Սկսել եմ հեղափոխական փրփուրից, ավարտել՝ հեղափոխության մրուրով

Սկսել եմ հեղափոխական փրփուրից, ավարտել՝ հեղափոխության մրուրով

Լույս է տեսել արձակագիր Լեւոն Ջավախյանի նոր գիրքը՝ «Ետ արի»։ Թե ինչու «Ետ արի»՝ դրա պատասխանը գրողը տալիս է հենց գրքի նախաբանում։

«Քնած էի։ Երբ արթնացա, 2022 թվականի մարտի 16-ն էր։ Նայեցի ժամացույցին՝ չորսն անց էր յոթ րոպե։ Տեսածս երազի ազդեցության տակ էի... Գնացել էի բարեկամիս տուն։ Փոքրիկ սենյակ էր, որի տեսանելի դաշտը գրեթե ամբողջությամբ գրավում էր հնագույն ժամանակներից ժառանգված ահռելի գորգը։ Մութ տոներով գործված բրդյա տարաշխարհիկ գորգ էր՝ բնական գույներով, մեր Լոռվա աշխարհին անհայտ պատկերներով ու երկրաչափական նախշերով։ Ուղիղ մեջտեղը վերից վար դեղին գույնի թելերով նախշազարդված էր՝ ԵՏ ԱՐԻ։ Բարեկամիս ասի՝ ձեր տան ամենաթանկ բանը սա է։ Ասի՝ իսկ գիտե՞ս վրան գրածն ինչ ա նշանակում։ Ուսերը թոթվեց։ Լույս էր իջել վրաս։ Մի ներքին միտք ինձ թելադրում էր։ Ասի՝ նշանակում ա, որ քո նախնիներն էս գորգի միջոցով հղում են, որ միշտ մեզ հետ են, ձեր օջախում, սա ներքին կոչ է, ապրելու տենչ, բաղձանք՝ ետ գալու... Մեզ ետ են կանչում, որ իրենք առաջ գան։ Այս գորգը հավիտյանս ներկայություն է, որ ապահովում է անցյալի ու ապագայի կապը ժառանգների հետ... Սա նախնյաց կոչնակն է, հարատեւության իղձը... Մենք միշտ պիտի իմանանք, թե որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, քանզի ետ գնալը նույնքան կարեւոր է, որքան առաջ գնալը։ Սա նաեւ ինքնության հրամայականն է՝ չհեռանալ արմատներից...»,- ասում է գրողն ու նկատում, որ իր գիրքն էլ սիրուն տառերով, փունջ-փունջ բառերով ու նախշուն տողերով հյուսված մի յուրահատուկ գորգ է, որի միջոցով փորձում է մոտ անցյալի դեպքերն ու իրադարձությունները կապել ներկա եւ ապագա սերունդների հետ։

Լեւոն Ջավախյանն ընդգծում է՝ մի պոռթկումով են գրվել բոլոր պատմվածքները, գրքում ընդգրկված են ե՛ւ մաքուր գեղարվեստական գործեր, ե՛ւ խիստ քաղաքականացված ստեղծագործություններ, քանի որ․ «Վերջին 4 տարիներին շատ քաղաքականացված էին մեր կյանքը եւ հասարակությունը։ Հիմնականում դրան էլ տուրք եմ տվել եւ ջանք եմ թափել, որ քաղաքականությունից գեղարվեստ քամեմ, բայց հիմնականում խոսքս այդ քաղաքական վայրիվերումների, շիկացումների մեջ ուղիղ եմ ասել, հաշվի չառնելով՝ դա գեղարվեստ է, թե գեղարվեստ չէ։ Ամեն դեպքում, «ա» կետից «բ» կետ տանող ամենաուղիղ ճանապարհն ուղիղ գիծն է, եւ դրա համար երբեմն ճակատային եմ արտահայտվել։ Գիրքը սկսել եմ «Երիքովի անկումից», որն իմ հրճվանքն է հեղափոխությամբ եւ ավարտվում է խորը հիասթափությամբ։ Այսինքն՝ սկսել եմ հեղափոխական փրփուրից եւ ավարտել հեղափոխության մրուրով»։ Լ․ Ջավախյանը հավելում է՝ ընթերցողը խոսք առ խոսք կտեսնի, թե ինչպես է հեղինակը հիասթափվում։

Գիրքն ինքն իրենով պատմական վավերագիր է, որ մեկ անհատի միջոցով ներկայացնում է ողջ ազգի հիսաթափությունը․ «Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ տվել է մի ամբողջ ժամանակաշրջանի նկարագրություն, որն ինչ-որ առումով մեր ծննդյան վկայականն է, իմն էլ «Հայոց պատմությունն» է, բայց՝ վերջին 4 տարիների եւ ըստ Լեւոն Ջավախյանի։ Մի էջանոց ողբ էլ ես եմ գրել իմ «Հայոց պատմության» մեջ եւ դեռ շարունակում եմ ողբալ, որովհետեւ ավարտը չեմ տեսնում։ Դանայան տակառի նման անընդհատ ողբը, սուգը, լացը գալիս են դեպի ինձ, ի՞նչ կարող եմ անել․․․ ես զինվոր չեմ, որ իմ կյանքով, արյունով գնամ՝ այս արհավիրքի դեմն առնեմ, դրա համար փորձում եմ իմ գրով դա անել։ Իմ մարտադաշտը թուղթն է, եւ շատ-շատերը, որ իմ նման են մտածում, այդ գրքում կգտնեն իրենց։ Ինձ թվում է՝ այս գրքով տվել-ելել եմ տամա, որովհետեւ, երբ գնացի տպարան, տնօրենը՝ Ռուզաննան, ասաց՝ էս ի՞նչ ես արել, Լեւոն, մեր ամբողջ աշխատանքը վարի ես տվել, մարդիկ փոխանակ գրքերը կազմեն, նստած՝ քո գիրքն են կարդում․․․ Աղջիկս էլ գրքի խմբագիրն է, ու որ սպանես, մի լավ բան չի ասի, բայց գիրքը խմբագրելուց հետո ասաց՝ էս գրքից 10 օրինակ ինձ պիտի տաս․․․ այսինքն՝ էս կողմնակի արձագանքներով ես զգում եմ նաեւ իմ գրածի կշիռը։ Սովորաբար, մարդիկ լավ գիտեն իրենց արժանիքների մասին, բայց թերությունների մասին՝ ոչ։ Այդ առումով ես փորձում եմ կողքից տեսնել իմ թերությունները, դա էլ հերիք չէ, երբեմն իմ գրվածքներում ինձ խարազանում եմ։ Եթե իմ թերությունների մասին խոսում եմ, ո՞ւր մնաց ազգիս թերությունների մասին չխոսեմ։ Դանիել մարգարեի խոսքերը միտս ընկան, ասում էր՝ երանի գլուխս ջուր լիներ, եւ աչքերս՝ արտասուքի աղբյուր, եւ ես կողբայի, կլացեի ազգիս մեղքերի համար։ Հիմա ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ լացն էլ չի օգնում, բայց իմ ձեռից ուրիշ բան չի գալիս, իմ ամեն մի տողն ինչ-որ տեղ արցունքից հյուսված այդ լացն է»։