Հարցի լուծումը պետք է լինի փաթեթային տարբերակով

Հարցի լուծումը պետք է լինի փաթեթային տարբերակով

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Պետրոսյանի կարծիքով, պետք է ավելի ակտիվացնենք Ռուսաստանի գործոնը եւ հասնենք ոչ թե փուլային, այլ փաթեթային տարբերակին։ Պետրոսյանի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

- ՌԴ ԱԳ նախարարն օրերս փակագծերը բացեց՝ հստակեցնելով, որ այս պահին առաջարկվող լուծումը փուլային տարբերակն է, համաձայն որի՝ պետք է նախ ազատվեն Ղարաբաղին կից հինգ  շրջանները՝ ապահովելով Ղարաբաղի անվտանգությունը։ Եվ նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը, պետք է ապահովվի Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ հուսալի կապ: ՀՀ վարչապետը, Արցախի նախագահն իրենց ուղերձներում պատասխանեցին, որ մերժում են լուծման այդ տարբերակը։ Ինչպե՞ս եք գնահատում սա, եւ ինչի՞ շուրջ ենք պատրաստ նստել ու բանակցել: Ի՞նչ ենք մենք առաջարկում:

- Բնականաբար, պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքները, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կախված է  առաջնագծի զինվորից։ Մեր զինվորները փայլուն կատարում են իրենց առջեւ դրված առաջադրանքները, եւ դա է ստիպելու, որ հակառակորդը հասկանա՝ ռազմական ճանապարհով հարցի լուծում չի լինելու, որ լուծումը միայն բանակցությունների միջոցով է հնարավոր։ Իսկ բանակցություններն էլ պետք է վերսկսել առանց նախապայմանների։ Ընդհանուր հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով, փոխզիջումներ երկու կողմից, որ բոլորի համար էլ ընդունելի լինեն։ Բայց այսօր քանի դեռ ռազմական գործողություններն ընթանում են, անիմաստ է խոսել բանակցությունների մասին։

- Պարոն Պետրոսյան, իսկ ի՞նչ գործոններ են պետք, որ կրակը դադարի, կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Համենայնդեպս, Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը մեկ շաբաթ է՝ չի պահպանվում։

- Մինչեւ չներդրվեն մոնիթորինգային մեխանիզմները՝ որտեղից է եղել առաջին կրակը, ով է սկսել, ինչպես, անիմաստ է խոսել մեր հակառակորդի հետ հրադադարի կամ զինադադարի պայմանավորվածությունների մասին։ Այսինքն, երբ միջազգային հանրությունը կարողանա ասել, թե խախտումներն ում կողմից են, եւ որոշակի լծակներ ունենա՝ ազդելու խախտումներն իրականացնողների վրա։ Եթե այսքանը կարողանան ներդնել, մենք կարող ենք ասել, որ միջազգային հանրությունը կարողանում է զսպել Ադրբեջանին։

- Հիմա դառը իրականության հետ ենք առերեսվում, այդպիսի մեխանիզմներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություններն ի չիք դարձան, իսկ այսօր պատերազմը շարունակվում է, միջազգային հանրությունն էլ կարծես թե գործուն քայլեր չի  դրսեւորում կրակը դադարեցնելու, հակառակորդի նկատմամբ կոշտ վերաբերմունք դրսեւորելու ուղղությամբ։ Ո՞րը պետք է լինի մեր անելիքը։

- Նորից պիտի ասեմ, որ ամեն ինչ կախված է մեր զորքից, այսօր մեր տղաները կարողանում են փայլուն կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքը, չնայած հակառակորդը մի քանի անգամ լավ է զինված, քանակային առավելություն ունի եւ դրսից ներգրավել է ահաբեկիչ վարձկանների։ Տեղեր կան՝ նահանջել են, տեղեր կան՝ պահում են, պատերազմի վերջում ռեալ իրավիճակը կերեւա։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, այո, ես չեմ էլ կարծում, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ն ինչ-որ բան են կարողանալու անել, կարծում եմ, որ այստեղ մեծ է Ռուսաստանի դերակատարումը հենց նաեւ այն պատճառով, որ  ՌԴ-ն տարածաշրջանային հետաքրքրություններ ունի, կարծում եմ, որ համանախագահների հետ համաձայնեցնելով՝ Ռուսաստանը պետք է վճռական դերակատարում ստանձնի։

- Մինչ այս պահը մենք միայն հայտարարություններ եւ կոչեր ենք լսել, թեեւ նախօրեին հայտնի դարձավ, որ դիվանագիտական գործին միանում է նաեւ ՌԴ ռազմական գերատեսչությունը. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, շփման գծում հրադադար հաստատելու նպատակով, տարբեր հանդիպում-քննարկում-խորհրդակցություններ է ունենում տարբեր երկրների համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ, կոչով դիմում է կողմերին․ Դուք հապաղում չե՞ք նկատում մեր դաշնակիցների պահվածքում։

- Գործուն միջամտություն այն մակարդակով, ինչպես ես եմ պատկերացնում, այո, չեմ տեսնում։

- Ո՞րն է պատճառը, եւ ինչպիսի՞ միջամտություն պետք է լինի, ի՞նչ տեսքով։

- Պատճառների մասին խոսել չեմ կարող, շատ ավելի խորը ինֆորմացիաների պիտի տիրապետեմ, որ կարողանամ։ Ինչ-որ քայլեր, այդուհանդերձ, արվում են։ Իմ կարծիքով, մենք պետք է ավելի խորը եւ ինտենսիվ աշխատենք ՌԴ-ի հետ։ Եվրապառլամենտում բանաձեւեր են ընդունվում, բայց որքան էլ սա կարեւոր է, այդուհանդերձ, մենք պետք է կարողանանք Արցախի ճանաչման հարցն առաջնային դարձնել։