Ի՞նչ փոփոխություններ են արվել դասագրքերի ստեղծման գործընթացում 

Ի՞նչ փոփոխություններ են արվել դասագրքերի ստեղծման գործընթացում 

ԿԳՄՍ նախարարությունն անցած տարվա սեպտեմբերին հայտարարեց դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար: Տարրական դասարանների ու ավագ դպրոցի համար դասագրքերի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 3-ն ու ապրիլի 5-ն է, որից հետո պետք է սկսվի փորձաքննության գործընթացը:

Հիշեցնենք, որ անցած տարի դասագրքերի մրցույթը նոր ձեւաչափով առաջին անգամ էր անցկացվում, եւ, դրանով պայմանավորված, բազմաթիվ խնդիրներ առաջացան: Նոր ուսումնական տարին մեկնարկեց առանց նոր դասագրքերի, իսկ դպրոց մտած որոշ դասագրքեր էլ մեծ աղմուկի տեղիք տվեցին։

Բարդ ընթացակարգերով մեկնարկած դասագրքերի մրցույթը փաստի առաջ կանգնեցրեց դպրոցներին ու աշակերտներին։ Եվ միայն 2-3 ամիս անց հնարավոր եղավ տպագրված դասագրքերի խմբաքանակները բաշխել հանրակրթական դպրոցներին։ Զուգահեռաբար, մեծապես քննարկվեց ու քննադատվեց նաեւ ԿԳՄՍՆ-ի երաշխավորությունը ստացած մի շարք դասագրքերի բովանդակությունը:  

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասում է` հաշվի առնելով անցած տարվա փորձառությունը, այդ թվում` քննադատությունները, այս տարի շատ բան են փոխել դասագրքաստեղծ գործընթացում։ «Ամբողջ գործընթացը փոխվել է: Իրարից բաժանվել են փորձաքննության փուլերը: Նախ՝ մասնագիտական հանձնաժողովը դասագրքի գնման վերաբերյալ ամբողջությամբ ուսումնասիրելու է հայտը, այնուհետեւ այն գնալու է համապատասխան ակադեմիական կառույցներ` գիտականության եւ չափորոշչին համապատասխանության գնահատման համար, որտեղ պարտադիր պայման է դրվել, որ գիտականության գնահատումը պետք է անեն տվյալ բնագավառում թեկնածուի կամ դոկտորի կոչում ունեցող մարդիկ: Դրանից հետո յուրաքանչյուր բնագավառի յուրաքանչյուր առարկայի չափորոշիչը մշակած խմբի անդամը պետք է ներգրավված լինի, որ գնահատի համապատասխանությունը չափորոշչին: Այս 2 պայմաններին համապատասխանելու դեպքում նոր դասագիրքը պետք է գնա առարկայական ու բովանդակային գնահատման փուլ, որտեղ պետք է դիտարկվեն մանկավարժական, մեթոդական հարցեր, առաջադրանքների բովանդակությունը, հոգեբանի կողմից` տարիքին համապատասխանությունները, լեզվական բաղադրիչը` շարադրանքն ու լեզվին համապատասխանությունը»,- ասում է Թ. Սարգսյանն ու ընդգծում, որ ամեն փուլից հետո նախատեսվում է որոշակի շտկման հնարավորություն։

«Այսինքն՝ փուլը վերջացավ, եւ եթե անգամ դասագիրքը գիտականության շեմը հաղթահարել է, բայց կան որոշակի դիտարկումներ, դասագիրքը գնում է հեղինակին, շտկումներ են արվում, նոր հետո անցնում է հաջորդ փուլ: Բովանդակային դիտարկումներից հետո հեղինակը փոփոխություններն անում է, դրանից հետո նայում են նկարիչներն ու հիգիենիստները, այս բոլոր փուլերը հաղթահարելուց հետո նոր դասագիրքը հաստատվելու է: Նախկինում մենք ունեինք մեկ հանձնաժողով, որտեղ ընդգրկված էին ուսուցիչը, մեթոդիստը, հոգեբանը, բժիշկ-հիգիենիստը եւ նկարիչը։ Այս հանձնաժողովն իրարից առանձնացրել ենք, որ կարողանանք փուլերով անել այդ գործը եւ դրանով նաեւ պակասեցնենք միմյանց վրա ազդեցությունները, հնարավոր ճնշումները»,- ասում է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ու եւս մեկ անգամ նշում, որ փորձագետներին ներկայացվող պահանջները խստացրել են, այսուհետ գիտության աստիճան է պահանջվում, մինչդեռ նախկինում բավարար էր, որ փորձագետը լիներ ուսուցիչ եւ տվյալ առարկայից 7 տարվա աշխատանքային փորձ ունենար: 

Եթե նախորդ տարվա դասագրքերի մրցույթից դժգոհությունները շատ էին, այդ թվում՝ նաեւ ժամանակի սղությամբ պայմանավորված, ապա այս տարի դեռեւս ոչ մի դժգոհություն չկա, քանի որ, ըստ նրա, տրված ժամանակը բավականին շատ է` 7 լիարժեք ամիս: Իսկ թե իրականում ինչպես կզարգանան գործընթացները հաջորդիվ` ցույց կտա ժամանակը: