Արայիկ Հարությունյանը Ալիեւին բա՞ն է խոստացել

Արայիկ Հարությունյանը Ալիեւին բա՞ն է խոստացել

 Արդեն մի քանի ժամ է, ինչ համացանցում եւ ԶԼՄ-ներում քննարկվում է, որ ադրբեջանական կողմը պահանջում է Ռուբեն Վարդանյանի հրաժարականը: Իսկ Արայիկ Հարությունյանը, տեղի տալով այդ պահանջին, քննարկում է, թե ով է փոխարինելու Վարդանյանին: Վարդանյանն, ի պատասխան այս ամենի, գրառում կատարեց, որ ինքը  չի պատրաստվում հրաժարական տալ: Համացանցում այդ մասին տարբեր կարծիքներ են հնչում: Ոմանք քաջալերում են պետնախարարին՝ հրաժարական չտալ: Իսկ որոշ մարդիկ էլ կասկածամտություն են հայտնում, թե սա «Ռուսաստանից եկած օլիգարխին» հերոսացնելու էժանագին շոու է: Այս մարդկանց համար Վարդանյանը դրսի ուժերի պրոյեկտ է: Իսկ այդ դրսի ուժերը ամենատարբեր են՝ ռուսականից  մինչեւ անգլոսաքսոններ…Ոմանք էլ նեղսրտում են, թե պետք չէ Վարդանյանին հերոսացնել, քանի որ նա Մոնթե չէ…

Որպեսզի ավելի հեշտ հասկանանք, տվյալ գործիչը հայանպաստ է, թե՝ ոչ, կա քննության մի պարզ տարբերակ. պետք է տեսնել, թե ինչ վերաբերմունք ունի թշնամին՝ տվյալ դեպքում ադրբեջանական կողմը, տվյալ գործչի նկատմամբ: Եթե ադրբեջանցիները ատամներով պահում են Նիկոլ Փաշինյանի «լեգիտիմ» իշխանությունը եւ խիստ վրդովվում են, երբ Հայաստանում պահանջում են նրա հրաժարականը, ապա նշանակում է, որ Փաշինյանին պետք է շատ արագ «վնասազերծել»: Իսկ եթե ադրբեջանական կողմի համար որեւէ գործիչ անընդունելի է, ապա պետք է տվյալ գործչին «պինդ» պահել: Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը ի սկզբանե առաջացրեց ադրբեջանական կողմի բուռն զայրույթը: «Հրապարակը» բազմիցս անդարդարձել է, թե ինչպիսի կազմակերպված հակաքարոզչություն է իրականացնում ադրբեջանական մեդիան  Ռուբեն Վարդանյանի դեմ: Հրապարակվեցին հոդվածներ, որոնցում Վարդանյանին ներկայացնում են որպես նարկոբարոն, զենքի բիզնեսով զբաղվող, ֆինանսական կեղծարար, հարկերից խուսափող, փողեր լվացող, օֆշորներում իր թալանածը թաքցնող, մաքսանենգ եւ այլն: «Նրա ամբողջ երեսուն տարվա գործունեությունը որպես բանկիր և ֆինանսիստ վկայում է, որ նրա ավելի քան մեկ միլիարդ դոլար կապիտալը կուտակվել է դրամական միջոցների հանցավոր շրջանառության, կեղտոտ փողերի լվացմանը մասնակցելու, ինչպես նաև. որպես թմրամիջոցների և զենքի ապօրինի առևտուր» -գրում էին ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները:  

Նրանք վստահ են, որ Վարդանյանը ռուսական պրոյեկտ է, ասպարեզ է իջեցվել «ռուսական հատուկ ծառայությունների» կողմից: Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը գրեց. «Վարդանյան նախագիծը» մոդելավորել ու գործնականում իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները։ Իսկ դա Բաքվի համար կրկնակի տագնապալի է, քանի որ Մոսկվան ուշադրությամբ հետեւել է ղարաբաղցի հայերի հետ ադրբեջանական կողմի առաջին շփումներին։ Կառուցվեցին կամուրջներ, զարգացավ երկխոսություն, կազմվեցին ապագայի երկնային պլաններ։ Ղարաբաղահայությունը լրջորեն քննարկել և խորհել է ադրբեջանական հասարակությանը լիարժեք քաղաքացիների իրավունքներով վերաինտեգրվելու այլընտրանքի մասին։ Բայց միանգամայն անսպասելիորեն` բանակցային գործընթացի արանքում ռուսական հատուկ ծառայությունները գործարկեցին «Ռուբեն Վարդանյան» նախագիծը։ Եվ, իհարկե, այս նախագիծը նպատակ ուներ կոտրել ադրբեջանական խաղը…. Ադրբեջանը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա վերարտադրել 1990-ականների սկզբի սցենարը։ Վոլսկին, Քոչարյանը, Սարգսյանը և այլ քաղաքական շղարշներ մնացել են հրեշավոր պատմական քիմերայի փլատակների տակ»։

Սոչիում կայացած երկկողմ հանդիպմանն Ալիեւն առիթը բաց չի թողել եւ Պուտինին հայտնել է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու  կապակցությամբ։ Պուտինը պատասխանել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։ 

 Այս ամենը փաստում են, որ ադրբեջանական կողմը կարող է հայկական կողմից պահանջած լինել Ռուբեն Վարդանյանի հրաժարականը: Սակայն, զարմանալին այն է, որ այդ պահանջը դարձել է քննարկման ենթակա հարց, դրան ընդառաջ է գնում Արցախի նախագահը եւ Վարդանյանին փոխարինող է փնտրում:  Մինչդեռ Արցախի եւ Հայաստանի հասարակությունը չպետք է դա թույլ տա: 

 Հ/Գ Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ադրբեջանական մամուլում տեսանք հրապարակում, որտեղ գրված էր, որ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ուղիղ հայտնել է, որ նա պետք է ազատի զբաղեցրած պաշտոնը, եւ,  որ հրամանը կհրապարակվի վաղը…