Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ավելի շատ է սպառնում պատերազմով, քան Ալիևը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ավելի շատ է սպառնում պատերազմով, քան Ալիևը

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ 

-Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է՝ եթե տարածքները չհանձնենք, Ադրբեջանը հարձակվելու է Տավուշից, Թուրքիան էլ՝ Արարատից։ 

-Եկեք արձանագրենք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ավելի շատ է սպառնում պատերազմով, քան Ալիևը։ Հայաստանի թշնամի երկրները միշտ են պատրաստ հարձակման, և կարող են այսօր էլ լինել նման պլաններ, բայց դա մեզանից կախված չէ։ Մենք պետք է հասկանանք՝ Տավուշի առաջնագիծը պահպանելը կնպաստի՞, որ Ադրբեջանը չհարձակվի, թե՞ Տավուշի առաջնագիծը քանդելը կնպաստի, որ Ադրբեջանը չհարձակվի։ Ո՞ր տարբերակով Ադրբեջանը հակված կլինի հարձակվի։ Եթե մենք քանդենք մեր ամենահուսալի առաջնագիծը՝ մեծանալու են նոր հարձակման ռիսկերը, և Ադրբեջանը այդքանով էլ չի բավարարվելու՝ ավելի է առաջ գնալու, այդ ժամանակ ավելի հեշտ, քանի որ արդեն իր վերահսկողության տակ կլինեն մեր ամենահուսալի դիրքերը։ Վերջին երեք տարին ցույց է տալիս, որ հանձնելը չի օգնում, պետք է կանխել նոր զիջումները՝ դիմագրավելով։ Գոյություն ունի համամարդկային ճշմարտություն՝ պատերազմը հետաձգելու միակ տարբերակը պատերազմին պատրաստ լինելն է։ Երբեք ոչ մի ուժի չի հաջողվել ագրեսորին դիմակայել՝ հանձնելով։ Ադրբեջանի պահանջները սկիզբ ունի՝ վերջ չունի, և այսպես շարունակելու դեպքում նոր բան են ուզելու, քանի որ արդեն խոսում են Երևանի մասին՝ հավակնություններ են ներկայացնում։ Այս դեպքում ի՞նչ ենք անելու՝ կառավարության շենքը պահելու համար Երևա՞նն ենք տալու։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանից պատերազմի վտանգ ամեն պահի կա, բայց այդ պատերազմը դիմակայելու համար Տավուշից գյուղեր, տարածքներ չպետք է տանք։ 

-Փաշինյանի Ոսկեպար այցից հետո պարզ դարձավ, որ բնակիչները գոհ չեն հանդիպումից, և հայտարարում են, որ պատրաստ են ընդհուպ մինչև զենք վերցնել՝ կռվել, պայքարել տարբեր ճանապարհներով։ Այս մարդկանց ի՞նչ աջակցություն պետք է ցույց տա հասարակությունը, ընդդիմությունը, որը կկանգնեցնի իշխանություններին։ 

-Համոզված եմ՝ ներկայիս իշխանությունների համար ամենաթանկն իրենց սեփական իշխանությունն է, ինչը կարևոր է նաև մեր թշնամիների համար, և եթե զգան, որ հանրային ճնշումը մեծանում է իրենք հետ կկանգնեն՝ չեն գնա այդ քայլին։ Բայց եթե չզգան այդ ճնշումը, գնալու են այդ քայլերին, շարունակելու են։ Խոսք ասողը հանրությունը պետք է լինի՝ հասկանալով անվտանգային ճգնաժամը, և եթե լինեն նոր զիջումներ՝ քանդելու է մեր անվտանգային առանց այդ էլ փխրուն դարձած համակարգը։ Այս պահին կարևոր է, որ Տավուշում ապրողները ցույց տան իրենց վերաբերմունքը, որը պետք է արձագանք ստանա հանրության լայն շրջանակների, քաղաքական ուժերի համար։ Սա կենսական նշանակության հարց է, և միայն տավուշեցու խնդիրը չէ։ Սա հայկական հարց է, և պետք է արձագանք ստանա բոլոր բնակավայրերում։ Կարծում եմ, մեծ մասշտաբի բողոքի դեպքում էական նշանակություն կունենա՝ կանխելու համար նոր զիջումները։ Ես կարող եմ ասել մեր մասով, որ ձեռնարկում ենք տարբեր հանդիպումներ, քննարկումներ տարբեր մարզերում, որի մի մասը հրապարակում ենք, մի մասը՝ ոչ։ Պետք է կանգնել այն մարդկանց կողքը, ովքեր ասում ենք՝ մենք մանդատ չենք տվել, որ մեր տունը, հայրենիքը հանձնես թշնամուն։ Իսկ նման մարդիկ շատ կան նաև Տավուշում, որտեղ եղել ենք անցյալ շաբաթ՝ երկու անգամ։ 

-Պետության ղեկավարը գնում է գյուղ, ասում է, որ պետք է հանձնենք տարածքներ, որ պատերազմ չսկսվի, իսկ գյուղի մարդիկ ասում են՝ պատրաստ ենք կռվելու, պատերազմելու, ինչ պետք է անի իշխանությունը։ 

-Իրականում, եթե մարդ լինեին, միակ քայլը, որ պետք է անեին՝ հեռանալն էր։ Ես չեմ հոգնի, և կկրկնեմ, մենք գործ չունենք ՀՀ սովորական իշխանությունների հետ։ Պատմության մեջ էլ մենք առաջինը չենք, և բոլոր օկուպացիոն վարչակազմերը նման ձև են իրենց դրսևորում։ Բոլոր նրանք, ովքեր իշխանության են եկել թշնամու աջակցությամբ, նույն վարքագիծն են դրսևորել։ Եթե այդպես չլինեին մեր այսօրվա իշխանությունները, ապա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց 30 րոպե առաջ կհեռանային՝ կստորագրեին իրենց հրաժարականի փաստաթուղթը, և ցույց կտային, որ իրենք ուզում են փրկել, բայց չեն կարողանում։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ այս մարդկանց նպատակը միայն կապիտուլյացիա ստորագրելն է։ Ազգային շահերով առաջնորդվող ղեկավարը հնարավորություն չունենալու դեպքում կհեռանար։