Մտորումներ՝ անդունդի եզրին

Մտորումներ՝ անդունդի եզրին

Շաբաթն ավարտվում է: Փաշինյանը մի շաբաթ էլ ձգեց, մի շաբաթ էլ խայտառակվեց, մի շաբաթ էլ ոստիկանության հետ քաշքշեցինք միմյանց, մի շաբաթ էլ ձգվեց երկունքը… Ու հիմա հասել ենք մի տեղ, որ այն, ինչի մասին այսքան ժամանակ խոսում էին երկրիս աքսակալները, ի վերջո լույս աշխարհ եկավ: Իսկ երբ Հայաստանում մի բան լույս աշխարհ է գալիս, պետք է մկրտել: Դա էլ արեցին: Ծնունդն այդ տարան կնքեցին, անուն դրին՝ ընդդիմության միասնական թեկնածու…
Ես, իհարկե, դեմ էի այդ անվանը: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու են մեր աքսակալներն իրենց երկրում իրենք իրենց ընդդիմություն հռչակել: Դուք տերն եք, չէ՞  երկրի: Հետեւաբար՝ այդ ո՞ւմ ընդդիմադիրն եք, Նիկոլի՞: Կասե՞ք՝ հասկանամ, թե այդ «գերմանու աղվեսի» ինչին եք ընդդիմադիր: Ինքը՝ Նիկոլը, տեղով համաշխարհային մասշտաբի ընդդիմադիր է, բավական չէ՞: Կարիք կա՞ր Նիկոլին ընդդիմություն հռչակվելու: Մի խոսքով, այս հարցում 1:0՝ հօգուտ Նիկոլի:

Երկրորդ․ թե բա՝ թեկնածու… Արդեն՝ 2:0: Նիկոլից չե՞ք սովորել, թե ինչպես կարելի է վարչապետ դառնալ առանց թեկնածու լինելու: Հիշեք հապա՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ես իսկապես զարմանում եմ: Եղբայր, Նիկոլին բռնել եք քա… ներողություն, գործի վրա եւ, փոխանակ հետույքին տալով վռնդեք, չգիտեմ ինչի թեկնածո՞ւ եք առաջադրում: Դեմոկրատիա՞… Թքած: Այս ո՞ւմ ենք հաճոյանում: Մի՞թե էն պետությունների դեսպաններին, որոնք իրենց հայաստանյան շքեղ ապարտամենտների պատուհաններից էին հետեւում Արցախի պատերազմին: Ո՞վ են նավթի այդ մուրացկաններն առհասարակ, որոնց մենք պետք է ցույց տանք, թե որքան ժողովրդավար ենք ու որքան փափուկ ենք հեռացնում իրենց դրածո Նիկոլին: Եթե կուզեք իմանալ՝ թեկնածուն հենց Նիկոլն է, որին ուզում են Հայաստանի վարչապետի աթոռին պահել այդ դեսպանները: Վազգեն Մանուկյանը մեկ անգամ արդեն եղել է ընդդիմության թեկնածու: Հասկացա, փորձ ունի, միավորող կերպար է եւ այլն: Բայց այն ժամանակ դեռ կարելի էր ասել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմություն: Իսկ հիմա անհարմար չէ՞ ասել՝ Նիկոլի ընդդիմություն: Դավաճանին, մարդասպանին, Ալիեւի առաջ ծնկածին, խայտառակվածին ի՞նչ ընդդիմություն: Նրան պետք է վռնդել (բոլոր միջոցներն արդարացված են այս դեպքում) եւ ոչ թե ընդդիմադիր-ընդդիմադիր խաղալ նրա հետ: Եվ պատկերացրեք՝ բոլորը կհասկանան մեզ, այդ թվում եւ ժելեած մազերով ու խնամված եղունգներով դեսպանները, որոնք իրենց երկրներում մեկ րոպե անգամ Նիկոլի նման երեւույթ չէին հանդուրժի:

Այսօր հանրահավաք է: Հասկանալի է, բազմամարդ է լինելու, աքսակալներ են խոսելու, շատ խելացի մտքեր են հայտնելու, ոգեշնչելու են ժողովրդին… Կխոսեն նաեւ հույսից, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ Նիկոլը դեռ ամեն ինչ չի տվել, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է եւ այլն: Աքսակալներ են, ի վերջո, նրանք նույնիսկ հայ ժողովրդի արգանդի մասին կարող են խոսել, փնովել անտարբերներին, ճանապարհ ցույց տալ: Նիկոլի բանն իսկապես բուրդ է: Բայց եթե այս մեծ հանրահավաքից հետո, որը, ամենայն հավանականությամբ, կավարտվի համաժողովրդական երթով, Նիկոլը մի քանի վայրկյան մնա վարչապետի աթոռին, աքսակալներին ոչ ոք չի ների այլեւս: Վերջնական հուսախաբություն եւ հուսալքում՝ սա է սպասվում մեր հանրությանը, եթե փողոցի ճնշմամբ վարչապետի աթոռին հայտնված «բշտիկն» իր «թիմով» չնետվի փողոց: Չարվի՞ սա, աքսակալները կարող են այլեւս չխոսել փրկությունից եւ համարել, որ հաշիվը դարձավ 3:0՝ հօգուտ դավաճանի:

Նիկոլը դիմադրում է եւ դիմադրում է հայտնի դրդապատճառներով: Անկյուն քշված՝ նա ավելի է կատաղում: Դմբուզ Արսենը կասեր՝ հենց էստեղ էլ կդըմփեմ… Ես չէ, որ աքսակալներին պետք է հուշեմ, թե ինչպես «դըմփել» Նիկոլին: Կարելի է նաեւ «Մի շուն տաճիկն» արտասանելով, բայց հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի: Նիկոլն էլ չի համաձայնի այդ հակահիգիենիկ տարբերակին եւ վերջապես կհեռանա՝ նախընտրելով ենթարկվել տեղում հայտնված իրավապահների օրինական պահանջին: Իսկ դրանից հետո կատարվելիք քայլերը հայտնի են արդեն: Նշեմ միայն, որ, օգտվելով աքսակալների դանդաղկոտությունից եւ չափից ավելի ժողովրդավարությունից, Ազգային ժողովում ինչ-ինչ նորագոյացություններ են հայտնվել, որոնք չարաշահում են «ընդդիմության միասնական թեկնածու» քաղաքական ձեւակերպումն ու փորձում են հրապարակ նետել «ընդդիմության այլընտրանքային թեկնածու» հասկացությունը:

Անուն չտամ, բայց ասեմ, որ այդ չարորակ նորագոյացությունը, հաջողելու դեպքում, ասենք՝ նիկոլական ժեխի աջակցությամբ, կարող է մարել փրկության հույսի վերջին շողը, որ ծագել է այս համապարփակ պարտությունից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո: Մենք կունենանք նիկոլիզմի նոր ծլարձակում, մենք կունենանք Նիկոլ-2, ոչ պակաս մի նոր գերմանու աղվես՝ իր ոչ պակաս ազդեցիկ հովանավորներով ու փողատերերով…
Մեր հողը մեր արյունով ենք հեղել, մեր տունը՝ մեր ձեռքով շինել, ոչ մեկին պարտք չենք, բայց արդեն 3 տարի է՝ փափախներս տվել ենք շան բերանը, թե՝ տար: Տեսանք ինչ եղավ՝ մեր տունը քանդվեց, մեր հողը խլեցին, հայ մարդուն վռնդեցին իր տնից, իր երկրից, պոկեցին իր արդար էությունից: Եվ ուրեմն՝ Վազգեն Մանուկյան, եւ ուրեմն՝ եռագույն դրոշ, եւ ուրեմն՝ փրկության դիկտատոր, եւ ուրեմն՝ բռունցք, եւ ուրեմն՝ կամք: Սա ճակատագիր է: Ճանապարհ չունենք ուրիշ: