Արդյոք Ռուսաստանը Հայաստանում հեղափոխությո՞ւն է կազմակերպում

Արդյոք Ռուսաստանը Հայաստանում հեղափոխությո՞ւն է կազմակերպում

Փաշինյանը Ռուսաստանի իշխանություններին անընդհատ մեղադրում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ցանկության եւ անգամ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մեջ: Փաշինյանի տարբեր թիմակիցներ եւս անընդհատ պնդում են, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել՝ նպատակ ունենալով Հայաստանում հաստատել իր համար ընդունելի պրոռուսական ռեժիմ:

Դեռեւս անցած տարվա սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում էր իրականացնում, իսկ Փաշինյանի իշխանությունը լռելյայն հետեւում էր, թե ինչպես է 100 հազարից ավելի մարդ զրկվում իր հայրենիքից, սեփականությունից, իսկ շատերը՝ նաեւ կյանքից, Փաշինյանը արցախցիների տեղահանության մեղավոր եւ պատասխանատու հռչակեց նաեւ Ռուսաստանին: Փաշինյանը ինչպես այն ժամանակ ունեցած իր ելույթում, այնպես էլ իր վերջին ասուլիսում Ռուսաստանին մեղադրեց արցախցիներին տեղահանելու միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու մեջ. «Ինչի՞ համար․ որովհետեւ հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին եւ տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար, եւ նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ եւ չի կարող չտեսնել մինչեւ օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»: Այսինքն, Արցախը հայաթափել է ոչ թե Ադրբեջանը՝ այդ տարածքը հայերից ազատելու եւ իրենով անելու համար, այլ՝ Ռուսաստանը, որ արցախցիների դժգոհությունն օգտագործի ու Փաշինյանին զրկի իշխանությունից:

Ռուսաստանի իշխանությունները Փաշինյանի իշխանությունից դժգոհել են եւ այդ դժգոհությունը երբեք չեն թաքցրել՝ տարբեր մակարդակներով եւ գրեթե միշտ հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Բայց արդյո՞ք Ռուսաստանը փորձ է անում Հայաստանում իշխանության բերել իր կողմից վերահսկվող ուժերի կամ այստեղ փորձում է հեղափոխություն իրականացնել: Հայաստանի քաղաքական դաշտում դժվար է գտնել քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք, ունենալով պրոռուսական դիրքորոշում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում: Այդպիսի ուժ թերեւս կարելի է համարել «Միասին» շարժումը, որի անդամները հայտարարում են, որ իրենց նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է՝ դեմ արտահայտվելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզմանը եւ թշնամացմանը: Միայն թե դժվար է ասել, որ նրանց օգնում կամ օժանդակում է պաշտոնական Մոսկվան: Եթե Ռուսաստանն իսկապես աջակցեր «Միասին» շարժմանը, ապա Ռուսաստանը հաստատ կգտներ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ՝ այնպես անելու, որ շարժման հանրահավաքները լինեին ավելի մարդաշատ եւ տպավորիչ: 

Գուցե Փաշինյանը նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին կամ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՞ն, ովքեր Մոսկվայից հայտարարել են քաղաքական գործունեություն սկսելու մասին, խոսել են կուսակցություն ստեղծելու եւ իշխանափոխություն իրականացնելու մասին: Բայց այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն Ռուսաստանի իշխանությունների հետ, Փաշինյանն ի՞նչ ապացույցներ ունի, որ նրանք, հանդես գալով Ռուսաստանից, ուղղորդվում են ՌԴ իշխանությունների կողմից: Ոչ մի կոնկրետ ապացույց չկա, առնվազն դատարկ մեղադրանք է: Միակ ապացույցը նրանց՝ Մոսկվայում գտնվելն է, նաեւ այն, որ այդ մարդկանց կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել տեղի հայ գործարարները: Բայց եթե անգամ պարզվի, որ «Միասին» շարժման, Արշակ Կարապետյանի կամ Միհրան Պողոսյանի քաղաքական գործունեությանը ֆինանսապես օգնում են Ռուսաստանի հայ համայնքի որոշ մեծահարուստներ, միեւնույն է՝ անգամ դա հիմք չէ պնդելու, որ Ռուսաստանը Հայաստանում հեղափոխություն է ծրագրում եւ իրականացնում:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանի քաղաքականությունից եւ այդ քաղաքականության ողբերգական արդյունքներից դժգոհ են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերը, այլեւ աշխարհում սփռված միլիոնավոր մեր հայրենակիցներ: Նրանք, բնականաբար, կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել այն անհատներին եւ խմբերին, ովքեր պայքարում են Փաշինյանի ռեժիմի դեմ եւ ուզում են Հայաստանն ազատված տեսնել այդ ռեժիմից: Ի տարբերություն Հայաստանում ապրող հայ գործարարների, ովքեր պարտավորված են միլիոնների ֆինանսական աջակցություն տրամադրել բացառապես Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին, իսկ այլ որեւէ ընդդիմադիր կուսակցության աջակցությունը կդիտվի որպես հակաիշխանական քայլ, եւ նրանք ոչ միայն կզրկվեն ունեցվածքից, այլեւ ազատությունից, դրսում ապրող հայերն այդ հարցում ավելի պաշտպանված են, հետեւապես՝ եւ ազատ:

Իհարկե, Հայաստանի օրենսդրությունը, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքը, արգելում է կուսակցություններին՝ ֆինանսավորվել դրսի աղբյուրներից, բայց այդ օրենքը գործում էր նաեւ մինչեւ Փաշինյանի՝ իշխանության գալը, որը, սակայն, չխանգարեց Փաշինյանին ֆինանսական աջակցություն ստանալ այդ նույն ռուսահայ գործարարներից, ովքեր այն ժամանակ էլ ուզում էին Հայաստանն ազատված տեսնել Սերժ Սարգսյանի իշխանությունից եւ միամտաբար մտածում էին, որ ֆինանսապես աջակցելով Փաշինյանին՝ օժանդակում են իրենց հայրենիքի փրկության գործին: Եթե առաջնորդվելու լինենք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա իր կողմից իրագործված հակասահմանադրական հեղաշրջումը եւս ռուսական հետք ուներ, քանի որ իրեն եւս օգնել ու օժանդակել էին որոշ ռուսահայ մեծահարուստներ: Այդ մարդիկ երբեք հրապարակային չեն հայտարարի, թե որքան գումար են անձամբ կամ միջնորդավորված փոխանցել Փաշինյանին, որովհետեւ ամաչում են հիմա թեկուզ բարոյական պատասխանատվություն ստանձնել Փաշինյանի գործած չարագործությունների համար: Բայց պատրաստ են հիմա էլ օգնել Փաշինյանի դեմ պայքարող մարդկանց՝ հույս ունենալով, որ կսրբագրեն նախկինում գործած իրենց սխալները: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ուկրաինայի եւ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ընդունակ չէ գունավոր հեղաշրջումներ կազմակերպել եւ իրականացնել: Երբ դանակը հասնում է ոսկորին, Ռուսաստանը՝ իր շահերը պաշտպանելու համար, դիմում է բիրտ ուժի գործադրման, ինչի ականատեսն ենք եղել ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում: Հայաստանում Ռուսաստանն ունի այնպիսի ազդեցության լծակ, ինչպիսին ռուսական ռազմաբազան է, եւ ՌԴ իշխանությունները համոզված են, որ Հայաստանի նույնիսկ ամենահակառուս իշխանությունը չի կարող հաշվի չնստել այդ իրողության հետ, որովհետեւ ռազմաբազայի առկայության անտեսումը կամ դրա դեմ իրականացվող ցանկացած թշնամական գործողություն կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ, քան անգամ ոչ բռնի եւ թավշյա հեղաշրջման իրականացումը:

Ավետիս Բաբաջանյան