Varks.am-ի մասով տպավորությունս այն է, որ պոպուլիստական որոշում է կայացվել․ փաստաբան

Varks.am-ի մասով տպավորությունս այն է, որ պոպուլիստական որոշում է կայացվել․ փաստաբան

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն անդրադարձել է Varks.am-ի լիցենզիան դադարեցնելու կենտրոնական բանկի որոշմանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Վարկս էյ էմ-ի մասին - Անկեղծ չեմ հասկանում ԿԲ-ի մոտեցումը Վարկսի մասով, տպավորությունս այն է, որ պոպուլիստական որոշում է կայացվել: Եթե կանոնադրական կապիտալը համալրված չի եղել, ապա կասեցնեիք գործունեությունը և ժամանակ տայիք համալրելու: Եթե մի խումբ անձանց դժգոհություններն են եղել, ապա սա երկարաժամկետ կտրվածքով հարվածելու է ոչ միայն տնտեսական կյանքին, այլև եթե ես ներդնող լինեի շատ երկար կմտածեի մտնել հայկական շուկա թե ոչ, որտեղ որոշողը ոչ թե պետական կառույցներն են այլ փողոց փակողներն ու էմոցիոնալ փոքր զանգվածները:

Ցանկանում եմ հասկանալ նաև այն տրամաբանությունը, ըստ որի մեղավորը ոչ թե պայմանական ասած Վալոդն է, որը 150,000 դրամը վերցրել է ու մսխել է, շատ լավ իմանալով այդ 150,000 դրամի չափից ավելի մեծ արժեքը, այլ 150,000 դրամ տվողը: Ի վերջո որքան ես հիշում եմ առաջարկ-պահանջարկը դեռ ոչ ոք չի փոխել: Չեք ցանկանում, որ Վալոդը տունը կորցնի փոխեք կառավարության որոշումը և չբռնագանձվող տան արժեքի չափը մեծացրեք, բայց հարգելիներս մի սպանեք կայացած բիզնեսը, ի վերջո նաև այդ բիզնեսի շնորհիվ է տնտեսական ակտիվություն լինում: ԵՎ խնդրում եմ ինձ մի հակադարձեք, որ հայերը չեն հասկանում թե ի՞նչ են անում: Այն հայերը, որոնց մասին մեր մեծերը՝ Թումանյանը, Արծրունին, Նազարյանցը և այլոք ասել են, որ աչքդ թեքես շալվարդ վրայիցդ կտանի:

Այս տրամաբանությամբ հաջորդը ո՞վ է լինելու, քանի որ Վարկս էյ էմ-ի նման բազմաթիվ այլ ընկերություններ էլ կան:

Ի վերջո ժամանակն է կողմնորոշվելու, կամ դո՛ւք պաշտպանում եք ողջ ժողովրդի շահերը, որի ժամանակ կարող են տուժել մանր խմբերի շահերը, կամ դո՛ւք փորձում եք պաշտպանել այդ մանր խմբերի շահերը, որի արդյունքում միանշանակորեն տուժելու է ողջ ժողովուրդը»: