Մուկուչյանը խախտումներ չի տեսնում, ԿԸՀ դիմումներ չեն ներկայացվում

Մուկուչյանը խախտումներ չի տեսնում, ԿԸՀ դիմումներ չեն ներկայացվում

Համացանցը սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզչության վերաբերյալ տարբեր խախտումներով է ողողված։ Միայն ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանն առայսօր օրենսդրության տարբեր խախտումների մասին 5 հաղորդում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի միջոցով, սակայն ԿԸՀ-ում որեւէ վարչական վարույթ հարուցված չէ։ ԿԸՀ միակ արձագանքը Ֆեյսբուքում «Սաբեթ Հովհաննիսյան» օգտատիրոջ կողմից 2020թ. մարտի 2-ին հրապարակված ընտրակաշառքի բաժանման մասին լուրի վերաբերյալ է․ գրությունն ուղարկել են  ոստիկանություն։

«Հրապարակ»-ի  հարցին, թե ինչու ոչ մի վարույթ հարուցված չէ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց․ «Դիմումներ, որպես այդպիսին, մեզ մոտ չկան մուտքագրված, որեւէ դիմում չկա մինչ այս պահը»։ Իսկ դա նշանակում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումները չեն դիտվում որպես հաղորդում, օրինակ՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի հրապարակումները մեր թերթում, արդեն թվով 5 հատ, որտեղ նա ահազանգում է հանրաքվեի մասին օրենքի եւ քարոզչության կանոնների կոպիտ խախտումների մասին, հաղորդում չեն դիտվում։ Տիգրան Մուկուչյանը կրկնում է՝ իրենց պատշաճ դիմումներ չեն ներկայացվել․ «Իսկ թե էդ հաղորդումն ում է ուղղված, ինչ է, կներեք․․․»։ Մենք պարոն Թորոսյանի հարցադրումների հետ կապված մի քանի հարց ուղղեցինք Տիգրան Մուկուչյանին։ Դրանցից մեկն այն է, որ ԸՕ 26 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ամփոփ  քարոզչության կողմերի հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ամփոփ տեղեկանքը ԿԸՀ-ի համացանցային կայքում տեղադրվի։ Տիգրան Մուկուչյանն ասում է՝ ժամկետը կգա, կտեղադրվի։ Ըստ Թորոսյանի՝ այդ պահանջը ներառված չէ ԿԸՀ համապատասխան ժամանակացույցում, ժամանակացույցի մեջ ներառված են այն գործառույթները, որոնք, ըստ էության, շատ ավելի կարեւոր են ընտրական գործընթացի համար։ «Նախկինում էլ եթե էդ տեսական գործընթացները ժամանակացույցով ներառված չեն եղել, դա չի նշանակում, որ դրանք չեն կատարվել։ Այսինքն՝ ժամանակացույցը հիմնական միջոցառումներն են, եթե այդպես ամեն մի դետալը ժամանակացույցում դետալացվեր, կստացվեր ոչ թե ժամանակացույց, այլ մի հսկայական ցուցակ, բայց բոլոր գործառույթներն ամբողջ ծավալով իրականացվելու են»։ Մեկ այլ խախտման մասին ահազանգել է, որ «այո»-ի լայնածավալ քարոզչություն է իրականացնում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը։ Մուկուչյանն ասում է, որ չգիտի այդ մասին, ու ավելացնում․ «Գոյություն ունի դիմումների ներկայացման ընթացակարգ, թող ներկայացվի դիմում, եւ դա կդառնա քննության առարկա։ Խոսքը պատշաճ ներկայացված դիմումների մասին է»։

Տիգրան Մուկուչյանը խնդիր չի տեսնում նրանում, որ, ինչպես Թորոսյանն է պնդում, «այո»-ի շտաբը նախարար Պապիկյանի շտաբն է, ոչ թե պատգամավորների։ Ասում է՝ ոչ, չկա այդտեղ որեւէ օրենսդրական խնդիր։ Հարցին էլ, թե վարչապետը շարունակո՞ւմ է ի պաշտոնե զբաղվել քարոզչությամբ, ասաց․ «Գիտեք, Դուք շատ կատեգորիկ եք հարցը ձեւակերպում՝ «ի պաշտոնե քարոզչություն իրականացնել», մենք հետեւում ենք ե՛ւ լրահոսին, ե՛ւ տեղեկություններին եւ եթե հայտնաբերած լինեինք նման որեւէ դեպք, երբ իրականացվում է որեւէ քարոզչություն, որն օրենքով սահմանված կարգի խախտումներով է, ապա անմիջապես կլիներ մեր արձագանքը, եթե չկա, ուրեմն նման խնդիր առկա չէ»։