Դատավորների կողմից ենթադրյալ կեղծիքների հարցով փաստաբանը դիմելու է ԲԴԽ-ին

Դատավորների կողմից ենթադրյալ կեղծիքների հարցով փաստաբանը դիմելու է ԲԴԽ-ին

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հարց է բարձրացնում, թե արդյո՞ք դատավորների ընդհանուր ժողովն անցել է ընտրակեղծիքներով․ բանն այն է, որ փաստաբանին ժողովի մասնակիցներից մեկն է հայտնել կեղծիքների մասին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ֆեյսբուքում գրառում է արել, ԲԴԽ բարձրաստիճան պաշտոնյաների նշել, բայց որեւէ արձագանք չի եղել․ «Այլ խողովակ պաշտոնապես չկա՝ հասկանանք՝ դա էդպես է, թե չէ։ Կարծեմ գրանցվել է ոչ պաշտոնական 184 դատավոր, բայց քվեատուփերում եղել է 10 քվեաթերթիկ ավել, տվյալներ են, որ փորձում են ճշտել»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ իրենք պատրաստվում են պաշտոնապես դիմել ԲԴԽ-ին․ «Սա բացառիկ դեպք էր, որ մինչ այս պահը նրանք չեն արձագանքել, ես ակնկալում էի, որ ԲԴԽ անդամները որոշակի պարզաբանում պետք է տային հանրությանը, բայց քանի որ չեն տվել, այսօր էլ կսպասենք, եթե այսօր էլ չտան, բնականաբար, հարցումը կուղարկենք»։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ փոխանցեց, որ ԲԴԽ-ն այդ հարցերով չի զբաղվում․ «ԲԴԽ-ն որեւէ լիազորություն դատավորների ընդհանուր ժողովի վերաբերյալ չունի, այն ինքնավար մարմն է, եթե եղել են կեղծիքներ, եւ եթե կան դատավորներ, որոնք խնդիր են տեսնում, պետք է բարձրացնեն»։

ԲԴԽ անդամը նաեւ նշեց, որ, եթե եղել է նման բան,ցանկացած կեղծիք բացասական է գնահատում․ «Ոստի, այնտեղ ինչ-որ կատարվել է, կատարվել է մասնակիցների ներկայությամբ, չեմ հասկանում՝ մինչեւ այս պահը ինչու չեն բարձրաձայնել»։