: Եվ ինչպե՞ս է Միրզոյանի դիմումը հայտնվել Մինասյանի ձեռքում: Էլ չեմ հարցնում, թե ԱԱԾ-ն արդյո՞ք պետք է վարչապետին տրամադրեր գործակալների ցանկը, քանի որ այդ երկիրը չենք եւ հեռու ենք այդպիսին լինելու հեռանկարից, քանի որ կախված ենք եղել եւ կանք մեկ անձի որոշումներից:    

Այդ մեկ անձը՝  Նիկոլ Փաշինյանը, պետք է բացատրություն տա․ եթե ցուցակն իր ձեռքին է եղել, եւ իմացել է Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելը, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է նրան ԱԺ նախագահ դարձրել: Եթե, ըստ Մինասյանի, Միրզոյանի նմաններն էլի կան իշխանական մարմիններում, եւ դրան տեղյակ է Փաշինյանը, ինչո՞ւ է կանաչ լույս վառել եւ վառում նրանց առաջ: Եթե Փաշինյանը տեղյակ է, ուրեմն հանցակից է եւ պետական դավաճանությունը հովանավորելու մեղադրանքով պետք է ձերբակալվի ու մենախուց տարվի: Եթե ապացուցվի, որ Միրզոյանն իսկապես Թուրքիայի լրտես է, պետք է առաջին հերթին ձերբակալվի եւ մենախուց տարվի, նրա հետ նաեւ այն բոլոր անձինք, որոնց ցուցակը Փաշինյանի ու ԱԱԾ-ի ձեռքում է: Իսկ եթե այդ ամենը չապացուցվի, եւ պարզվի, որ հերյուրանք է Մինասյանի կողմից, ուրեմն նրան պետք է ձերբակալել եւ մենախուց տանել:

Ողջ հասարակությունը՝ Հայաստանում եւ սփյուռքում, սպասում է հերքող կամ հաստատող հիմնավոր ապացույցի ու պատասխանի: Միայն թե չասեք, որ եթե մեկ անձի որոշումից է կախված, ուրեմն ոչինչ էլ չի բացահայտվի: Սա այլեւս այդ դեպքը չէ, երկրի անվտանգության, լինել-չլինելու լրջագույն խնդիր է: Լռությունը Միքայել Մինասյանի օգտին է եւ բնավ էլ Հայաստանի Հանրապետության օգտին չէ: Իսկ ԱԱԾ-ի հակիրճ հերքումը նույնքան սպասելի էր, որքան անսպասելի էր Մինասյանի մեղադրանքը: Մենք այդ երկիրը չենք, իսկ մենք ուզում ենք այդ երկիրը լինել:

Հուսիկ Արա