Աշոտ Հովսեփյան․ Դառնացած ժողովրդի անցյալի ու ներկայի դասերը

Աշոտ Հովսեփյան․ Դառնացած ժողովրդի անցյալի ու ներկայի դասերը

Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածի գրությունից (1910թ.) անցել է ավելի քան մեկ դար, առավել քան բավականաչափ մի ժամանակ՝ «մարսելու» Մեծի կողմից մեզ ժառանգված անցյալի դասերը: Մեծ՝ ով այնքան խորն ու իմաստուն է եղել, որ երևույթների վրա նայել է բնության ու պատմության օրենքների բարձրությունից՝ լայն, խաղաղ ու խորը հայացքով: Ու քանզի տասնամյակներ շարունակ ու մինչ օրս այդպես էլ դեռ չենք «մարսել» դասերն այդ, ահա և այն ի խորոց սրտի իրապես «ներկա» է դարձել: Ըստ այդմ դրա՝ անցյալի դասերի խորախոր ուսումնասիրումը և ամենեքյան քննումն ու հիմնավոր, ճիշտ ու ճշգրիտ հետևությունների կատարումն, ինչպես բազմիցս նշել են մեծերը մեզանից առաջ, ու ես էլ իմ հերթին համոզված եմ առավել՝ գործուն սպեղանի կարող է լինել մեր հազար ու մի ցավին ու դարդին ընդդեմ: Ախր Հովհաննես Թումանյանի այդ («Դառնացած ժողովուրդ») և այլ գործերում յուրաքանչյուր արձանագրում անասելիորեն արդիական է, անչափ համոզիչ: Ու ոչ միայն ինձ համար: Կահամրձակվեմ պնդել՝ նաև շատերի համար։ Ու մեկ անգամ ևս նորեն ու նորեն համոզվում ես, որ նոր բան ասելն այնքան էլ հեշտ գործ չէ: Սակայն և է՛լ առավել համոզված եմ, որ ասել պետք է:

Հապա նայե՛նք: Թերևս իրավ առայժմ չարժե շատ հեռու գնալ, մխրճվել դարերի խորքը, և ըստ այդմ իրավամբ դեռ հանգիստ թողնենք Խորենացուն և իր «Ողբը»: Պարզապես փորձենք համապատասխան զուգահեռներ անցկացնել թումանյանական արձանագրումների և մեր նորօրյա իրողությունների միջև...

Գնացեք գյուղ, ու կտեսնեք, որ «գյուղացի ռանճպար մարդիկ... հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած»՝ միմյանց առնչությամբ իրենց դրսևորումներում այսօր էլ գրեթե նույն են, այսօր էլ շատ չեն տարբերվում իրենց նախնիներից, ու թե որևէ մեկի գործերն հաջող են ընթանում, այն էլ՝ հազվադեպ, երբ ինչ-որ բարեբախտությամբ երաշտ կամ կարկուտ չի լինում, կամ՝ որ ավելի վատ է՝ տեղական «թավադները» կամ կենտրոնական իշխանավորներն իրենց ձախավեր կառավարմամբ չեն խանգարում, մյուսները՝ դրկից, հարևան, եթե ոչ առերևույթ, ապա գոնե ներքուստ ծանր են տանում այդ հանգամանքը, կամ՝ հանց Թումանյանը կասեր դիպուկ՝ «եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում... արնով է ընկնում»:

Մեր նորօրյա վաճառականները՝ գործարար հորջորջյալ, որ մեծավ մասամբ պարզապես թալանով իրականում ահռելի ունեցվածքի, մեծ ինչքի, կամ այլ կերպ՝ օլիգարխիկ կապիտալի տեր են դարձել, իսկ նրանցից ոմանք էլ, իրենք իրենց բիզմեսմեն «տիտղոսով» մեծարելով, նմանապես այնքնան էլ թեթև չեն տանում այլոց հաջողությունները, իսկ իրենց հարաբերություններում թերևս միայն առերևույթ են միմյանց հանդեպ դրսևորում հանդուրժողականություն, գործընկերային լոյալություն, այն էլ՝ լոկ այնքան, որքան որ նորօրյա վաճառականության, օլիգարխիայի, բիզմեսմենների հավաքախմբի անդամներն էդ արատավոր համակարգի պարզագույն սարքամաս են ընդամենը, ու միևնույն «թիմի» կազմում լինելով՝ «հարկատու» են նույն «խազեինին», ըստ այդմ որոշ առումներով ստիպված են հնազանդ լինել «խաղի կանոններին», երբեմն իրենց անձնական՝ թեկուզ թե մեծ վնասների գնով նույնիսկ՝ անանց մի վախ սրտերում, որ իրենց այդ կանոններին հավուր պատշաճի՝ հլու և հնազանդ չպահելու դեպքում կարող են ավելի վատ բաներ լինել իրենց հետ (հենց միայն ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի հոդվածի «տակ ընկնելն» ինչ ասես արժե), ի արդյունս ինչի՝ չեն ուշանա խիստ աննպաստ հետևանքները։ Եվ ինչն էլ շատ հաճախ լինում է մեր օրերում նույնպես։

Կարծում եմ աստ հոգևորական դասի (իհարկե՝ որոշ բացառություններով) և մոլորյալ հոտի մասին խոսելն իսկ ավելորդ է։ Ու թեպետև հետխորհրդային ժամանակներում մի պահ թվաց, թե խորհրդային անհավատության ժամանակները կարծես թե անցած պիտի համարվեին, սակայն մեծ երեսպաշտություն կլինի պնդել, թե որքանով ենք մենք վերագտել ու ջանադիր պահպանել մեր հավատքը, երբ ավելի շատ կորցրել ենք այն։ Ու մեկ այլ՝ է՛լ առավել մեծ երեսպաշտություն կլինի թերևս այն թյուր մտայնությանը հակվել նաև, թե եկեղեցիներում պարզապես մոմ վառելը հավատքի ու պաշտամունքի մեծ առհավատչյա է, մանավանդ՝ կարճ անդրավարտիքով ու չստիկներով եկեղեցի մտնելով, դեռ ծամոնն էլ բերանում՝ որոճալով, ու դա՝ հոգևոր հայրերից ոմանց լռելյայն հայացքների ներքո։ Այնպես որ, Ամենայն Հայոց Մեծի «Դառնացած ժողովուրդ» հոդվածում բերված և այն ժամանակներին վերագրվող մի շարք ճշմարիտ բնորոշումներին ներկայիս համար շատ բան ավելացնել գրեթե հնարավոր չէ, իսկ թե ավելացնենք էլ՝ պիտի ստիպված լինենք է՛լ ավելի վատն ու վատթարը փաստել, ու կստացվի այնպես, որ անցյալի բազում խոտորումներն ու խարխափումներն անգամ ներկայիս աննահանջ անկման համեմատությամբ աննշան երևույթներ ու մանր չարաճճիություններ են եղել ընդամենը։ Վկա՝ նորօրյա անմիտ ու անմիտք ոչնչապաշտության ու կռապաշտության, անհոգի ու անսիրտ անհավատության ու աղանդավորության, սողացող ու սասանիչ սնահավատության ու ստահավատության լայն ու խորը տարածումը ներկայիս իրականության մեջ...

Երկու դրկիցների շարունակական վեճերի և անվերջանալի դատուդատաստանների թեմաները, մեկմե­կու հերթ չտալով՝ միմյանց փոխադարձաբար վնասելու մոլուցքի դրսևորումները, հանց և Մեծն Լոռեցու ժամանակներում, ևս անվերջանալի ու շա­րունակական են մեզանում, ու տևելով շատ երկար տարիներ, հաճախ մերօրյաների համար էլ, ինչպես և հնօրյաների՝ Թումանյանի ժամանակակիցների համար, արժենում են մի ամբողջ կյանք ու կարողություն՝ «...մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են»: Ճիշտ ու ճիշտ և իսկը նույն կերպ է ներկայումս՝ ինչպես և Թումանյանի «հերոսների» պարագայում էր։

Նորօրյա մամուլում նույնպես առկա են հնոց հոռի բարքերը, որ գրեթե միշտ ու մշտապես անթաքույց դրսևորվում են հույժ «հավուր պատշաճի»։ Ու տարիներ շարունակ «ափաշկարա» ստի և ստոր կեղծիքի, թունդ հայհոյանքի ու զազրելի չարախոսության, նենգ զրպարտության ու անարգ կեղծավորության՝ մեկը մյուսի հետ մրցակցող, մեկը մյուսին գերազանցող անթիվ-անհամար դեպքերն անպակաս են։ Ավելին, ներկայումս հայկական լրատվադաշտը կարծես թե սովորել է գործել ու գոյատևել որոշակիորեն գորշ (կամ ինչպես ընդունված է ասել՝ դեղին) գորձելաոճով, առանց ինչի լրատվադաշտի մի զգալի մասի համար թերևս անհնար կլինի գոյատևելը: Այնպես որ ընտելական գործելաոճին հարմար պայմանների բացակայության պարագայում անհրաժեշտ պայմաններ երկնելու և ծնելու ինչ-որ բնատուր մի հակում է դրսևորվում, իսկ դեպքեր՝ ինչքան ասես։ Իհարկե, լավ օրից չէ: Մանավանդ, որ «մեծավորք» ջանք ու եռանդ չեն խնայում՝ դաշտն ուղղորդելու և «կայացնելու» սեփական պատկերին համապատասխան։ Իսկ այս ամենի գագաթնակետը եղավ դեղին մամուլի միջակությունների կողմից իշխանական բարձունքները «նվաճելը» (իսկ առանց չակերտների՝ զավթելը)՝ յուր ներկա դաժան, տխուր, խայտառակ, անփառունակ հետևանքներով (մյուս բնորոշիչներն էլ դուք թվարկեք ձեր մտքում կամ՝ բարձրաձայն)... 

Իսկ ինչ վերաբերում է նեղ թայֆայականությանը, դա էլ, ինչպես Թումանյանը կասեր, հո ամենուր է՝ իր «անվայել կերպարանքով»...

Ազգային, հասարակական հարթություններում բացերի ու թերացումների (մեղմ ասած) ու բազում, ինչպես ասում են, «նեգատիվ» երևույթների դրսևորումների թվարկումն անվերջ կարելի է շարունակել, բայց սահմանափակենք՝ թերևս մի վերջին ուրվագիծ էլ ուսուցչության մասով հավելելով, քանզի այն, ի խորոց սրտի, վերջին տասնամյակներում վերածվել է քաղաքական գործունեության մի տարատեսակի, իսկ ուսուցիչներն էլ կուսակցական՝ «քաղաքական գործիչներ» են դարձել (ավելի ստույգ՝ գործիք), կամ հայտնի պոչավոր ֆիլմի նույնպիսի պոչավոր ու ոչ անհայտ դարձվածքի հանգույն՝ «բոլշևիկ են գրվել»: Եվ ինչպես արդեն նշել եմ նախորդ հրապարակման մեջ, անկախացումից հետո վերջին քառորդ դարի բազում տխեղծ «նորարարությունների» շրջանակներում ուսուցչությունը հիմնականում հանդես եկավ մի նոր «որակով»՝ գրեթե ողջ անձնակազմով (ծայրահեղ դեպքում՝ դրա զգալի հատվածի մասնակցությամբ) ներգրավվելով և խարխափելով ընտրակեղծարարության բավիղներում, ներկայանալով իբրև կեղծարար ընտրամեքենայի կարևորագույն և անփոխարինելի տարր, բաղկացուցիչ սարքամաս (իմա՝ դետալ): Դե ձեռքի հետ էլ երբեմն-երբեմն իրենց ազատ ժա­մերին իբր զբաղվելով մատաղ սերնդի դասավանդման, դաստիարակման հարցերով՝ ըստ էության ստանձնելով «լուրջ առաքելություն»՝ նրանց՝ սերունդներին կրթելու փոխարեն կռտելու (ներողություն՝ արտահայտությանս հա­մար), ինչպես այդ բառի ուղղակի ու տխեղծ, այնպես էլ փոխաբերական ու զավեշտային իմաստներով՝ հասնելով գրոտեսկի: Ախր ոչ ոք չի ուզում աշխատանքը կորցնել, իսկ թե ինչպես պետք է կատարել այդ աշխատանքը, որ օգտավետ լինի նաև հասարակության համար, այլոց համար, ապագա սերնդին ի նպաստ՝ գլուխը քարը: Ոչ ոքի վեջը չէ:

Իսկ թե «ինչո՞ւ է էսպես», արդեն իսկ նախանշել է Մեծն Թումանյանը։

Արդ հարկավոր է անսալ թումանյանական պատգամներին, «ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ» դրսևորելով՝ աչք չփակել «...ծանր հիվանդության առաջ» և զգալ վերջապես, որ «մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած», ըստ այդմ՝ գիտակցել, որ «առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և´ մեր սրտերում, և´ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը»: Այսինքն՝ ցավը, տկարությունը (նաև՝ հոգու) կհաղթահարվի, հիվանդությունը կբուժվի, եթե այն հնարավորինս շուտ ու ճիշտ ախտորոշվի, ինչի համար անգնահատելի է փորձառությունը, և ուրեմն՝ անցյալի իմացությունը: Ըստ այդմ, ուրեմն, մինչև հիվանդը չգիտակցի իր հիվանդ լինելը, ոչ մի բժիշկ չի կարող նրան օգնել, բժշկել: Ապա նաև դրա հետ մեկտեղ պիտի գիտակցվի մի հանգամանք ևս. այն է՝ բժիշկը, հիվանդն ու հիվանդությունը երեքով են էդ կռվում, ու թե հիվանդը միանա բժշկին՝ հիվանդությունը կմնա մենակ, կհաղթահարվի տկարությունն ու հաղթանակն ապահովված կլինի: Բայց վա՜յ էն հիվանդին, որ կմիանա հիվանդությանը, կդաշնակցի նրա հետ: Այդ պարագայում բժիշկն արդեն անզոր կլինի փրկության մի հնար գտնել, դեղուճար անել: 

Այսպիսով, այս ամենով հանդերձ, միանշանակորեն, աներկբա հանգում ենք անցյալից դասեր քաղելու գաղափարին: Քանզի եթե չգիտես, թե որտեղից ես գալիս ու որ հանգրվանում ես հիմա, ինչ հալի ես, ինչ վիճակի, ստույգ գնահատականներ չունես առկա դրության առնչությամբ, ապա դժվար թե աննպաստ դրությունը շտկելու հնարավորություններ ունենաս, ճիշտ ընթացք որդեգրես ու բարենպաստ հանգրվանի հասնես ապագայում: Այդ առումով, սա­կայն, հարկ է ելնել անվիճարկելի այն մեկնակետից, որ անցյալը կուռք չէ, որ պաշտես, երկրպագես ու հետդ ման ածես: Անցյալը ոչ էլ հանգուցյալ է, որ վրան ողբաս: Անցյալը դաս է, որ պիտի սերտես, և՝ անպայմանորեն, ի նպաստ անխարխափ ապագայի կերտման: Այլապես անցյալի դասերի չիմացությունը կամ դրանց անտեսումը միշտ ու մշտապես ձախողումների կհանգեցնի, ինչպես եղել է ու դեռևս կա մեզ մոտ: Ի վերջո, անցյալի դասերի անտեսումը հետագայում չարաչար պատժում է: Առավել ևս, որ պատմությունը (բնավ չեմ հոգնի շարունակ այդ բանն ասելուց) կրկնվելու (այն էլ՝ դաժան) ընդունակություն ու գեշ սովորություն ունի:

Այնպես որ, եթե ուզում ենք թոթափել հազարամյա փուչ ու անլուր, անհանգրվան դեգերումների բեռն ու ձերբազատվել դրանց աննպաստ արդյունքներից, եթե ուզում ենք ներկան այնպես ապրել, որ առաջ շարժվենք պատմության քառուղիներով, չխարխափենք մռայլ խավարում ու չկորչենք ոլոր-մոլոր մութ կեռմաններում և ի արդյունս՝ առողջ ապագա կառուցենք, ուրեմն հարկ է, որ հիշենք անցյալն առանց ողբուկականի, ինչն անտեղի ու ավելորդ է միանգամայն, այլ հիշենք՝ վերագնահատելով ու սրբագրելով: Եվ այդ անցյալը միայն այդ պարագայում կարող է նաև հուշել ճանապարհը, եթե անցյալի մեր դասերն ուսանելի համարենք, երբ ականջալուր ու հետամուտ լինենք անհերքելի ճշմարտություններին: Իսկ ողբուկականով իհարկե հեռու չենք գնա ու ոչ մի տեղ էլ չենք հասնի: Առավել ևս, եթե շարունակենք լինել կույր և՛ աչոք, և՛ մտոք, և այնքա՜ն կարճամիտ, այնչա՜փ տկարամիտ, որ չուզենանք մեր բազմաչարչար անցյալի բուռն պատմության բազում անցքերից ու դառնաղետ պարտությունների դրվագներից դասեր քաղել։ Ոչ մի կերպ։ Այնպես որ ճիշտն էն է, որ ականջալուր լինելով Մեծի անանց խորհուրդներին, դրանք ի պետս առողջացումի կիրառելու համար՝ վճռական քայլ կատարենք։ Ու քանզի «ներսից ենք փչացած», ապա «փրկությունն էլ հաստատ ներսից է լինելու»։ «Ուրիշ ճանապարհ չկա»։ Վկա՝ Մեծն Թումանյանը...