Մեր նպատակն է՝ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը․ գեներալ-մայոր Արմեն Հարությունյան

Մեր նպատակն է՝ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը․ գեներալ-մայոր Արմեն Հարությունյան

«Արցախ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է՝ «Մենք  պատրաստ ենք օգնել սահմանապահներին, մենք հայրենասերներ ենք  և պատրաստ ենք պաշտպանել հայրենիքը»։

Թեմայի շուրջ զրուցել ենք գեներալ- մայոր Արմեն Հարությունյանի հետ։

«1992-93 թվականներին՝ արցախյան պատերազմի ժամանակ, ինչպես գիտեք պատերազմին մասնակցել են նաև Ռուսաստանից եկած կազակներ։ Ես էլ, քանի որ տանկի հրամանատար էի, իրենց հետ միասին եմ եղել մարտերում։ Այդ տարիներին էր, երբ նրանք ինձ առաջարկեցին, որ ես էլ մտնեմ իրենց կազակական միության մեջ։ Ես համաձայնեցի, այդ ժամանակ ռուսական բանակի ենթասպա էի։ Իրենց կողքին զինվորական կոչումս բարձրացավ մինչև գնդապետի։ Վերջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ վիրավորվել էի, նրանք Ռուսաստանից եկան ինձ այցելության և առաջարկեցին Արցախում բացել կազակական միություն։ Համաձայնեցի, բայց և ասացի, որ մերը պետք է լինի՝ հայկականը։ Պայմանագիր կնքեցի 12 գեներալների հետ, որոնից 4-ը հայաստանցի են, մի քանիսը ռուսաստանցի։ Թույլատրություն վերցրեցի նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից, որը համաձայնեց և հավանություն տվեց մեր նախաձեռնությանը՝ գտնելով, որ պետք է ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում ճիշտ գնահատել և օգտագործել, որպեսզի Արցախի ժողովրդին այս վիճակից հանենք։ Նախագահի համաձայնությամբ և Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ բացվեց «Հայ-ռուսական կազակական միավորման Արցախի Հանրապետության միավորումը»,- մեզ հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
 
Վերջինիս խոսքով, անդամագրվողների թիվն անընդհատ ավելանում է։ Այս պահին ունեն 120 անդամ՝  սկսած 20 տարեկանից մինչև 60։ Նրանցից դեռ 75-ն են ստացել  վկայականներ։ 120 անդամագրվածներից մոտ 45-ը կանայք են։ Բոլոր անդամագրվողները տարբեր ոլորտներից են։

«Մեր աշխատանքները մյուսների նման չենք գցում ֆեյսբուքները, կամ բարերարների ման գալիս։ Մենք ունենք մեր հաշվեհամարը, ովքեր տեսնում կամ նկատում են՝ օգնում։ Չէ, մենք լուռ ենք աշխատում և անձնվիրաբար։ Բայց, խնդրանքս է ողջ հայությանը՝ անկախ ապրելու վայրից, մեզ հետ կապի մեջ լինեն, օգնեն ինչով, որ կարող են, որպեսզի ոտքի կանգնեցնենք մեր վիրավոր ու հզոր Արցախը։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ենք սկսել մեր գործունեությունը, բայց այս 4 ամիսների ընթացքում նկատելի են մեր աշխատանքները։ Մեր միակ նպատակը  ռուս խաղաղապահների հետ համագործակցության շրջանակներում՝ փրկենք Արցախի  ժողովրդի կյանքը։ Ոչ Ալիևն ունի իրավունք քիթը խոթելու Արցախի գործերի մեջ, ոչ էլ՝ Փաշինյանը։ Այստեղ Ռուսաստանն է որոշելու՝ որն է սևը, որը՝ սպիտակը։ Մեր միակ նպատակն է՝ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը, և հետո աշխարհին ստիպենք ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշումը»,-ասաց Արմեն Հարությունյանը։

Գեներալ-մայորի խոսքով, ամռանն Արցախում նախատեսում են բացել ճամբարներ, որտեղ կհանգստանան հայաստանցի և արցախցի երեխաները, ինչպես նաև  Արցախում գտնվող ռուսական համայնքի երեխաները, որոնց անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները:

«Մենք ունենք պայմանավորվածություններ ռուս խաղաղապահների հետ, որոնք երաշխավորում են ապահովել ճամբարում հանգստացող երեխաների անվտանգությունը: Մեր նախաձեռնությամբ արդեն պատրաստվում են ուսուցիչ- ջոկատավարները:Դպրոցներում էլ կազմակերպում ենք հայրենասիրական դասընթացներ, որտեղ մեր դպրոցահասակ երեխաների հետ զրուցում ենք ռազմագիտական թեմաների շուրջ և ոգեշնչում հայրենասիրական ոգով մտածել ու պաշտպանել իրենց տունն ու հայրենիքը»,-ասաց գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: