Ադրբեջանական մեդիան գոհ է մեր Հ1-ից եւ տարածում է Աննա Հակոբյանի գրառումները

Ադրբեջանական մեդիան գոհ է մեր Հ1-ից եւ տարածում է Աննա Հակոբյանի գրառումները

Ինչպես ասում  են՝ գողը որ տնից լինի, եզը երդիկից էլ կգողանան: Բավական է թերթել ադրբեջանական մեդիան եւ տեսնել, թե Հայաստանի ներսում ովքեր են գոհացնում մեր թշնամիներին, եւ ումից են դժգոհ նրանք: Վերջիններիս բավականին գոհացրել է Հ1-ի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը եթեր չտալը: «Հայաստանի Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքն ամբողջությամբ անտեսել է Խանքենդիի հանրահավաքը՝ ուղիղ եթեր չտալով հանրահավաքի վայրից»,- գրում են ադրբեջանցիները եւ հրապարակում «անջատողականների» կազմակերպած հանրահավաքի մասին իրենց հասած «տեղեկությունները»:

Ըստ դրանց՝ «մարդկանց պարտադրողաբար կամ 30-40 դոլարի դիմաց են բերում հանրահավաքի»։ Դե, քանի որ ադրբեջանցիներն իրենց ողջ կյանքում վաշխառությունից ու առեւտրից այն կողմ ոչ մի արժեք չեն ճանաչում, «հայրենիք», «տուն», «օջախ», «արժանապատվություն» հասկացությունները, բնականաբար, նրանց համար անհասանելի ու անհասկանալի են: 

Ուստի, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին ադրբեջանցիները դժվար կհասկանան: 

Իսկ Աննա Հակոբյանի գրառումները բավականին հեշտացնում են ադրբեջանական քարոզչամեքենայի գործը. բավական է դրանք մեջբերել, լայնորեն տարածել, եւ դրանով իրենց սրտի խոսքն արդեն հաստատված ներկայացնում են ընթերցողին, թե՝ տեսեք, նույնիսկ Փաշինյանի կինն է մեզ հետ համակարծիք: Հայ հասարակության շրջանում մեծ զայրույթ առաջացրած վերջին գրառումը ցիտում է ադրբեջանական ողջ մեդիան. «Ֆեյսբուքյան գրառմամբ Հակոբյանը հիշեցրել է 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Խանքենդիում իր հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառումների չեղարկման մասին։ Նա նշել է․ «Թվում էր, թե մեծահասակների կողմից երեխաների նկատմամբ ավելի եսասիրական վարքագիծն անհնար էր պատկերացնել: Հիմա այս նույն մեծահասակները նույն երեխաներին նվիրում են սրտաճմլիկ գրություններով պաստառներ, դնում տոնածառների առաջ ու նկարվում։ Ստիպում են արցունքներ պատճառող տեքստեր անգիր անել ու գրել, իրենց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում ու այս ամենը տարածում աշխարհով մեկ՝ խղճահարություն առաջացնելու համար, որպեսզի վրաններն ապամոնտաժվեն»,- գրել է Հակոբյանը»։ 

ՀԳ․ Հայաստանի երեսնամյա պատմության մեջ դեռեւս այդպիսի բան չի եղել, որ երկրի ղեկավարի կնոջ մտքերը, խոսքերը եւ քայլերն արժանանան ադրբեջանական մամուլի ուշադրությանն ու դրական վերաբերմունքին եւ միանգամայն համահունչ լինեն թշնամական երկրի քարոզչությանը: Բայց, ինչպես բոլոր հարցերում, Փաշինյանի ընտանիքն աննախադեպ է…