Քարտ բլանշ

Քարտ բլանշ

Իշխանության մեջ գտնվողները հասան իրենց մուրազին՝ նորից ստացան բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, մնում է, որ մենք՝ հասարակությունն էլ հասնի մեր մուրազին։ Իսկ մեր մուրազը լավ երկիր ունենալն է, ինչը նման իշխանությունների գոյության պարագայում բացառված է։ Ինչո՞ւ էին նախօրեին մարդիկ ուրախացել, որ Արմավիրի մարզի բնակիչները ոռոգման ջրի պակաս ունեն եւ անելանելությունից փողոց են փակում։ Իսկ դրանք այն բնակիչներն են, որ ամենամեծ տոկոսն են ապահովել ՔՊ-ի համար։

Պատճառը, իհարկե, այն չէ, որ քաղաքացիներն ուրախ են, որ գյուղացին ոռոգման ջուր չունի, եւ բերքը դաշտում փչանում է։ Այն բերքը, որը չարքաշ աշխատանքով աճեցնում են, վաճառքի հանում, որ գոյատեւեն։ Ի վերջո, բերքի պակասը նաեւ շուկայում բարձր գներ է նշանակում, որը քաղաքացու գրպանին էլ է խփելու։

Քաղաքաբնակներն ուրախացել էին, որ կյանքն այսքան արագ ապացուցեց, որ այս իշխանություններին ընտրելը սխալ էր։ Եթե անգամ պատերազմական գործողությունների օղակից հեռու ես բնակվել, եթե անգամ զոհ չես տվել, անձամբ բիզնես չես կորցրել, աշխատանքից չես զրկվել, չես հետապնդվել, պետք է գիտակցես, որ ինչ-որ մեկը քո կողքին տուժել է, վնասներ է կրել, բախվել է կառավարման ապաշնորհությանն ու չինովնիկների տգիտությանը։

Պետք է գիտակցես, որ այսքան ձախողված ու երկրին փորձանքներ բերած իշխանական խմբակին ընտրելը նշանակում է նրան քարտ-բլանշ տալ, որ նա շարունակի բարձր պարգեւավճարներ ստանալ բյուջեից, ձախողել արտաքին հարաբերությունները, կազմաքանդել բանակն ու մյուս ոլորտները։ Եվ դա անել՝ առանց հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու։ Հաջորդ ԱԺ-ում եւս 2018-ին իշխանության եկած ջահելների թուրն աջ ու ձախ կտրելու է, եւ նրանք իրենց ուզածն անելու են՝ առանց մեզ հարցնելու։