Եթե ոչ այսօր, երբ իշխանությունը փոխվի, այդ մարդիկ պատասխան են տալու

Եթե ոչ այսօր, երբ իշխանությունը փոխվի, այդ մարդիկ պատասխան են տալու

Քաղաքային իշխանությունն արդեն մի քանի տարի՝ գարնանն ընդառաջ, մայրաքաղաքում իրականացնում է ծառերի փոխարինում նոր տնկիներով, ինչն իրականում ոչ այլ ինչ է, քան ծառերի սպանդ, էկոցիդ, որին ականատես ենք դառնում հենց այս օրերին, երբ Թումանյան փողոցի 3 հատվածների ծառերը հերթով հատվում են ու փոխարինվում նորատնկիներով։ 

Քաղաքային պլանավորման մասնագետ, Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասում է՝ քաղաքապետարանը նախ 2 շաբաթ առաջ պետք է բնակիչներին ծանուցեր դրա մասին․ «Դրանից հետո սպասեին ու լսեին բնակիչների, այդ փողոցի վրա տեղակայված բիզնեսների բողոքները, մինչդեռ իրենք ծանուցել են ու մի քանի օր հետո եկել կտրել, ենթադրում եմ՝ շատ հարցերից նաեւ շեղելու համար»։  

Ինչո՞վ է բացատրում, որ առանձնապես դիմադրություն չեղավ ու չկա նաեւ քաղաքացիների շրջանում։ «Բողոք իրականում կար եւ կա, որոշ բիզնեսներ, բնակիչներ նկարել են կատարվածը, կապվել են մեզ հետ, ուղղակի չկար կոորդինացված աշխատանք՝ բողոքի տեսքով։ Բացի այդ, շատ լարված իրավիճակ է, հնարավոր է պրովոկացիա արվի, ավագանու անդամներին էլի քաշքշեն, ինչպես դա եղավ առաջին օրը Թումանյան փողոցում»։

Վ․ Մնացականյանն ասում է՝ քաղաքապետարանը, ցույց տալու համար, թե գործ է անում, արագ էֆեկտներ է ման գալիս ու դրա համար ընտրել է ծառերը։ Մինչդեռ այդ «ծառերի հետեւում» տարբեր գործընթացներ են տեղի ունենում, որոնց չի կարելի վստահել։

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ ոստիկանությունը բացահայտեց մի շարք չարաշահումներ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, որի հետեւանքով արձանագրվել էին պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

«Ինչու եմ առաջին անգամ դատախազության եւ ներքին գործերի մասին հիշատակում, որովհետեւ այդ ՀՈԱԿ-ի ղեկավարը նմանատիպ քրեական գործերով դեռ անցնում է, իսկ իրենց գիտական մասի պատասխանատուն՝ Բուսաբանության ինստիտուտի նախկին տնօրենը՝ Ժիրայր Վարդանյանը եւս 2-3 էպիզոդով քրեական գործերով անցնում է, իսկ նրա գիտական ռեյտինգն այսօր զրո է»,- ասում է Վ․ Մնացականյանը։ Նկատենք, որ հենց Ժ․ Վարդանյանն է գլխավորում այն գիտատեխնիկական խորհուրդը, որը կոչված է հսկելու ողջ գործընթացը եւ որն էլ մասնագիտական հիմնավորումներ է տվել ծառերի կենսունակության վերաբերյալ։

«Ոչ մի խելքը գլխին բուսաբան, բացի իրենց ՀՈԱԿ-ի կիսագրագետներից, որոնցից մեկն արոտավայրերի մասնագետ է, մեկը՝ ոչխարների, կողմ չէր լինի նման ձեւով ծառերի փոխարինմանը։ Իրենք եկել, Երեւանի առողջ ծառերն են կտրում, որը վաղեմություն չունի, եւ եթե ոչ այսօր, ապա մի տարի հետո, երբ իշխանությունը փոխվի, այդ մարդիկ պատասխան են տալու։ Մենք ամեն ինչ նկարել ենք, ձայնագրել ենք, իրավաբանների հետ աշխատում ենք, եւ վաղ թե ուշ այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու»։

Մեկ տարի հետո շատ ուշ չի՞ լինի։ «Արդեն ուշ է, բայց ի՞նչ անենք, գնանք կռի՞վ անենք, իրենք էլ հենց դրան են սպասում, որ կռվի պրովոկացիա անեն ու խուլիգանի պես իրենց պահեն»։

Դեռ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ ստեղծվել է կոորդինացիոն շտաբ, որը պատրաստվում էր դիմադրություն ցույց տալ իշխանությունների ծառահատման ծրագրին։ «Այդ խմբում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ավելի լուրջ եւ գործնական քայլերի, բայց այդ օրը եթե այդ մարդիկ դուրս գային փողոց, դա դառնալու էր մեծ ծեծուջարդ»,- ասում է Վ․ Մնացականյանն ու նշում, որ իրենք այս պահին փաստագրում են ծառահատումների հետ կապված՝ քաղաքային իշխանությունների բոլոր քայլերը։

Այս օրերին ինքը մոտեցել եւ անձամբ խոսել է սղոցավարներից մի քանիսի հետ եւ հասկացել, որ նրանցից ոչ մեկը Երեւանից չէ, այլ տարբեր մարզերից․ «Բրիգադիրների մեծ մասն էլի Երեւանից չէ, մեծ մասը՝ կիսագրագետ, էն, որ էմոցիա չունեն եւ չեն հասկանում՝ Երեւանի կենտրոնն ինչ է, կենտրոնի ծառերն ինչ նշանակություն ունեն»։

Կենտրոնի նախկին ղեկավարն ասում է՝ եթե անգամ ընդունենք, որ դրանք հիվանդ ծառեր էին, ապա նույնիսկ հիվանդ ծառերը մի քանի տարուց մինչեւ 10 տարի կարող էին ծառայել շրջակա միջավայրին․ «Հետո՝ եթե անգամ այդ ծառերը հիվանդ էին, դրանք նորերով փոխարինելու ձեւ կա՝ մեկումեջ ես փոխարինում՝ 2-3 տարվա ընթացքում, եւ քաղաքն ամբողջությամբ չես զրկում ծառածածկույթից։ Մոսկովյանի հատված ծառերի 90 տոկոսն առողջ էր, անգամ՝ այդ հացենիների դեպքում, գուցե որոշները մի քիչ վնասված էին, որոշները՝ խազոտ, բայց դրանք միջազգային պրակտիկայում համարվում են առողջ ծառեր, իսկ առողջ ծառերը կտրելու համար մեր Քրեական օրենսգրքով նախատեսված հոդված կա։ Բայց քանի որ այդ ՀՈԱԿ-ի ղեկավարն ինչ-ինչ պատճառներով ավելի ազդեցիկ է, քան գլխավոր դատախազն ու ներքին գործերի նախարարը, ոչ մի բան չեղավ, եթե չեմ սխալվում՝ անգամ հաղորդում չեն ընդունել այդ մասով»։