Վա բանկ է գնում

Վա բանկ է գնում

Ե՞րբ է մարդ ասում ՝ որոշել եմ չհանձնվել։ Կարծում եմ, առանց մտածելու կասեք՝ երբ նրա վիճակը կրիտիկական է լինում։ Երբ արդեն այլ բան չի մնում, քան վա բանկ գնալը։ Վա բանկը մոլախաղային արտահայտություն է, որն ընդհանուր առմամբ օգտագործվում է բնորոշելու համար ռիսկային գործողություն, որի արդյունքում ռիսկի գնացողը կարող է կորցնել իր ամբողջ ունեցածը կամ ձեռք բերել գերշահույթ,  փրկություն։ Նիկոլ Փաշինյանի փրկությունը իր ու ընտանիքի անդամների ֆիզիկական գոյությունն է, որովհետև գերշահույթը, որը ձեռք է բերել, կարող է վայրկյանների ընթացքում փոշիանալ։ Լսենք ՔՊ նիստում նրա արած հայտարարությաունը․  «Որոշել եմ չհանձնվել։ Բոլորս մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել եմ, ձեր միջավայրում ձևավորվել, բայց հասկանալի է, չէ՞, որ էս ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է։ Ընդ որում` էդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում, ասում եմ`  պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլինի դավաճանություն»։ 

Այո, նա մարդ է և մարդկայնորեն ծանր է տանել այն վիճակը, որի մեջ հայտնվել է։ Ժողովրդի կողմից՝ անեծք ու նզովք , դրսի ուժերի կողմից՝ երկիրը հանձնելու շտապողականություն։ Խոստացե՞լ ես՝ կատարիր,- անընդհատ հիշեցնում են Ադրբեջանը, Թուրքիան։ Արևմուտքն էլ Ռուսաստանին դուրս մղելու շտապողական քաղաքականությամբ է զբաղված։ Մարդկային առումով, իրոք, ծանր է Նիկոլ Փաշինյանի համար, բայց ժողովրդին ոչ թե Նիկոլի վիճակն է հետաքրքիր, այլ հայրենիքի, որը «ջուրն ընկած գնում է»։ Հայրենիքի վիճակը Նիկոլ Փաշինյանին քիչ է հետաքրքրում, նա իր ֆիզիկական գոյությունը փրկելու խնդիր ունի։ Փրկության խնդիրը նա տեսնում է դրսի ուժերի հետ սինխրոն աշխատանքի մեջ։ Հենց դա է պատճառը, որ նա որոշել է չհանձնվել։ Երբ  զինվորը որոշում է չհանձնվել,  վերջին նռնակով պայթեցնում է իրեն ու  թշնամուն։ Բայց երբ զինվորը որոշում է չհանձնվել՝ հայրենիքը պայթեցնելու գնով, որպեսզի փրկի իր կյանքը, դրան հնարավոր չէ անուն տալ։ Հնարավո՜ր չէ, բառ չկա։ Ու այդքանից հետո ասել, որ  «․․․երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլինի դավաճանություն», ուղղակի փրփուրից կառչելու աղաղակ է։ Միաժամանակ նա դրանով ՔՊ-ին իր հետ քարշ տալ է ուզում այն մեծ պատասխանատվության տակ, որը կոչվում է երկիրը իզգոյացնել։ Երբ մարդուն հետաքրիր չէ իր երկրի պետականությունը, յուրայինների մասին մտածելն արդեն կոմեդիայի ժանրից է։ ՔՊ-ի համար դժվար չէ այդ հաշվարկն անել ու խորանալ վա բանկ գնացողի հոգեբանության մեջ։