Հարությունյանն ընդդեմ Փոստանջյանի․ վերջինիս կանչել են Արցախ

Հարությունյանն ընդդեմ Փոստանջյանի․ վերջինիս կանչել են Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դատի  է տվել քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանին։ 
Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայացադիմումը հասել է իրեն, սակայն բովանդակությունն անհասկանալի է․

«Կազմած հայցը գրագիտությամբ չի փայլում, ես էլ չեմ հասկանում՝ ինչ է ուզում, որովհետւ հստակ  նշված չէ։ Իմ ֆեյսբուքյան էջի հրապարակումների դեմ է հայցը։ Հայցադիմումը հետեւյալն է․ «Հայցադիմում՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ», այսինքն՝ ո՞ւմ, ի՞նչ, նշված չէ։ Հետո գրում է, որ սույն թվականի մայիսի 7-ին Զարուհի Փոստանջյան օգտատիրոջ կողմից տեսանյութ է հրապարակվել 3 րոպե 2 վայրկյան տեւողությամբ, որի վերնագիրն է՝ «Գյուղացիները պնդում են՝ շրջափակված Արցախի նախագահի կալվածք-նստավայրը՝ Սեւանի ափին» վերնագրով։ Մյուսը՝ «Սեւանի ափին  գյուղացիների ասածի հետքերով» վերնագրով Նարինե Կիրակոսյան յութուբյան էջի հղումը․ այս երկուսին է անդրադարձ կատարում։ Վերջում էլ գրում է՝ խնդրում եմ՝ հայցադիմումը ընդունել վարույթ։ Նա պահանջում է Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին զրպարտության միջոցով հասցված ոչ նյութական միջոցի հատուցում, Զարուհի  Փոստանջյանին պարտավորացնել հրապարակային հերքել  զրպարտություն համարվող փաստացի տվյալները կամ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը՝ հաստատելով հերքման ձեւը։ Հիմա, թե ո՞րն է զրպարտությունը, ի՞նչ գործարար համբավի մասին է խոսքը, պարտավորեցնել ի՞նչը հերքել,  չի գրել։ Ուզում եմ ասել՝ ի՞նչը պետք է ես հերքեմ»։

Հայցադիմումը Զարուհի Փոստանջյանին հասել է Արցախի փոստից, նրա մոտ հարց է  առաջանում , թե այդ ինչպե՞ս է հայցադիմումն իրեն հասել, երբ Արցախը բլոկադայի մեջ է․ «Հայցադիմումն ընդունվել է վարույթ, բայց անհասկանալի է, թե այդ որոշումը  ինչպե՞ս է հասել Երեւան՝ Արցախ-փոստի կնիքը վրան։ Հիմա այս որոշումը վերցնելու եմ, գնամ, իրենք են հրավիրում։ Հիմա տեսնեմ՝ ինչ պիտի պատասխանեն»։

Փոստանջյանը հիշեցնում է, որ այս տարվա  մարտի 31-ին փորձել էր գնալ Ստեփանակերտ, սակայն իրեն թույլ չէին տվել։