Ինչ են քննարկել բժշկական կլաստերի առաջին նիստում

Ինչ են քննարկել բժշկական կլաստերի առաջին նիստում

«Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձեւավորված առանձին կլաստերների աշխատանքային խմբերն արդեն նիստեր են հրավիրում եւ քննարկումներ իրականացնում։

Օրեր առաջ տեղի է ունեցել արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը։ Երեկ էլ տեղի է ունեցել բժշկական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույց՝ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ 

Աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչները։ Ի դեպ, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկա չի եղել հանդիպմանը։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ «Հանդիպման յուրաքանչյուր ոլորտային ներկայացուցիչ հայտնեց իր կողմից ներկայացված բուհի եւ գիտահետազոտական կազմակերպության դիրքորոշումը՝ հանդիպման օրակարգում ներառված թեմաների վերաբերյալ: Մասնավորապես, յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից դիտարկվեց ինչպես բժշկական, այնպես էլ այլ կլաստերներում վերջիններիս ներգրավվածության նպատակահարմարության հեռանկարը, քննարկվեցին բժշկական կլաստերի կառուցվածքին առնչվող այլ հարցեր եւս: Բժշկական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախանշվեցին համատեղ աշխատանքներին առնչվող առաջարկների շրջանակը եւ հետագա համագործակցության ուղղությունները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ շարունակել աշխատանքը՝ հետագա գործունեության վերաբերյալ առաջարկներ եւ կարծիքներ ներկայացնելու ձեւաչափով»:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկմանը Բժշկական համալսարանից ներկա են եղել համալսարանի պրոռեկտորները, եղել է բովանդակային քննարկում մասնագիտական հարցերի շուրջ, ինչ վերաբերում է ակադեմիական քաղաք տեղափոխվել-չտեղափոխվելուն, ապա․ «Մեր դեպքում, ակադեմիական քաղաք տեղափոխվելու, միավորման մասին որեւէ քննարկում չի եղել»։ Բայցեւայնպես, նախատեսվա՞ծ են նման քննարկումներ, ինչին ի պատասխան՝ Շ․ Դանիելյանը նշեց, որ սա տեւական քննարկում պահանջող հարց է, հատկապես՝ Բժշկական համալսարանի մասով։  

Ակնհայտ է, որ այս դեպքում դրված է ոչ թե Բժշկական համալսարանը միավորելուն, այլ մյուս ինստիտուտները ԵՊԲՀ-ին միավորելու հարցը։ Այլ խնդիր է՝ այդ միավորումից հետո նոր կառույցը որտեղ է տեղ գտնելու՝ ակադեմիական քաղաքո՞ւմ, թե՞ մնալու է իր տեղում։