Ես տեղյակ էլ չեմ, որ Ծառուկյանի տունը խուզարկում են․Վազգեն Պողոսյան

Ես տեղյակ էլ չեմ, որ Ծառուկյանի տունը խուզարկում են․Վազգեն Պողոսյան

ԱԱԾ-ն վաղ առավոտից Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում։ Մենք տեղեկացանք, որ ինչ-որ փաստաթուղթ են փնտրում, որը կապ ունի Հայաստանում հայտնի շինարար, նախկինում ԲՀԿ-ի կողմից Մարտունիում պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Պողոսյանի հետ։ Նշենք, որ Պողոսյանը շինարարների միության նախագահ, ճարտարապետության եւ շինարարության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ միասին անցնում էր նաև Քաղշին կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով։

Մենք կապվեցինք Պողոսյանի հետ։ Նա ասաց, որ նոր է իմացել, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում։ Հարցրինք՝ ի՞նչ կապ ունի ինքը այս խուզարկության հետ, ի՞նչ փաստաթուղթ են փնտրում։

«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ես տեղյակ էլ չեմ, որ Ծառուկյանի տունը խուզարկում են, մի րոպե առաջ իմացա»,-ասաց նա։ Նա նաև ասաց, որ իրավապահ մարմիններից այս օրերին իրեն չեն դիմել, որևէ հարցով չեն անհանգստացրել։

Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենք Մարտունիում Վազգեն անունով մի թեկնածու են ունեցել, այդ թեկնածուն ընտրությունների ժամանակ ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել, գումար է տվել և այլն, և հիմա ԱԱԾ-ականները դա են փնտրում։ Պողոսյանը, սակայն, ասաց, որ ինքը Մարտունիում ԲՀԿ-ից թեկնածու եղել է 2012-13 թվականներին, ոչ թե 2017 թվականին։

Հարցին՝ իր կողմից այդ ժամանակ ֆինանսական ինչ-որ հարցեր եղե՞լ են, օրինակ՝ փող բաժանել և այլն, Պողոսյանն ասաց․ «Բայց ես ինչո՞ւ Ձեզ հեռախոսով պիտի պատասխանեմ, երբ չգիտեմ՝ Դուք ով եք, ամեն մարդ կարող է ինձ զանգել հարցնել, հո ես պարտավո՞ր չեմ պատասխանել»։